Կյանքը ցամաքած Սևջուր գետի երկայնքով
Մ-5 միջպետական ավտոմայրուղիով երթևեկող քաղաքացիները, հատկապես հյուրերը, մոտենալով Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքին, զզվանք արտահայտող դեմքով միմյանց հարցով դիմելով, ցանկանում են հասկանալ հանկարծակի հայտնված հոտի պատկանելիությունը և աշխարհագրական դիրքը։ Տեղաբնակները հանգստացնում են նրանց և սկսում պատմել յուրահատուկ հոտի նախապատմությունը։
1998թ․ ամռանը Արմավիրի մարզի Զարթոնք համայնքում խոլերայի համաճարակ բռնկվեց։ Երկուսը մահացան, շատերը հոսպիտալացվեցին։ Զարթոնք գյուղի շրջակայքում ջրային տարածքներ էին, տարբեր վարկածներ էին շրջանառվում՝ կապված պատճառների հետ։ Հետազոտությունների արդյունքում պարզվեց, որ Արմավիր, Մեծամոր քաղաքների և հարակից տարածքների կենցաղային կեղտաջրերը խառնվում են հարակից ճահճուտներին, մասնավորապես՝ նաև Սևջուր գետին, ինչը դարձել էր համաճարակի պատճառ։
Զարթոնք գյուղի մոտակայքում գտնվող կենցաղային կեղտաջրերի մաքրման կայանն այդ ընթացքում անգործության մատնվելու պատճառով արդեն լուծարվել էր և մասնագիտական խմբի ուսումնասիրության արդյունքում որոշվել, որ մաքրման կայանը վերականգնելը ավելի ծախսատար է, քան՝ նորը կառուցելը։
Արտեզյան ավազանի մակարդակի անկման պատճառով տարիների ընթացքում ճահճուտները չորացան, չորացավ նաև Սևջուր գետը։ Տարածքն ամբողջությամբ հանձնվեց կենցաղային կեղտաջրերին։
Ձարթոնք գյուղի այգիները ոռոգվում էին Սևջուր գետի ջրի բազայի վրա գործող պոմպակայանի միջոցով։ Գետի չորանալուց հետո պոմպակայանը շարունակեց աշխատել բացառապես կենցաղային կեղտաջրով։ Երբ համաճարակի ռիսկը մեծացավ, գյուղում հորատվեցին խորքային հորեր և գյուղի այգիներն ազատվեցին կենցաղային կեղտաջրերից, իսկ պոմպակայանը դադարեց գործել։
Կենցաղային կեղտաջրերը, շրջանցելով պոմպակայանը, շարունակեցին հոսել Սևջուր գետի հունով, որն անցնում էր Արտաշար գյուղի միջով։ Ոռոգման ջրի պակասը ստիպեց արտաշարցիներին գործարկելու գյուղի պոմպակայանը և անցում կատարելու կենցաղային կեղտաջրերով ոռոգման համակարգի։ Կենցաղային կեղտաջրերի ծավալը չէր կարող բավարարել ամբողջ այգիների անդադար ոռոգման համար։ Մշակվեց գրաֆիկ, ըստ որի 2-3 օր կուտակում էին կենցաղային կեղտաջրերը, մեկ օր պոմպակայանը աշխատելով սպառում էր կուտակված ջուրը։
Արտաշար գյուղի բնակիչները կենցաղային ջրերի պատճառով մեծ խնդիրների առաջ են կանգնել, մասնավորապես՝ կենցաղային կեղտաջրերը հոսում են գյուղի միջով։ Հատկապես տաք ամիսներին գարշահոտը պատում է ամբողջ գյուղը։ Որքան էլ որ խուսափեն բնակիչները, կեղտաջրի հետ մարդկանց և կենդանիների կոնտակտն անխուսափելի է։ Ամառվա ամիսներին անասունները խմում են կեղտաջուրը, իսկ մարդիկ ոռոգման ընթացքում որքան էլ որ խուսափեն, միևնույն է, անմիջական շփվում են ջրի հետ։ Արտաշարցիների մեկնաբանությամբ, սակավաջուր տարիներին կենցաղային կեղտաջրերը փրկություն են գոյատևման համար, այլապես այգիները կչորանան։
Հայաստանում մինչև համայնքների միավորումը Արտաշարը համայնք էր և ուներ համայնքի ղեկավար, ով խնդիրը տարբեր ատյաններում բարձրացնում էր։ 2021 թվականից հետո Արտաշարը հայտնվեց լուսանցքում, դարձավ Մեծամոր համայնքի բնակավայրերից մեկը, որը նույնիսկ վարչական պատասխանատու չունի։ Իրենց խնդիրները բարձրաձայնելու իրավական մեխանիզմ չկա։
Գյուղի բնակիչների մեկնաբանությամբ, կենցաղային կեղտաջրերով ոռոգվող այգիներում բերքատվությունը շատ ցածր է, նույնիսկ լինում են դեպքեր, որ այգիները չորանում են։ Գյուղատնտեսական աշխատանքներով զբաղվողներն ասում են, որ իրենց արտադրած գյուղատնտեսական մթերքը գնորդները չեն գնում։ Բոլորը գիտեն, որ իրենք ոռոգումն իրականացնում են կենցաղային կեղտաջրով և մեծածախ գնորդները գյուղ չեն այցելում։ Նույնիսկ երբ իրենք մթերքը հասցնում են շուկա, գաղտնի են պահում բերքի ծագման գյուղի անվանումը, այլապես ապրանքը չեն գնի։
Արտաշարցիների մեկնաբանությամբ, գյուղի մոտակայքում կան լքված խորքային հորեր։ Կարելի է մասնագետներից բաղկացած հանձնաժողով ստեղծել և ուսումնասիրել լքված խորքային հորերի վերականգնելու հնարավորությունը։ 2-3 խորքային հորի վերագործարկումը այգիները կազատի կենցաղային կեղտաջրից։
Գյուղով հոսող կենցաղային կեղտաջրերով գետակը մեծ վտանգ է իրենից ներկայացնում գյուղի բնակիչների, հատկապես խոցելի խմբերի և շնչառական խնդիրներով բնակիչների համար։ Ամռան ամիսներին բնակարանների օդափոխությունն անհնարին է, նույնիսկ արտաշարցիների մերձավոր բարեկամները գարշահոտի պատճառով չեն այցելում հարազատներին տեսության։
Արմավիր, Մեծամոր և տասնյակ հարակից գյուղերի կենցաղային կեղտաջրերը, ողողելով հարակից ջրավազանները, ոչնչացնում են կենսաբազմազանությունը։ Տարածքից վերացել է ճահճակուղբը (նուտրան), բազմաթիվ ջրային թռչյուններ, գորտեր և միջատներ։
Երբեմնի սիրողական ձկնորսության վայրը թաղված է գարշահոտի մեջ և նույնիսկ գորտի ձայն չի լսվում։
Հ․Գ․ Ստեղծված իրավիճակում խոսել մաքրման կայանի անհրաժեշտության մասին թերևս տեղին չէ, քանի որ վերջին 20-25 տարիների ընթացքում անգործության են մատնվել հանրապետության բոլոր քաղաքների մաքրման կայանները, ինչը նշանակում է, որ լուրջ ներդրումներ են անհրաժեշտ ջրային ռեսուրսները կենցաղային կեղտաջրերից ազատելու համար։
Made on
Tilda