36 տարիները փաստերով, պատմություններով, ազդեցությամբ ու պատասխանատվությամբ

36 տարի է արդեն Արմավիրի մարզում իր գործունեությունն է ծավալում «ԱԼՏ» Հեռուստաընկերությունը։ Փոքրիկ նախապատմություն՝ հիմնադրվել է 1989թվ-ին, իսկ 94-ից սկսել է ամենօրյա լրատվական ծրագիրը։

90-ականներին, հաղթահարելով մութ ու ցուրտ տարիների ճգնաժամը և ունենալով նվազագույն տեխնիկական միջոցներ, կարողացել է տեղեկատվություն ապահովել ինչպես մարզի տարածքից, այնպես էլ՝ պատերազմի դաշտից։ Իսկ արդեն 2000-ական թվականներին «ԱԼՏ»-ը կայացած և զարգացող ընկերություն էր, որը տեխնիկապես զինված էր, ուներ պատրաստված աշխատակազմ և սեփական դեմք։ 

«ԱԼՏ» ՀԸ հիմնադիր, տնօրեն Խաչիկ Դանիելյանի խոսքով, երբ նպատակը լսարանի շահերի պաշտպանությանն էր վերաբերում, ապա ջանք խնայել պետք չէր և, չնայած բոլոր դժվարություններին, պետք էր աշխատել օրը 24 ժամ, լինել բոլոր այն վայրերում, որտեղ քաղաքացին քո կարիքն ուներ։ Այսպիսով, լուսաբանելով մարզում առկա բոլոր խնդիրներն ու իրադարձությունները, հեռուստաընկերությունն ապահովում էր ոչ միայն օրական 7-անգամյա «Մունետիկ» լրատվական թարմացված թողարկումները, այլև շաբաթական 1 անգամ պարբերականությամբ ուղիղ եթերում իրականացնում էր «Բազմակետ» հաղորդաշարը, որը տարբեր կողմերի ներգրավմամբ քննարկում էր օրակարգային խնդիրները, ուղիղ հեռախոսակապով պատասխանում լսարանի հարցերին։ Հեռուստաընկերության ամենշաբաթյա «Ագրոբիզնես» վերլուծական հաղորդաշարն անդրադառնում էր մարզի գյուղատնտեսական խնդիրներին, տեղեկատվություն տրամադրում տարբեր մարզերում գյուղմթերքի վաճառքի գների մասին։ «Տեղական ինքնակառավարում» հաղորդաշարը շաբաթական մեկ անգամ պատմում էր ՏԻՄ աշխատանքների, բացթողումների, բնակչությանն անհանգստացնող հարցերի և ավագանու նիստերի օրակարգային հարցերի մասին։ Հեռուստաընկերությունն ուներ նաև մշակութային ու ժամանցային մի շարք ծրագրեր, որոնք միտված էին երիտասարդների ու փոքրիկների ժամանակն ավելի հետաքրքիր դարձնելուն։ «Ուր գնալ սովորելու» կրթական ծրագիրը բացահայտում էր Հայաստանում տարբեր բուհերում կրթություն ստանալու հնարավորությունները։ Երաժշտական և հումորային ծրագրերը փորձում էին հեռուստադիտողին տրամադրություն ապահովել։ 

Տեղական և պետական ընտրությունների շրջանում հեռուստաընկերությունն ակտիվ լուսաբանում էր թեկնածուների և կուսակցությունների նախընտրական ծրագրերը, ներկայացնում քաղաքացիների պահանջները, ոււսումնասիրում քաղաքական կուսակցությունների խոստումների իրագործելիությունն ու արդյունավետ աշխատանքը, իսկ նախընտրական քարոզարշավների ընթացքում ապահովում հեռուստաբանավեճեր թեկնածուների և կուսակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, որպեսզի քաղաքացին առավել լավ ճանաչեր և ծանոթանար քաղաքական գործիչների կողմից առաջարկվող ծրագրերին ու անելիքներին։

Այսպիսով, երկար տարիներ լինելով եթերում, 2021 թվ-ին հեռուստաընկերությունը մասնակցեց թվային հեռարձակման մարզային լիցենզիայի մրցույթին։ Այդ ընթացքում հեռուստաընկերությունը շարունակում էր մեծ վերելք ապրել և բնագավառով սկսեցին հետաքրքրվել շատերը։ Բնագավառը բաժանվեց երկու մասի՝ յուրայինների և ոչ յուրայինների։ Հավանաբար հենց այդ պատճառով էլ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշեց հաղթող չճանաչել «ԱԼՏ» Հեռուստաընկերության ներկայացրած հայտը, որը բավարարում էր մրցույթի բոլոր պահանջները։ Ինչևէ, ընկերության անձնակազմը ղեկավարության գլխավորությամբ չկոտրվեց ու չնահանջեց, այլ շարունակեց աշխատանքներն արդեն գործող www.alttv.am կայքում, որը հանդիսանում էր հեռուստաընկերության տեղեկատվության տարածման այլընտրանքային միջոցը։ Մեդիահարթակը, որտեղ պարբերաբար հրապարակվում են հետաքննական, վերլուծական ու բացատրական հոդվածներ, վերաբերում են Արմավիրի մարզի գյուղատնտեսական, բնապահպանական, տեղական ինքնակառավարման, առողջապահական, կրթական ու տարբեր ոլորտներում առկա խնդիրներին, դրանց լուծման հնարավորություններին, գրանցված հաջողություններին ու ձեռքբերումներին։ Իսկ վերջին տարիներին լրատվական թիմն առավել մեծ ուշադրություն է դարձնում կլիմայի փոփոխություններին և հարմարվողականության թեմաներին, որն առավել քան կարևոր է գյուղատնտեսական համարվող Արմավիրի մարզում։ Ուսումնասիրում ենք հարմարվողականության գործիքները, միջազգային փորձը, մասնագետների կանխատեսումները, որպեսզի գլոբալ տաքացման պայմաններում գյուղացիական տնտեսությունների համար փոխանցվող տեղեկատվությունն առավել մատչելի և հասնելի դարձնենք։

«ԱԼՏ» Հեռուստաընկերությունն առցանց մեդիա հարթակում կշարունակի իր աշխատանքը՝ հավատալով, որ իր առաքելությունը կարևոր է, անհրաժեշտ ու գնահատված։

Շնորհակալություն մեր լսարանին՝ մեզ ուժ, հավատ ներշնչելու և վստահելու համար։

Made on
Tilda