Ո՞վ է պատասխանատու բերրի հողերի կորստի համար
Երբ մարդկությունը քոչվորությունից հրաժարվեց և անցավ նստակյաց կենսակերպի, սկսվեցին տարածքներ գրավելու պատերազմները։ Տարածքը կարևոր էր, քանի որ հողը նշանակում էր գոյատևում: Գետի հովիտը, արոտավայրը կամ որսորդական տարածքը կարող էին որոշել համայնքի ապրելու կամ սովի մատնվելու ճակատագիրը:
Հայաստանի պարենային անվտանգությունը առավելապես կապված է գյուղատնտեսության համար պիտանի հողատարածքների ծավալի հետ։ Հայաստանում գյուղատնտեսական հողերի տարածքը 2025թ․ հունվարի 1-ի դրությամբ կազմել է 1,229 միլիոն հեկտար, որի միայն 46,8%-ն է օգտագործվում գյուղատնտեսական արտադրություն կազմակերպելու համար։
Գյուղատնտեսական նշանակության հողերը բաժանվում են գյուղատնտեսական հողահանդակների (վարելահողեր, բազմամյա տնկարկներ, խոտհարքներ, արոտավայրերի համար օգտագործվող հողեր և այլն)։ Հայաստանում գյուղատնտեսական հողահանդակներն ունեն այսպիսի պատկեր․
Աղյուսակում առանձին տողով նշված չեն դեգրադացված հողերի տարածքները։ Դա արդյունք է այն իրողության, որ դրանցով հետաքրքրված կառույց կամ չկա, իսկ եթե կա, ապա բացակայում է ցանկությունը՝ մտնելու գլխացավանքի տիրույթ։
Արմավիրի մարզում հողերի դեգրադացիա տեղի է ունենում տարբեր գործոնների ազդեցությունից, որոնք առավելապես մարդածին են, մասնավորապես՝
Գյուղատնտեսական հողերի աղակալում
Խորհրդային տարիներին գրունտային ջրերի բարձրացման պատճառով Արևիկ, Եղեգնուտ, Զարթոնք, Արտաշար գյուղերի հազարավոր հեկտար գյուղատնտեսական հողեր ենթարկվեցին աղակալման։ Գրունտային ջրերը բարձրանում էին երկրի մակերես, գոլորշիանում, իսկ ջրի մեջ լուծված աղերը մնում էին բուսական շերտի մեջ։
70-ական թվականներին աղակալված հողերը սկսեցին աղազերծել քիմիական և մեխանիկական եղանակներով։ Աղազերծման քիմիական մեթոդի ժամանակ աղակալված հողերում կառուցվում էր փոքր խորությամբ փոսորակ, որը լցվում էր աղազերծող նյութով, տեղի էր ունենում քիմիական ռեակցիա և հողում կուտակված աղը չեզոքանում էր։ 2-3 տարում աղազերծված հողերը դառնում էին պիտանի գյուղատնտեսական աշխատանքների համար։
Մեխանիկական եղանակի հիմքում դրվում էր գրունտային ջրերի մակարդակի իջեցումը բաց և փակ դրենաժների միջոցով։ Մեխանիկական եղանակի դեպքում ծախսեր պահանջվում էր սկզբնական շրջանում, այնուհետև ծախսեր կատարվում էր համակարգը սպասարկելու համար։
Աղազերծում իրականացնելուց հետո տարածքներում աճեցնում էին աղասեր կուլտուրաներ, իսկ հետո հողը լիարժեք օգտագործվում էր գյուղատնտեսական նպատակներով։
Խորհրդային տարիներից հետո հողերը սեփականաշնորհվեցին և, յուրաքանչյուր գյուղացի ինքը պետք է մտածեր իր հողակտորի պիտանելիությունը պահպանելու մասին։ Գրունտային ջրերը նորից բարձրացան և աղազերծված հողատարածքներում սկսվեց կրկնակի աղակալում և շատ գյուղացիներ զրկվեցին ընտանիքը կերակրելու միակ միջոցից։ Քիմիական մեթոդով հողեր աղազերծելն այլևս թանկ հաճույք էր, մնում էր կիրառել աղազերծման լվացման մեթոդը հաճախակի ոռոգման միջոցով, ինչը նույնպես կապված է մեծ ծախսերի հետ։
2010-2012 թվականներին արտեզյան ավազանի մակարդակը կտրուկ նվազեց։ Գրունտային ջրերն անհետացան՝ իրենց հետևից թողնելով դեգրադացված հողատարածքներ։ Նպաստավոր պայմաններ ստեղծվեցին հողերը լվացման մեթոդով աղազերծելու համար, սակայն գործընթացը կապված է մեծ գումարների հետ և գյուղացիները նման ռիսկի չեն գնում, քանի որ հողերի լվացումը պահանջում է հաճախակի հողը վարել և ջրել, իսկ մեկ սեզոնում արդյունք ապահովելը նույնպես հարցականի տակ է և կախված է աղակալման կոնցենտրացիայից։ Աղակալված և կրկնակի աղակալված հողերի տարածքը Արմավիրի մարզի Մեծամոր և Արաքս համայնքներում, ըստ Արմավիրի մարզի մարզպետի աշխատակազմի, կազմում է 1285 հա։
Գյուղատնտեսական հողերի գերխոնավացում
Արտեզյան ավազանի ջրային պաշարների անհաշվենկատ օգտագործումը բերեց արտեզյան ավազանի մակարդակի նվազմանը, ինչի հետևանքով հարյուրավոր ինքնաշատրվանող հորատանցքեր դադարեցին շատրվանել։ Տնտեսվարողների մեծ մասը դադարեցրեց իր գործունեությունը և լքեց տարածքը։ Այսօր մեծ քանակության հորեր այլևս չեն շատրվանում,սակայն դրանց մեջ ջուրը որոշակի մակարդակ բարձրանում է՝ ընդհուպ մինչև գետնի մակերես։ Այս խորքային հորերից ջուրը ինֆիլտրացիայի միջոցով ներծծվում է հողի մեջ։ Միևնույն ժամանակ, նույն ինֆիլտրացիայի երևույթը տեղի է ունենում հողաշեն լճակներում և հողաշեն ջրանցքներում, որոնցով հոսում են ձկնաբուծարաններից դուրս թափվող ջրերը։ Արդյունքում, գյուղատնտեսական հողերը գերխոնավության պատճառով ենթարկվում են դեգրադացիայի և գյուղատնտեսության համար դառնում անպիտան։ Այս հողերում բույսերի արմատները զրկվում են թթվածնից և թթվածնային քաղցի պատճառով բույսերը մահանում են։ Այս երևույթը հատուկ է Արմավիրի մարզի արևելյան և Արարատի մարզի արևմտյան հատվածներում, որտեղ, ըստ պաշտոնական տվյալների, գերխոնավության պատճառով դեգրադացիայի են ենթարկվել 3 հազար հեկտար գյուղատնտեսական նշանակության հողեր։ .
Դեգրադացիա հանքարդյունաբերության
պատճառով
Ընդերքօգտագործման թույլտվություններ տրամադրելիս լիազոր մարմինն անտեսում է հողերի նպատակային նշանակությունը և հաճախ ընդերքօգտագործման թույլտվությունները տրամադրում է գյուղատնտեսական նպատակային նշանակության հողատարածքներում։
Տնտեսվարողները, առանց հողերի նշանակությունը փոխելու, ծավալում են իրենց գործունեությունը։ Երևույթը վտանգավոր է ավազի հանքավայրերում, մասնավորապես՝ ընդերքից կորզում են ավազակոպճային խառնուրդը, գրունտային ջրերը ինֆիլտրացիայի միջոցով հոսում են դեպի հանքավայր։ Գործընթացի արդյունքում՝ հանքավայրի հարևանությամբ գյուղատնտեսական նշանակության հողատարածքները ջրազրկվում են և վերածվում անապատի։ Մեկ հեկտար ավազի հանքավայրը կարող է անապատացնել մոտավորապես 20 հեկտարից ավելի գյուղատնտեսական հողեր։
Հանքավայրերի հարևանությամբ հողատարածք ունեցող գյուղացիական տնտեսությունները, չունենալով այլընտրանք, իրենց հողակտորները վաճառում են հանքարդյունաբերությամբ զբաղվող տնտեսվարողներին, որոնք էլ, գնելով հողատարածքները, վերածում են ավազի հանքերի։ Ամբողջ հանքանյութը կորզելուց հետո տնտեսվարողները հեռանում են՝ իրենց հետևից թողնելով դեգրադացված ավերակներ։ Նման տարածքներ գոյություն ունեն Արմավիրի մարզի Տանձուտ, Արգավանդ, Եղեգնուտ, Արտաշար և Արևիկ գյուղերում։ Համայնքների միավորումից հետո նման տարածքների հաշվառում չի կատարվում։
Դեգրադացված հողերի տարածքներում մեծ ներդրում ունեն քարի հանքավայրերը, որտեղ հանքանյութի սպառումից հետո տնտեսվարողները թողնում հեռանում են տարածքները՝ չբերելով նախքին վիճակին։ Երևույթի մեջ տնտեսվարողները մեղադրում են Շրջակա միջավայրի նախարարությանը՝ արդարանալով, որ իրենք բարեխղճորեն վճարել են հողերի ռեկուլտիվացիայի համար նախատեսված դրամագլխի գումարը և որևէ պարտավորություն չունեն։ Շրջակա միջավայրի նախարարության մեկնաբանությամբ, իրենք նման պրակտիկա չունեն։
Արդյունքում, այսօր Արմավիրի մարզում նախկին հանքավայրերի տեղում 15 հազար հեկտար դեգրադացված հողեր ռեկուլտիվացիայի կարիք ունեն։
Հողերի դեգրադացիայի նշված երևույթները մեծ ծավալներ ունեն և տեսանելի են, սակայն անտեսանելի դեգրադացիայի երևույթներ կան, որոնք դուրս են մնացել ուսումնասիրությունից և չեն քարտեզագրվում։ Մասնավորապես՝
Հողի էրոզիա, երբ հողի վերին շերտը հեռանում է քամու կամ ջրի միջոցով։
Սննդանյութերի պակաս՝ շարունակական բերքահավաք առանց սննդանյութերի լրացման։
Թթվայնացում, երբ քիմիական պարարտանյութերի չափից շատ օգտագործումն իջեցնում է հողի PH-ը։
Օրգանական նյութերի կորուստ, երբ հողում բույսերի և կենդանիների մնացորդների քանակը նվազում է։
Հողի օրգանիզմների նվազում, երբ հողի բերրիությանը ազդող մանրէները և անձրևաորդերը նվազում են։
Գերմշակում, երբ իրականացվում է մոնոմշակություն առանց ցանքաշրջանառության։
Made on
Tilda