«Տարածաշրջանի կայուն զարգացում» հասարակական կազմակերպությունը հիմնադրվեց 2021թ․ դեկտեմբերի 21-ին։ Հաշվի առնելով մարզի բնապահպանական և գյուղատնտեսական բազմաթիվ խնդիրները, որոնք ուղիղ ազդեցություն ունեին մարզի բնակչության առողջության վրա, մենք հանձն առանք հետևողական ու ջանասիրաբար աշխատանքներ ծավալել հենց այս բնագավառներում։ Այստեղ բնականաբար անմասն չէր կարող մնալ ՏԻ մարմինների աշխատանքների նկատմամբ հետևողականությունը, քանի որ վերը նշված երկու ոլորտներն ուղիղ առնչություն ունեին նաև ՏԻՄ ոլորտի հետ։ Այսպիսով, կարևորելով այս 3 ոլորտները, կազմակերպությունն իր վրա պարտավորություն վերցրեց հետևել, ինչու չէ նաև հսկողութուն սահմանել ինչպես էկոլոգիական խնդիրների, այնպես էլ՝ ՏԻՄ աշխատանքների նկատմամբ։ Բայց սա չէր նշանակում, որ կազմակերպության թիմի ուշադրության կենտրոնից դուրս էին մնալու Արմավիրի մարզի մյուս ոլորտների և բնագավառների խնդիրները, օրինակ՝ խոցելի և մարգինալացված խմբեր, ազգային փոքրամասնություններ, Արցախից տեղահանվածներ, քաղաքաշինություն, առողջապահություն, կրթություն և մեդիագրագիտություն։
Եվ այսպես, «Տարածաշրջանի կայուն զարգացում» հասարակական կազմակերպությունը 4 տարիների ընթացքում իր գործունեությունը ծավալեց Արմավիրի մարզում և ակտիվ աշխատանքներ իրականացրեց նշված բոլոր ոլորտներում ու բնագավառներում՝ բարձրացնելով բոլոր այն խնդիրներն ու հնարավոր լուծումների ճանապարհները, որոնք կնպաստեին ազգաբնակչության մասնակցայնության ակտիվությանը, տեղեկացված լինելու իրավունքին և կյանքի որակի բարելավմանը։
Հաշվետու լինելով իր շահառուների նկատմամբ՝ թվարկենք այն նախագծերը, որոնք իրականացվել են «ՏԿԶ» ՀԿ-ի կողմից մարզի ազգաբնակչության, ինչպես նաև կազմակերպության թիմի կարողությունների զարգացման նպատակով։
«Աջակցություն բաց, հաշվետու և մասնակցային կառավարմանը» ծրագիրը, որը նպատակ ուներ խթանել մարզի հասարակության տեղեկացվածության մակարդակի բարձրացմանը՝ կապված ՏԻՄ գործառույթների և մասնակցային կառավարման հետ։ Ծրագրի նպատակն էր նաև պարզել ՏԻՄ աշխատանքի համապատասխանությունը ՏԻՄ օրենքի պահանջներին։ Կատարվեց Արմավիրի մարզի 7 միավորված համայնքների պաշտոնական կայքերի ուսումնասիրություն և պատրաստվեց զեկույց, որը հրապարակվեց գործընկեր՝ www.alttv.am կայքում և սոցիալական հարթակներում։ Միևնույն ժամանակ, զեկույցն ուղարկվեց ՏԿԵ նախարարություն, Արմավիրի մարզպետի աշխատակազմ և 7 միավորված համայնքների ղեկավարներին։ Պետք է նշենք, որ վերը նշված կառույցների ղեկավարները հետամուտ եղան զեկույցում արտացոլված խնդիրներին և այդուհետև մեր կողմից կատարված մշտադիտարկման արդյունքները խոստումնալից էին։ Միաժամանակ, բնակիչների իրազեկվածության մակարդակի բարձրացման նպատակով իրականացվեց տեղեկատվական արշավ սոցիալական հոլովակների միջոցով, պատրաստվեց 2 մուլտիմեդիա բովանդակություն՝ ուսումնասիրությունից առաջ և մշտադիտարկումից հետո արդյունքների գնահատման նպատակով։ Այս ծրագիրն իրականացվեց «Տարածաշրջանի կայուն զարգացում» ՀԿ-ի կողմից՝ «ՀԿ Կենտրոն» ՔՀԶ ՀԿ-ի CSOs4SLD ծրագրի շրջանակներում տրված փոքր դրամաշնորհով՝ «Քաղաքացիական հասարակության հզորացում ԱլԳ երկրներում» ծրագրի ներքո, որը ֆինանսավորվում էր Գերմանիայի կառավարության և Եվրոպական միության (ԵՄ) կողմից:
«Տարածաշրջանի կայուն զարգացում» հասարակական կազմակերպությունն իրականացրեց «Արցախից բռնի տեղահանվածների ինտեգրում և համայնքային համախմբում» ծրագիրը, որի հիմնական նպատակն էր կարողությունների զարգացման միջոցով խթանել սոցիալական միասնությունը և համայնքային ներգրավվածությունը տեղական համայնքների և Արցախից ներգաղթածների միջև (լինկ): Բացի հիմնական նպատակից, ծրագիրը նպատակ ուներ նաև՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանված քաղաքացիներին հնարավորություն տալ դառնալու իրենց ընդունող համայնքների ակտիվ մասնակիցները՝ խթանելով պատկանելության և ներառականության զգացումին, բարձրացնել տեղական ինքնակառավարման մարմինների կարողությունները տեղահանված արցախցիների կարիքները հոգալու և ինտեգրմանը խթանելու համար, ամրացնել կամուրջները ՏԻՄ-երի և Արցախից տեղահանված քաղաքացիների միջև՝ հեշտացնելով համագործակցությունն ու փոխըմբռնումը: Այս նպատակներին հասնելու համար «ՏԿԶ» ՀԿ-ի թիմն աշխատեց Արմավիրի մարզպետի աշխատակազմի, միավորված համայնքների ղեկավարների և աշխատակազմի, սոցիալական աշխատողների հետ, և Արմավիրի մարզի 7 համայնքների 85 բնակավայրերում դասընթացների միջոցով փորձեց ամրապնդել ԼՂ բռնի տեղահանված ընտանիքների գիտելիքներն ու նպաստել իրենց բնակավայրում ավելի արագ ինտեգրվելու գործընթացին։ Սույն նախաձեռնությունն իրականացվում էր «Տարածաշրջանի կայուն զարգացում» ՀԿ-ի, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) «Դիմակայունություն բոլորի համար» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում էր Նորվեգիայի Արտաքին գործերի նախարարության կողմից և իրականացվում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համագործակցությամբ։
«Ձգտում ավելի լավ ապագայի. համայնքների և քաղաքացիական հասարակության դիմակայունություն Հայաստանում» («STRIVE») ծրագրի՝ «Կազմակերպական մոդելների ինովացիա» (ԿՄԻ) բաղադրիչի շրջանակներում «ՏԿԶ» ՀԿ-ին հնարավորություն տրվեց իրականացնելու կարողությունների զարգացման ծրագիր։ Նշենք, որ «STRIVE» ծրագրի նպատակն էր՝ բարելավել հայաստանյան ՔՀԿ-ների կայունությունը, հաշվետվողականությունը և նորարարական կարողությունները՝ հնարավորություն տալով առանցքային դեր ունենալ իրազեկման բարձրացման և ժողովրդավարության ամրապնդման գործում։ «STRIVE» ծրագիրը համաֆինանսավորվում էր Եվրոպական միության կողմից։ Այն իրականացնում էր ՆԵՖ Բելգիան (NEF Beljium)՝ համագործակցությամբ չորս գործընկեր կազմակերպությունների՝ «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների աջակցության կենտրոն ՀԿ, «ԲԼԵՋԱՆ» բնապահպանական, սոցիալական, բիզնեսի աջակցության ՀԿ, «ՎԻՆՆԵԹ Գորիս» զարգացման հիմնադրամ և «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ։
Նշանակալի ծրագրերից էր Պրահայի քաղաքացիական հասարակության կենտրոնի ֆինանսավորմամբ իրականացվող «Օգնություն Արմավիրի մարզի բնակիչներին՝ օրենսդրական ակտերի ընդունման միջոցով ունենալու անվտանգ խմելու ջուր» ծրագիրը, որը համաֆինասավորվում էր նաև Չեխիայի Նեսեհնուտի Բրնո կազմակերպության կողմից։ Ծրագրի նպատակն էր վեր հանել և աջակցել Արմավիրի մարզի բնակչությանը՝ ունենալու խմելու համար պիտանի և որակյալ խմելու ջուր։ Գաղտնիք չէ, որ Արմավիրի մարզում 2 տասնյակից ավելի տարի է, ինչ քաղաքացիները խմելու ջուրը գնում են շրջիկ ավտոցիստեռներից կամ ստացիոնար կետերից, որը բերվում է Թալինից։ Արմավիրցիներն ասում են՝ մատակարարվող ջուրը խմելու համար պիտանի չէ և առողջության համար վտանգավոր։ «ՏԿԶ» ՀԿ թիմն իրականացրեց խմելու ջրի որակի ստուգում, որի ավարտից հետո հանդիպումներ և քննարկումներ ծավալեց համապատասխան գերատեսչությունների հետ և հանդես եկավ խնդրի կարգավորման կարճաժամկետ ու երկարաժամկետ առաջարկություններով։
Շատ նախագծեր մեկնարկեցին 2025թվ-ին։ Դրանցից է «Իրավունքի և հնարավորությունների հզորացման ուղի» ծրագիրը, որը նպատակ ուներ կլիմայի փոփոխությունների պայմաններում զարգացնել «ՏԿԶ» ՀԿ թիմի կարողությունները, որպեսզի կազմակերպությունն իր կողմից ծավալած աշխատանքներում գործի ավելի պրոֆեսիոնալ ու արդյունավետ։ 7 ամիսների ընթացքում մեր աշխատակիցները գլոբալ փոփոխությունների դեմ պայքարի և հարմարվողականության համատեքստում անցան բազմաթիվ դասընթացներ։ Ստացան մասնագիտական գիտելիքներ, իրականացրեցին գործնական ու փորձարարական աշխատանքներ։ Ծրագրի իրականացումը հնարավոր էր դարձել «Մարդը կարիքի մեջ» ԲՀԿ Հայաստանյան ներկայացուցչության շնորհիվ։
Շարունակական ծրագրերի շարքում են՝ «Բացահայտելով Արտաշարի թունավոր ճշմարտությունը՝ կոյուղաջրերի և ոռոգման միջնագծում» նախագիծը։ Այստեղ գյուղացիները ոռոգումն իրականացնում են կենցաղային կեղտաջրերով։ Ջրատարն անցնում է գյուղի միջով։ Բացի այն, որ գյուղացիները մշակությունն իրականացնում են կոյուղաջրով, նաև ստիպված են ամեն օր տեսնել ու շնչել կեղտաջրերից բխող գարշահոտը։ Գյուղացիների հետ հանդիպումների, քննարկումների և ուսումնասիրությունների արդյունքում փորձեցինք հասկանալ խնդրի լուծման հնարավոր տարբերակները։ Արտաշարցիներն ասում են, որ գյուղում չգործող խորքային հորեր կան, դրանց վերագործարկումը կլինի իրավիճակի փրկությունը և կոյուղաջրերից հնարավոր վարակներից խուսափելու լավագույն տարբերակը, քանի որ նրանք ոռոգման սեզոնի ընթացքում ստիպված են շփվել կեղտաջրերի հետ և շնչել այդ հոտը, ինչն առավել վտանգավոր է դառնում երեխաների և ծերերի համար։
«Մեղրոտ ճանապարհ» ծրագիրն իրենից ներկայացնում է լայնածավալ ուսումնասիրություն Արմավիրում գործող ֆերոմոլիբդենի գործարանի աշխատանքի, արտանետումների ու սահմանված նորմերի մասին։ Արմավիրցիներից շատերն իրենց մտահոգությունն էին արտահայտել գործարանից դուրս եկող ծխի ու դրա հետևանքների մասին։ Քաղաքացիները պնդում էին, որ ծխի առկայության պարագայում ունենում են շնչառական խնդիրներ, սրտխառնոց ու այլ տարօրինակ զգացողություններ։ Մենք սկսեցինք իրականացնել ոչ միայն ուսումնասիրություններ գործարանի և արտադրանքի վերաբերյալ, այլև տեղական և պետական կառավարման մարմինների ուշադրությունը հրավիրեցինք խնդրի բացահայտման և կարգավորման ուղղությամբ։ Համագործակցության արդյունքում ունեցանք մեծ հաջողություն, մասնավորապես՝ բնակիչների առողջության համար վտանգ չներկայացնող գործարան, որի վերաբերյալ զեկույցը մուլտիմեդիա բովանդակության տեսքով կներկայացվի շատ շուտով։
«Առողջության և շրջակա միջավայրի ազդեցության քարտեզագրում» ծրագիրը, որը «ՏԿԶ» ՀԿ-ն իրականացնում է համագործակցությամբ «Արվեստարան» հասարակական կազմակերպության հետ, թերևս կարևորագույն նշանակություն ունի ինչպես երկու կազմակերպությունների, այնպես էլ մարզի ազգաբնակչության համար։ Ծրագրի նպատակն է՝ քարտեզագրել Արմավիրի մարզի մթնոլորտ վտանգավոր նյութերի արտանետումները և մասնագետների ներգրավմամբ գտնել կապը աղտոտված շրջակա միջավայրի և բնակիչների առողջության միջև։ Մյուս նպատակն է՝ նվազագույնի հասցնել Արմավիրի մարզի շրջակա միջավայրի բացասական ազդեցությունը բնակիչների առողջության վրա։ Ծրագրի շրջանակներում կգնահատվի իրավիճակը և կքարտեզագրվի Արմավիրի մարզի մթնոլորտի, հողի, ջրի աղտոտման աղբյուրները և աղտոտվածության մակարդակը։ Տվյալների վերլուծությունից կհրապարակվի համապարփակ զեկույց, որը կներկայացվի նաև կրթական, բնապահպանական և ոռղջապահական մարմիններին՝ իրենց միջամտությունների ակնկալիքով։ Այս ծրագիրը նույնպես իրականացվում է «Մարդը կարիքի մեջ» ԲՀԿ Հայաստանյան ներկայացուցչության շնորհիվ։
Անելիքները շատ են, բայց բոլոր կատարված ու կատարվելիք աշխատանքների համար պետք է մեր երախտագիտությունն ու շնորհակալությունը հայտնենք մեր շահառուներին՝ Արմավիրի մարզի ողջ ազգաբնակչությանը, հավատի, վստահության ու համագործակցության համար։
Առանձնահատուկ շնորհակալություն ենք հատնում մեր գործընկեր կազմակերպություններին ու ֆինանսավորող կառույցներին, ովքեր վստահեցին «ՏԿԶ» ՀԿ-ին և աջակցելով հնարավոր դարձրեցին այս բոլոր ծրագրերի իրականացումը։
Շնորհակալություն ենք հայտնում տեղական ու պետական կառույցներին՝ համագործակցության և պատրաստակամության համար։
Թող գալիք ու հաջորդող տարիներն արժանավայել կյանք պարգևենմեր ազգաբնակչությանը, իսկ «ՏԿԶ» ՀԿ թիմի համար եռուն ու արդյունավետ աշխատանք ապահովեն։
Մեր նպատակն ու ցանկությունը մեկն է՝ նպաստել, որպեսզի քաղաքացին ունենա անհոգ ու որակյալ կյանքի հնարավորություն։
Իսկ հասարակության վստահությունը կշարունակի մնալ մեր անշախախնդիր ու նվիրական աշխատանքի գրավականը։
Թող Նոր տարին ուրախություն բերի բոլորի ընտանիքներին։