Իրացման խնդիրը ոչնչացնում է բնագավառը
Բերքի իրացման խնդիրը գյուղացու համար ավելի մեծ աղետ է, քան գարնանային ցրտահարությունն ու կարկուտը, քանի որ մինչև բերքահավաք գյուղացին պետք է օր ու գիշեր չարչարվի, վարկեր վերցնելով՝ ծախսեր կատարի և դատարկ գրպանով ընտանիքը կերակրելու անլուծելի խնդրի առջև կանգնի։
Առատ բերքը նույնպես խնդիր է Արմավիրի մարզի գյուղացիական տնտեսությունների համար։ Եթե վաղ գարնանից գյուղացին մտածում է գյուղատնտեսական տարին բարենպաստ լինելու, առատ բերք ստանալու մասին, ապա բերքի հասունացման հետ սկսվում են իրացման խնդիրները և արտադրողը կանգնում է փաստի առաջ։ Այս խնդիրները յուրաքանչյուր տարի տարբեր կերպ են դրսևորվում: Կամ գնորդ չկա, կամ ինքնարժեքից ցածր գին է առաջարկվում արտադրողին։
Ուսումնասիրենք մարզի ամենամեծ զբաղվածությունն ապահովող խաղողի տեխնիկական տեսակի իրացման գործընթացը և առաջացած խնդիրները։
Ակնալիճ գյուղի բնակիչ Արմեն Մանուկյանը մեկ հեկտար տեխնիկական տեսակի խաղողի այգի ունի։ Նախկինում, չնայած ցածր գնին, մթերման խնդիր չի ունեցել։ Երևանի կոնյակի գործարանի հետ 20 տոննա մթերման պայմանագրով ամեն տարի բերքը տվել է գործարանին։ Սկզբում գործարանը մթերման պայմանագիրը կրճատեց 50 տոկոսով, իսկ այս տարի դարձրեց 6,5 տոննա։ Ոռոգման ջրի սակավության պատճառով այս տարի բերքատվությունը ցածր է, այդուհանդերձ 14 տոննա բերք ունի, բայց իրացնելու տեղ չունի։ Արմենը գնորդներ է փնտրում։ Իր խոսքով, յուրաքանչյուր առաջարկած գնի հետ համաձայնվում է, միայն խաղողը վազի վրա չմնա։
Արմավիրի մարզի բոլոր խաղողագործները նույն խնդրի առջև են կանգնած։ Հազարավոր տոննաներով խաղողը մնացել է վազերին, մթերող կազմակերպություն չկա, եղածն էլ կրճատել է պայմանագրով նախատեսված քանակը։ Գյուղացիները ստիպված իրենց դժգոհություններն են արտահայտել ամենատարբեր բողոքի ակցիաների միջոցով։
Ալաշկերտցի Արայիկ Մովսիսյանը, արդեն երրորդ տարին է, բերքի իրացման խնդիր ունի։ Ամեն տարի մթերող կազմակերպությունը պայմանագրով նախատեսված բերքի քանակը կրճատում է 20 տոննայից հասցնելով 8,0 տոննայի։ Բերքը փրկելու նպատակով Արայիկը որոշել է օղի և գինի պատրաստել, ասում է՝ դա էլ ծախսերի հետ է կապված, ու չգիտի ուշ աշնանը, թե հաջորդ տարի գարնանը հնարավորություն կունենա սկսել օղու թորման գործընթացը։
Խաղողի մթերում
Արմավիրի մարզպետարանի Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանի մեկնաբանությամբ, մարզում 7 հազար հեկտար բերքատու խաղողի այգի կա, որից 4,5 հազարը՝ տեխնիկական տեսակի։ Ամեն տարի միջինացված սպասվում է 80-85 հազար տոննա տեխնիկական տեսակի խաղողի բերք։ Մարզում խաղողի մթերմամբ զբաղվում է 7 կազմակերպություն։ Այս տարի գումարվեց ևս 3 մթերող Արարատի և Արագածոտնի մարզերից։ Մարզում գործող երկու մթերող ընկերություններ մթերում ընդհանրապես չկազմակերպեցին՝ պատճառաբանելով, որ ազատ տարաներ չունեն։
Տարեցտարի խաղողի այգիներն ավելանում են, իսկ դրան հակառակ նվազում են մթերման ծավալներն ու գները։
Այսօր բոլոր ապրանքների գները կտրուկ բարձրացել են։ Բարձրացել են նաև տեխնիկական տեսակի խաղողից ստացվող ապրանքների գները, սակայն խաղողի մթերման գինը արհեստականորեն իջեցվում է։
Վերջին 10 տարիների ընթացքում սպառողական ապրանքի գնաճի համատեքստում ավելի տխուր վիճակում են հայտնվում խաղողագործները։
Տեխնիկական տեսակի խաղողի օրինակով կատարեցինք ուսումնասիրություն, քանի որ բնագավառում կան արտադրողներ, միևնույն ժամանակ կան նաև վերամշակող տնտեսվարողներ, որոնց գործունեությունը անմիջականորեն կապված է արտադրողի հետ։ Ճիշտ է, տնտեսվարողները թելադրում են իրենց պայմանները, սակայն ունեն արտադրողի նկատմամբ պայմանագրային պարտավորություններ, որը ոչ միշտ են կատարում։
Գյուղացին մենակ է իր հոգսերի հետ
Խաղող մթերող կազմակերպությունները նույն ձեռագրով են աշխատում։ Խաղողագործների հետ կնքում են շատ փոքր քանակի մթերման պայմանագիր, իսկ հետագայում պայմանագրից դուրս, կամ առանց պայմանագիր կարող է խաղող մթերել այս անգամ ավելի ցածր գնով։ Գյուղացին ստիպված է համաձայնել, քանի որ տեխնիկական տեսակի խաղողն իրացման այլ շուկա չունի։
Այս տարի Պռոշյանի գինու, կոնյակի գործարանը խաղողը մթերում էր կիլոգրամը 130 դրամով, սակայն խաղողի իրական քաշից 8-15 տոկոս հանում էր առանց պատճառաբանության, կամ լավագույն դեպքում պատճառաբանում էր, որ խաղողի որակը չի համապատասխանում իրենց առաջադրած չափանիշներին։
ՀՀ Կառավարությունը մթերող կազմակերպություններին մթերում կազմակերպելու համար սուբսիդավորվող տոկոսադրույքով արտոնյալ վարկեր տրամադրելու առաջարկություն կատարեց։ Շատ մթերողներ օգտվեցին այդ վարկերից, սակայն մթերողներ կան, որ խաղողի դիմաց վճարումները խոստացել են կատարել 2022 թվականին, ավելի ստույգ՝ 6 ամսվա ընթացքում։ Խաղողագործները, չունենալով այլընտրանք, ստիպված են համաձայնել, իսկ բանկերը 6 ամիս կսպասե՞ն։ Իհարկե չեն սպասի, նոր վարկ կձևակերպեն, նորով կփակեն հին վարկը և գյուղացին խաղողագործից կդառնա բանկ սպասարկող։
Խաղողագործների հաշվարկով, 1 կգ տեխնիկական տեսակի խաղողի ինքնարժեքը կազմում է 107-109 դրամ։ Ստացվում է՝ 1 հա տեխնիկական տեսակի խաղող մշակող ընտանիքը, բերքառատ տարում ստանալով 15 տոննա բերք և իրացնելով 130 դրամով, պետք է ամբողջ տարին ընտանիքով գոյատևի 300-400 հազար դրամով։ Անտրամաբանական է, որ 0,5 լ տարողությամբ 3 տարեկան կոնյակի մանրածախ գնի մեջ խաղողի գինը կազմում է ընդամենը 3-4 տոկոս։
Խաղողագործության բնագավառում նման իրավիճակները, մասնավորապես՝ լճացումը և դեֆիցիտը, պարբերական բնույթ են կրում։ Գյուղացիական տնտեսությունները այս իրավիճակում են հայտնվել 1996, 2009 թվականներին, երբ լճացումից այգիները համատարած քանդվեցին։ Դրան հաջորդեց խաղողի դեֆիցիտն ու մթերման գների բարձրացումը։ Այնուհետև, նորից հիմնվեցին խաղողի այգիներ և շարունակաբար պատմությունը կրկնվեց։ Նման երևույթները վկայում են, որ չկա գինեգործության և խաղողագործության պետական ռազմավարություն, երևույթները դուրս են կառավարման դաշտից, իսկ տուժողը ինչպես միշտ, գյուղացին է։
Պետության դերը
Տեխնիկական տեսակի խաղողից ստացված արտադրանքը տեղական շուկայում չի սպառվի, իսկ արտաքին շուկայում պահանջարկ ունենալու համար պետության միջամտությունն է պետք։ Գյուղացին պետք է երաշխիք ունենա՝ ստացած բերքը կարո՞ղ է իրացնել, թե՞ ոչ, և այս երաշխիքից է կախված վարկերից օգտվելն ու լրացուցիչ աշխատողների ներգրավումը։ Պետությունը չունի գինեգործության և խաղողագործության ռազմավարություն, որը կավելացներ խաղողի պահանջարկը և մթերման գինը։ Պետությունը՝ ոչինչ չպահանջելով, հարկատուների գումարներով վճարում է մթերողների վարկային տոկոսադրույքները։
ՀՀ Էկոնոմիկայի նախարարը վերջերս լրագրողների հարցերին պատասխանելիս՝ հայտարարեց, որ տեխնիկական տեսակի խաղողի ինքնարժեքը 80-90 դրամ է։ Սա, ուղիղ իմաստով, ազդակ էր, որ շատ մթերողներ խաղողի գնման գինը նվազեցնեին մինչև 110 դրամ։
Երբ ուսումնասիրում ենք Հայաստան ներմուծված սպիրտի ծավալները, հասկանալի է դառնում, որ տեխնիկական տեսակի խաղողի լճացումը տրամաբանական գործընթաց է։
Բնական է, Հայաստանի պես փոքր երկրում ներմուծված սպիրտի քանակը թույլ չի տա, որ խաղողագործությունը զարգանա։

Պետությունը խաղողի մթերման գործընթացում մեկ նպատակ ունի՝ արտադրված խաղողը հասցնել մթերողին, իսկ մթերման գինը իշխանության օրակարգում չկա։ Այս մոտեցումը նպաստավոր պայմաններ է ստեղծում խաղողի այգիների կրճատման համար։
Հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ ՝ «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցում» ծրագրի շրջանակներում։ Բովանդակության համար պատասխանատվություն է կրում "ԱԼՏ" հեռուստախմբագրությունը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Made on
Tilda