Խաղողի շուկայական տեսքը երկար ժամանակ պահպանելու գաղտնիքները կամ նորամուծություն Հայաստանում
Խաղողագործությունն ու գինեգործությունը գյուղատնտեսության մեջ ունեն իրենց ուրույն տեղը: 1990-95թթ. արձանագրված լուրջ կորուստները շուրջ 65 տոկոսով կրճատել էին խաղողագործության արտադրանքի ծավալներն ամենատարբեր պատճառներով՝ սկսած մթերող կազմակերպությունների և արտահանող գործարարների կողմից ծավալների կրճատման պատճառով։ Սակայն ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ խաղողագործության զարգացման համար Հայաստանը մեծ ներուժ ունի: Ըստ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության տվյալների, վերջին 10 տարիների ընթացքում գինեգործության ոլորտում աճ է գրանցվում:
Զուգահեռաբար, խաղողագործությունը Արմավիրի և Արարատի մարզերում ոչ եկամտաբեր զբաղմունք է դառնում։ Դա է վկայում նաև խաղողագործների կողմից կատարվող հաշվարկները ինքնարժեքի և շուկայական արժեքի միջև։ Բացի դա, մթերման և արտահանման ծավալների կրճատման տենդենց են նկատում խաղողագործները։
Արսեն Սիմոնյանը Արարատի խաղողագործների միության նախագահն է, խաղողագործ, մշակում է տեխնիկական և սեղանի սորտի խաղողներ։ Խաղողագործությամբ զբաղվում է մի քանի տասնյակ տարիներ։ Խաղողի մշակության գրեթե բոլոր գաղտնիքներին տիրապետում է։ Սեփական փորձը զարգացնելու, արտերկրի փորձը ուսումնասիրելու համար ջանք չի խնայում։ Սիրում է փորձարկել նոր մեթոդներ որակյալ բերք ստանալու, ինչպես նաև բերքի շուկայական տեսքը պահպանելու ուղղությամբ։ Ինչպես Արսենն է նշում, ի սկզբանե միությունը ստեղծվել է կառավարության նախաձեռնությամբ։ «Հիմնականում մեր առաքելությունը մթերման հետ կապված խնդիրները հավաքագրել, դուրս բերելն ու պատկան մարմիններին ներկայացնելն էր, ինչը միանշանակ կատարվում է։ Ամեն տարի դրանք հավաքագրվում են և ներկայացնում ըստ ենթակայության մարմիններին»,- ասում է Արսենը։
Վերջին տարիներին Արսենը ստիպված է եղել քանդել խաղողի այգիների որոշ մասը։
«Հիմնականում այս տարիների ընթացքում մթերումները տեղի են ունեցել ինքնարժեքին համարժեք կամ ցածր։ Մթերող կազմակերպությունների և խաղողագործների միջև կնքվող պայմանագրերը կայուն չեն եղել, գյուղացին պաշտպանված չի եղել այսքան տարի մթերող կազմակերպության մոտ և, մթերող կազմակերպությունները կարողացել են տարբեր անհիմն պատճառաբանություններով, այդ թվում նաև պատերազմը հիմք բերելով՝ կտրուկ տատանումներ առաջացնել խաղողի սակագնի մեջ։ Օրինակ, պատերազմից առաջ 140 դրամով պայմանագիր են կնքել։ Իհարկե, բոլորը համատեղ են գործել, այնպես չէ, որ մի գործարան է նման վարքագիծ դրսևորել, կամ ունեցել են ընդհանուր համաձայնություն։ Նաև պետությունն է սուբսիդավորել այդ տարիներին մթերող կազմակերպություններին, բայց հենց պատերազմը սկսվել է, անմիջապես գները իջեցվել են 80 դրամ, 70 դրամ։ Բացի դա, որակի հետ կապված պատճառաբանություններով է գնիջեցում եղել և, այդ անկայուն վիճակը բերել է նրան, որ գյուղացին՝ անգամ այն մարդը, որ չէր հաշվում ինքնարժեք, ներդրում, սկսեց հաշվարկ անել։ Օրինակ, ես մեկ-երկու տարի հաշվեցի ու իմ այգիների մեծ մասն անմշակ թողեցի, հիմնականում տեխնիկական սորտը, և փորձեցի յոլա տանել սեղանի սորտը»։ Արսենը միակը չէ, ով քանդել կամ անմշակ է թողել տեխնիկական տեսակի խաղողի այգին։ Ինչպես Արարատի, այնպես էլ Արմավիրի մարզում շատ են խաղողագործները, ովքեր իրենց այգիների որոշ մասը քանդել կամ անմշակ են թողել։
Արսեն Սիմոնյանի խոսքով, գյուղատնտեսության այս ողջ արժեշղթայում գործում են մի քանի կազմակերպություններ։ Դրանք են մթերողները, ջրային տնտեսությունները, տարածքային կառավարման մարմինները, ապահովագրական ընկերությունները, բանկերը և հողագործը։ Շփվելով գյուղացիների հետ՝ հասկանում ենք, որ այդ կազմակերպությունները բոլորն իրենց ապահովագրում են բոլոր հավանական և անհավանական ռիսկերից։ Արդյունքում, ողջ ռիսկային բեռը կուտակվում է գյուղացու ուսերին և նա պաշտպանվելու հնարավորություն չի ունենում։ Սա գործոններից մեկն է, որ խաղողագործները հիասթափվում ու հրաժարվում են խաղողի մշակությունից։
Սիմոնյանը բազմիցս ուսումնասիրել է ոլորտում առկա խնդիրները և լուծումներ առաջարկել պատկան մարմիններին։ «Չկա մի խնդիր, որի մասին բարձրաձայնեմ, զուգահեռ լուծում չառաջարկեմ։ Ըստ էության, որ ասեմ իդեալական պատասխաններ են եղել, գոհացնող, ո՛չ, բայց անպատասխան էլ չեն մնացել։ Կամ ժամանակավրեպ են եղել, կամ դանդաղ, այսինքն կարող էր ավելի արդյունավետ լինել։ Օրինակ, սառնարանային տնտեսություններում խաղողի պահպանման նոր տեխնոլոգիա կա, որն ամբողջ աշխարհում արդեն կիրառվում է, սեղանի տեսակի խաղողի պահպանման մետաբիսուլֆիդային ներդիրների կիրառումն է, որով փաթեթավորվում է և սառնարանից դուրս բերելուց արագ չի փչանում, պիտանելիության ժամկետը երկար է մնում։ Մեր հին մեթոդը, որ 30 տարի շարունակ պահպանել ենք և լոգիստիկայի պայմաններում շատ զգայուն էր, իսկ սառնարանից դուրս 5-7 օրվա կյանք ուներ, այս նշածս տեխնոլոգիայով մեկ, մեկուկես ամիս սառնարանից դուրս պահպանվում է, ինչն արտաքին շուկաներում բավականին մրցունակ է դարձնում ապրանքը։ Հենց այդ ճանապարհով է Ուզբեկստանը ռուսական շուկայում բավականին ակտիվություն դրսևորել։ Նման տեխնոլոգիաներ կան նաև այլ պտուղ-բանջարեղենի համար, ինչը դեռ պետք է ուսումնասիրենք։ Բայց ցավալին այն է, որ այս խնդիրը ես 8 տարի է բարձրաձայնում եմ բոլոր ատյաններում՝ սկսած Ագրարային համալսարանից մինչև Էկոնոմիկայի նախարարություն։ Միայն անցյալ տարի էր, որ ականջալուր եղավ GIZ -ը և որոշ աջակցություն ցուցաբերեց։ Այդ ներդիրները մենք գնեցինք, տարածեցինք խաղողագործների շրջանում։ Երկու տարվա մեջ առանց վարանելու կարող եմ ասել, որ շուկայում բավականին մրցունակ վիճակի հասանք։ Մնում է, որ սա տարածվի գյուղացիական տնտեսություններում։ Հիմնական խոչընդոտը արտաքին քաղաքականության անկայուն վիճակն է մեզ մտահոգում, որ կարող է բերենք, փորձենք սառնարանում պահել և չկարողանանք արտահանել։ Չնայած բերելու ենք, փորձելու ենք, որպեսզի մեր գիտելիքները, փորձը զարգացնենք, բայց ոչ այն ծավալներով, որ նախատեսում էինք բերել»։
Ըստ Արսեն Սիմոնյանի, պետական միջոցներից օգտվող խոշոր կազմակերպությունները պետք է լոկոմոտիվի դեր ստանձնեն փոքր և միջին տնտեսվարողների համար, կիսվեն իրենց ձեռք բերած փորձով, տեխնոլոգիաներով և գիտելիքներով։
Իսկ խաղողագործության ոլորտը պահպանելու և զարգացնելու ուղղությամբ անհրաժեշտ է պետական մոտեցում և աջակցություն հենց արտադրողին՝ իրացումն անխոչընդոտ ապահովելու և ճկուն սակագնային քաղաքականություն վարելու միջոցով, - ասում են Արմավիրի և Արարատի մարզերի խաղողագործները, ովքեր երկար տարիներ, զբաղվելով խաղողի մշակությամբ, ընդլայնելով խաղողի այգիները, այսօր կանգնած են իրացման լուրջ խնդրի առջև։ Սա վերաբերում է խաղողի և՛ տեխնիկական, և՛ սեղանի սորտերին։ Մի դեպքում մթերման ցածր սակագինն է, որը ինքնարժեքը չի ծածկում, մյուս դեպքում՝ արտահանման խնդիրը, քանի որ արտադրված քանակությունը տեղական շուկայում սպառելն անհնար է դառնում։