Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղի բնակիչներն օրերս փակել էին Արմավիր-Երևան հանրապետական նշանակության ավտոճանապարհը։ Պատճառը լոլիկի իրացման խնդիրն էր։ Մթերող կազմակերպություններն առաջարկում են կիլոգրամի համար 30 դրամ, որը, ըստ ակնալիճցիների, չի բավարարի նույնիսկ բերքահավաքի ծախսերը հոգալու համար։
Ավելի ուշ մարզպետի աշխատակազմից տեղեկացանք, որ 4 մթերող կազմակերպություններ` «ՄԱՊ գինու-կոնյակի», «Պռոշյանի կոնյակի», «Արարատ Քենինք Ֆեքթրի» պահածոների և «Նոյան» հյութերի և պահածոների գործարանները պատրաստակամություն են հայտնել սկսել լոլիկի մթերումն ու մեկ կիլոգրամը գնել 40 դրամով։
Նույն օրը Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը «Ֆակտոր TV»-ի լրագրողի հարցին, թե ո՞ր երկրներ է արտահանվել հայկական գյուղմթերքը, պատասխանեց, որ 2 ծրագրով 25 երկիր է արտահանվել՝ չնշելով գոնե մեկ երկրի անուն։ Գևորգ Պապոյանը հպարտությամբ նշեց, որ ոչ մի կիլոգրամ դեղձ կամ ծիրան չի թափվել, լոլիկն այս պահին մթերվում և արտահանվում է։ Նախարարը թվային տվյալ չհիշատակեց։ Չասաց նաև, որ լոլիկը վերամշակողների կողմից մթերվելու է 40 դրամով։ Հարկ ենք համարում հիշեցնել, որ, ըստ գյուղացիական տնտեսությունների, 2026 թվականի ծիրանի բերքատվությունը սպասվածի 30-35 տոկոսն է ապահովել։ Դեղձի բերքահավաքը դեռ չի սկսվել, որպեսզի իրավիճակի գնահատական տրվի, իսկ լոլիկի մթերման 40 դրամը թևաթափ է արել բանջարեղենի մշակությամբ զբաղվողներին։
Ակնալիճ գյուղի ֆերմերների հետ հանդիպման ընթացքում փորձեցինք հասկանալ, թե ինչու նրանց չի գոհացնում գործարանների առաջարկած 40 դրամը։ Եկանք եզրահանգման, որ մեկ հեկտար հողատարածքից միջին բերքատվությամբ ստացվում է 40-45 տոննա լոլիկ՝ մակերեսային ոռոգման պայմաններում և 45-50 տոննա կաթիլային ոռոգման դեպքում։
Աղյուսակով ներկայացնենք մեկ հա լոլիկի մշակության համար անհրաժեշտ ծախսերը։ Յուրաքանչյուր ծախս ներկայացված է կոլեգյալ քննարկման արդյունքով։
Ինչպես տեսանելի է ծախսերի աղյուսակից, մակերեսային ոռոգման պարագայում կստացվի 40-45 տոննա բերք, իսկ ծախսերը կկազմեն 2 միլիոն 473 հազար դրամ։ Ստացվում է՝ մակերեսային ոռոգման դեպքում մեկ կիլոգրամ լոլիկի ինքնարժեքը կազմում է 55․0-61,8 դրամ։ Կաթիլային ոռոգման դեպքում ավելանում են յուրաքանչյուր տարի կատարվող լրացուցիչ ծախսերը, մասնավորապես՝ վնասված ռետինե տարբեր տրամաչափի խողովակների, փականների, կաթուցիչների փոխարինում համապատասխան ծառայություն մատուցող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց միջոցով։ Այս լրացուցիչ ծախսերի հետ միասին մեկ հեկտար լոլիկի մշակության համար ծախսը կկազմի 2 միլիոն 860 հազար դրամ, իսկ բերքատվությունը կավելանա 5 տոննայով։ Կաթիլային ոռոգման պարագայում մեկ կիլոգրամ լոլիկի ինքնարժեքը կազմում է 57․2 - 63․6 դրամ։