ՑԻՍՏԵՌՆԵՐԻ ՍՊԱՍՈՂ ԱՐՄԱՎԻՐԸ
Յուրաքանչյուր համապետական ընտրությունների քարոզարշավի ընթացքում տարածաշրջանի հասարակությունը հիշում է իր ամենացավոտ խնդիրները և ներկայացնում թեկնածուներին։
Վերջիններս, ավանդույթի համաձայն, հուսադրող պատասխաններ են տալիս, սակայն տեղաշարժ չկա մինչև նոր ընտրություններ։
Հայաստանում սննդամթերքի փողոցային առևտուրն արգելվում է։ Վաճառողների նկատմամբ տարբեր խստության պատիժներ են կիրառվում մինչև վաճառվող ապրանքի բռնագանձումը։ Անասունի մորթը տեղափոխվեց սպանդանոց և վաճառքը թույլատրվեց միայն հատուկ տարածքներում։ Շարքային քաղաքացու մոտ տրամաբանական հարց է առաջանում, իսկ ինչո՞ւ այս արգելքները չեն տարածվում ջրի փողոցային առևտրի կամ ջրի վաճառքի կետերի վրա։
Յուրաքանչյուր քաղաքացի ընտրության հնարավորություն ունի և կարող է չգնել փողոցում վաճառվող բանջարեղենը կամ միրգը, սակայն նույնը չի կարելի ասել ջրի դեպքում։ Եթե ծորակից հոսող ջուրը ծարավ չի հագեցնում և ունի վատ համային հատկանիշներ, վաճառվող ջուրը այլընտրանք չունի։
Արմավիրի մարզում վաճառվող խմելու ջուրը բերվում է Թալին քաղաքից։ Նույն տեղից ջուր են տանում նաև Արագածոտնի մարզի Արտենի, Արագածավան և հարակից մի շարք բնակավայրեր։ Թալինում խմելու ջուրը վաճառվում է մեկ ցիստեռնը 2000 դրամ։ Սպառողը ջուրը մեծածախ գնով գնում է լիտրը 5 դրամով, իսկ մանրածախի դեպքում՝ 10 դրամով։ Թալինի ջրի մեծածախ գնորդները հիմնականում ավտոլվացման կետերն են։
Չափից ավելի հանքայնացած ջուրը վտանգավոր է մարդու առողջության համար, մասնավորապես՝ բացասական ազդեցություն է ունենում մարդու մաշկի և մազերի վրա, քայքայում է մաշկը պաշտպանող սպիտակուցները, մաշկը չորանում ու ծերանում է։
Կոշտ ջուրը արագ քայքայում է կենցաղային սարքավորումների ջրի հետ շփվող ռետինե հանգույցները։
Նախապատմություն
Ինչու բնակիչները չեն խմում ծորակից հոսող ջուրը
Նախկինում խմելու ջուր գնում էին Արմավիրի մարզի հյուսիս-արևմտյան հատվածի բնակիչները, այնուհետև աշխարհագրությունը մեծացավ և մարզի տարածքից դուրս եկավ դեպի Արարատի մարզ։ Արարատի մարզում հիմնականում վաճառվում է Գառնու ջուրը։
2010-2012 թվականներին Հայաստանում ձկնաբուծությունը ճանաչվեց տնտեսության գերակա ճյուղ և շատ արագ Արարատյան արտեզյան ավազանի ջրերի բազայի վրա կառուցվեցին տասնյակ հեկտարներով ձկնաբուծական լճակներ։ Զուգահեռաբար հորատվեցին հարյուրավոր խորքային հորեր, որոնց ջուրն ինքնաշատրվանում էր։
Գյուղատնտեսական գիտությունների թեկնածու Սանասար Բաղդասարյանի մեկնաբանությամբ, վերահսկողության բացակայությունից օգտվելով, տնտեսվարողները չպահպանելով 500 մետր նվազագույն հեռավորությունը, հորատանցքերը հորատեցին շատ մոտ հեռավորության վրա, ինչը պատճառ դարձավ ընդերքի փլուզումների։ Փլուզումների պատճառով ընդերքի աղերն ավելի ինտենսիվ սկսեցին լուծվել ջրի մեջ և ավազանի ջրային պաշարների նվազման համատեքստում խմելու ջրի կոշտությունն իրեն զգացնել տվեց։
Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում գոյություն ունեն խմելու ջրի համար սահմանված չափորոշիչներ։ Այդ չափորոշիչները սահմանել է ՀՀ Առողջապահության նախարարը 2002թ․ դեկտեմբերի 25-ի թիվ 876 հրամանով։ Համաձայն հրամանի՝ Հայաստանում խմելու ջրի մեջ լուծված աղերի քանակը, այսինքն՝ հանքայնացումը կամ կոշտությունը կարող է հասնել մինչև 7 մմոլ/դմ3։ Խմելու ջրի կոշտությունը կարող է գերազանցել սահմանված չափը՝ հասնելով մինչև 10 մմոլ/դմՀանրապետության գլխավոր համաճարակաբանի թույլտվությամբ։ Հայաստանն անհիշելի ժամանակներից չունի գլխավոր համաճարակաբան, իսկ որոշ բնակավայրերում ջրի կոշտությունը հասնում է մինչև 15 մմոլ/դմ3-ի։ Մասնավորապես, Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղում խմելուջրի կոշտությունը գերազանցում է 15 մմոլ/դմ3-ը։
ՀՀ Առողջապահության նախարարը 2023թ․ նոյեմբերի 16-ին ստորագրել է N 53-Ն հրամանը, որն ազատում է նախարարությանը խմելու ջրի կոշտության բեռից։ Նոր հրամանում չկա սահման առավելագույն հանքայնացման վերաբերյալ։
Վաճառվող ջրի որակի հսկողությունը չի հետաքրքրում որևէ կառույցի և սա այն դեպքում, երբ եղել են մասսայական թունավորման դեպքեր։ Վերջինը Արմավիր համայնքի Խանջյան բնակավայրում էր։
Հայաստանում խմելու ջրի որակի հսկողությունը պարտավոր է իրականացնել ՀՀ Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը։ Այդ վերահսկողությունը, կախված բնակավայրի բնակիչների քանակից, կարող է տարբեր հաճախականությամբ իրականացվել։ ՊՈԱԿ-ը հսկողություն է սահմանում ջրի որակական ցուցանիշների վրա, իսկ խմելու ջուր մատակարարող կառույցը պատասխանատվություն է կրում խմելու ջրի արտադրական որակի նկատմամբ, այսինքն՝ պարզությունը, մաքրությունը կոշտ մասնիկներից և այլն։
«Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը հսկողություն է սահմանում բացառապես կենտրոնացված ջրամատակարարման ցանցերում, ինչը նշանակում է, որ շրջիկ ավտոցիստեռներով վաճառվող և ստացիոնար վաճառքի կետերի ջրի որակի հսկողությունը դուրս է իր իրավասությունից։ Հայաստանում չկա իրավական ակտ, որի ուժով հնարավոր կլիներ հսկողություն սահմանել բնակչությանը տարբեր մեթոդներով վաճառվող խմելու ջրի նկատմամբ։
Վաճառվող ջրի որակով չի զբաղվում նաև ՀՀ ՍԱՏՄ-ն։ Տեսչական մարմնի մեկնաբանությամբ, իրենք զբաղվում են միայն շշալցված ջրի որակի հսկողությամբ և շրջիկ ավտոմեքենաներից կամ ստացիոնար կետերից վաճառվող խմելու ջրի որակի հսկողությունը դուրս է իրենց իրավասությունից։
Հաշվի առնելով վաճառվող ջրի ծավալը և սպառողների քանակը, որակի վերահսկողությունը դառնում է օրվա հրամայական, ինչը հնարավոր է իրականացնել Առողջապահության նախարարության կամ տեսչական մարմնի միջոցով։
Ինչու չի վերահսկվում ջրի որակը
Made on
Tilda