Խաղողագործությունը
վտանգի եզրին
Հայաստանը համարվում է խաղողագործության հնագույն երկրներից մեկը, որտեղ գինեգործութունը զգալի զարգացման էր հասել ուրարտական ժամանակներից (մ․թ․ա․ IX—VI դարեր)։
Թեյշեբաինի ամրոցի պեղումների ժամանակ հայտնաբերվել է գինու շտեմարան՝ շուրջ 480 կարաս, 37000 դաչ ընդհանուր տարողությամբ։ Հայկաբերդի Թոփրակ-կալեում, Մանազկերտում, Կարմիր բլուրում և Էրեբունիում պեղված մոտ 10 պահեստում հայտնաբերվել է շուրջ 1000 լիտրանոց ավելի քան 200 կարաս։
Արարատյան դաշտի բազմաթիվ բնակավայրերի բնակիչներ մասնագիտացել են խաղողագործության բնագավառում և իրենց հմտությունները կատարելագործելով փոխանցել են սերունդներին։
Արմավիրի մարզի խաղողագործները մշակում են մոտ  6,5  հազար հեկտար սեղանի և տեխնիկական սորտի խաղողի այգի, տարեկան արտադրելով մինչև 110 հազար տոննա տեխնիկական տեսակի և մոտ 50 հազար տոննա սեղանի տեսակի խաղող։
2010-2015 թվականներին նոր խաղողի այգիներ հիմնվեցին, իրացման խնդիրները վերացվեցին և խաղողի արտադրությունը դարձավ գյուղատնտեսության շահեկան ճյուղերից մեկը։ Խաղողի տեխնիկական տեսակը հիմնականում արտահանվում էր, իսկ տեխնիկական տեսակը իրացվում էր տեղական վերամշակող կազմակերպությունների կողմից։
Տարիների ընթացքում տարբեր գործոնների ազդեցության պատճառով խաղողի իրացումը դարձավ խաղողագործների թիվ մեկ խնդիրը։ Բանը հասավ նրան որ խաղողի արտադրությունը դարձավ ոչ շահութաբեր զբաղմունք։
Խնդիրը ավելի առարկայական ներկայացնելու համար օգտվենք վիճակագրական տվյալներից, մասնավորապես խաղողի մթերման գները համադրելով Հայաստանի տարեկան գնաճի, նվազագույն զամբյուղի, աշխատաշուկայի գների աճի դինամիկայի հետ, վերջին 15 տարում։
Աղյուսակում ներառված չեն բուժանյութերի, պարարտանյութերի, դիզվառելիքի գների աճի դինամիկան։
Ներկայացնենք խաղողագործության հոգևարքի գրաֆիկական պատկերը, որն իրավիճակը ներկայացնելու համար ավելի խոսուն է։
Խաղողագործները չհաշտվելով ստեղծված իրավիճակի հետ, վերջին տարիներին դիմեցին պայքարի ամենատարբեր մեթոդների, կազմակերպելով ակցիաներ մթերող կազմակերպությունների բակերում, ավտոճանապարհներին, կառավարության շենքի և մարզպետարանների դիմաց, եղան հանդիպումներ, խոստումներ, սակայն խնդիրը գնալով ավելի խորացավ։
Ստեղծված իրավիճակից օգտվում էին վերամշակող կազմակերպությունները, որոնք արտոնյալ վարկեր էին ստանում կազմակերպված մթերում իրականացնելու համար։ Բանը հասնում էր նրան որ խաղողի մեկ կիլոգրամի մթերման գինը նվազում էր հասնելով 70-80 դրամի, չհաշված մթերված խաղողի թերակշռումը և վճարումների ուշացումները։
Հիասթափված խաղողագործները չունենալով ընտանիքը կերակրելու այլընտրանք սկսեցին քանդել խաղողի այգիները, որին ականատես եղանք դեռևս 3 տարի առաջ։
Խաղողագործներից շատերը արդեն ավելորդ են համարում այգեթաղը։ Իրենց մեկնաբանությամբ լրացուցիչ ծախս անելը իմաստ չունի, նույնիսկ եթե այգին ցրտահարվի։
Արայիկ Մովսիսյանը ժամանակին մինչև 25 տոննա տեխնիկական տեսակի խաղող է հանձնել, սակայն պայմանագիրը պարբերաբար փոփոխել են և հասցրել 8 տոննայի, իսկ այնուհետև պայմանագիր չեն կնքել։ Նա այլևս չի ցանկանում խաղողը հանձնել մթերողին իր հաշվարկներով այդ եկամուտով չի կարող կերակրել ընտանիքը։
Խաղողագործները տարբեր պատճառներ են նշում կապված խաղողի մթերման ծավալների և առաջարկվող գների հետ։ Իրենց խոսքով վերամշակողները հնարավորություն ունեն արտերկրից մեծ քանակությամբ սպիրտ ներկրելու, որը ավելի էժան է քան տեղական հումքից ստացվող սպիրտը։
Արարատի խաղողագործների միության նախագահ Արսեն Սիմոնյանի մեկնաբանությամբ մթերող կազմակերպությունները միմյանց հետ համաձայնության գալով թելադրում են գները։
Խաղողագործությունը Հայաստանում ոչ միայն տնտեսության կարևորագույն ճյուղ է այլև ազգային հարստություն, որն ունի հազարամյակների պատմություն։ Այն հայկական մշակույթի, կենցաղի և ինքնության անբաժանելի մաս է։
Made on
Tilda