Դպրոցը շահեց, իսկ Մե՞րին՝ ․
Մերի Ալոյանը Արտամետի միջնակարգ դպրոցի միակ առաջին դասարանցին է, սակայն նրան բախտ վիճակվեց սովորել երկհամակազմ դասարանում չորրորդ դասարանցիների հետ
Արտամետի միակ առաջին դասարանցին
Արտամետ գյուղի ամենասպասված աշակերտը 6 տարին չբոլորած Մերին էր։ Մերիի ներկայությամբ էր որոշվելու դպրոցում առաջին դասարան լինել-չլինելու հարցը։
Այս տարվա սկզբին կանխատեսվում էր, որ Արտամետի դպրոցը սեպտեմբերի 1-ին կունենա 5 առաջին դասարանցի, սակայն 4 ընտանիքներ լքեցին գյուղը և առաջին դասարան լինելու հարցը կարող էր լուծել միայն Մերին՝ իր ներկայությամբ։
Մերիին դպրոցում հիասթափություն էր սպասվում, քանի որ աղջնակը սովորելու էր երկհամակազմ դասարանում, հինգ 4-րդ դասարանցիների հետ։

Կրթությունը բազմահամակազմ դասարաններում
Արմավիրի մարզպետարանի Կրթության, մշակույթի և սպորտի վարչությունից տեղեկացանք, որ մարզի 111 դպրոցներից 19-ում կրթությունն իրականացվում է բազմահամակազմ դասարաններում, մասնավորապես 27 երկհամակազմ և 13 եռահամակազմ։
Համաձայն 2018թ․ օգոստոսի 30-ի ՀՀ կառավարության N 954-Ն որոշման, երկհամակազմ դասարանի աշակերտների թիվը չի կարող գերազանցել 15 աշակերտը, եռահամակազմը՝ 12-ը և քառահամակազմը՝ 8 աշակերտը։
Իրավական տեսանկյունից, ՀՀ Սահմանադրության 38 հոդվածի առաջին կետն ասում է, որ յուրաքանչյուր ոք ունի կրթություն ստանալու իրավունք, իսկ երկրորդ կետի տրամաբանությամբ՝ յուրաքանչյուր ոք ունի մրցույթային հիմունքներով պետական ԲՈւՀ-ում անվճար կրթություն ստանալու իրավունք։ Արդյո՞ք Արտամետի բարձր դասարանի եռահամակազմ դասարանում սովորող աշակերտը ստացել է մրցունակ կրթություն, որը հնարավորություն կընձեռի նրան օգտվելու ԲՈւՀ-ում անվճար կրթություն ստանալու իր իրավունքից։ Այս հարցին պատասխանում են համակարգում աշխատող մանկավարժները։
Փոքր համայնքներում՝ հատկապես սահմանամերձ, բազմահամակազմ դասարանները սովորական բնույթ են կրում։ Օրինակ, Տալվորիկի դպրոցում բոլոր դասարանները կամ երկհամակազմ են, կամ եռահամակազմ։ Բնական է, 45 րոպեում ուսուցիչն ամենամեծ ցանկության դեպքում չի կարող հասցնել ստուգել տնային հանձնարարությունները, նոր դաս բացատրել և եթե աշակերտների մոտ անհասկանալի հարցեր առաջանան, ինչպե՞ս է պատասխանելու այդ հարցերին։ Ենթադրենք, հայոց լեզվի ուսուցիչը ծրագրով նախատեսված թելադրություն է անելու, ասենք, երրորդ դասարանում, ինչո՞վ են զբաղվելու այդ ընթացքում չորրորդ դասարանցիները։
Կողբավանը դպրոց չունի
Կողբավանը երբեք դպրոց չի ունեցել։ Գյուղում հաշվառված է 165 բնակիչ։ Փաստացի երկու տասնյակի չի հասնում ընտանիքների թիվը։ Դպրոցահասակ երեխաները հաճախում են Վանանդի միջնակարգ դպրոց։ Սկզբնական շրջանում դպրոց էին հաճախում ով, ինչպես կարող էր։ Արդեն 3 տարի է, համայնքը ձեռք է բերել միկրոավտոբուս, որով երեխաները հաճախում են դպրոց և դասերից հետո վերադառնում տուն։ Սակայն, տեղափոխման հարցերը կարգավորելով, աշակերտների խնդիրները չեն թեթևանում։ Խնդիրը նրանում է, որ միկրոավտոբուսը աշակերտներին դպրոց հասցնելուց հետո սպասում է դպրոցի բակում մինչև վերջին աշակերտն ավարտի դասերը։ Կողբավանից, ըստ Վանանդի դպրոցի տնօրենի, դպրոց է հաճախում 8 աշակերտ, որոնց մեջ կան տարրական և բարձր դասարանցիներ։ Տարրական դասարանցին դասերն ավարտելուց հետո պետք է մի քանի ժամ սպասի մինչև բարձր դասարանցին ավարտի դասերը։
Տալվորիկի դպրոցի շենքը հեռու է դպրոց կոչվելուց
Տալվորիկի միջնակարգ դպրոցում սովորում է 28 աշակերտ, ուսուցչական կոլեկտիվը՝ 15 հոգի։ Դպրոցի շենքը, ի սկզբանե, կառուցվել է հիվանդանոցի համար և տեղակայված է գյուղից որոշակի հեռավորության վրա։ Շենքը վթարային լինելու պատճառով չունի գազաֆիկացում, ջրամատակարարում և պատշաճ էլեկտրասնուցում։ Դպրոցը փորձեր է արել էլեկտրական ջեռուցիչներով ձմռանը տաքացնել դասարանները, սակայն էլեկտրալարերը չեն դիմացել բեռնվածությանը։ Դպրոցն այլընտրանք չունենալու պատճառով անցել է նավթի վառարանների։ Վառարանների ծխատարը պատուհաններից է դուրս գալիս և տաքացնելու էֆեկտիվությունը խիստ կախված է քամու ուղղությունից՝ կարող է լավ տաքացնել, կարող է նաև աշակերտների առողջության համար վտանգավոր ծխով լցնել դասարանը։ Դպրոցի անմխիթար վիճակի նկարագրությունն ավարտենք ամենատխուր փաստով, որ շենքում սանհանգույց գոյություն չունի։
Այս սահմանամերձ համայնքների դպրոցներում ոչ բոլոր ուսուցիչներն են համաձայնվում աշխատել, հատկապես, երբ գոյություն չունի հասարակական տրանսպորտ։ Շատ առարկաների մասով ուսուցիչներ չկան։ Եթե այս ամենին էլ գումարենք բազմահամակազմ դասարանները, պատկերն ամբողջական է դառնում։
Կրթության իրավունքը, ենթադրում է հավասար հնարավորություններ բոլոր աշակերտների համար, կլինի մայրաքաղա՞ք, թե՞ հեռավոր սահմանամերձ գյուղ։ Իսկ հավասար հնարավորություն ստեղծողը պետությունն է, որը պետք է ջանք և միջոց չխնայի դրա համար։
Հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ ՝ «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցում» ծրագրի շրջանակներում։ Բովանդակության համար պատասխանատվություն է կրում "ԱԼՏ" հեռուստախմբագրությունը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Made on
Tilda