Ոռոգման ջուր մատակարարողներն արդարանում են, որ ջրի կորուստը հասնում է մինչև 70 տոկոսի, ոռոգման ցանցը քայքայված է, ծախսված ոռոգման ջրի դիմաց վճարումները թերի են կատարվում, իսկ գյուղացին ոռոգել չգիտի, ջուրը շռայլվում է։
Որքանո՞վ են արդարացված մատակարարի պնդումները, կարելի է փաստերով խոսել: Վերջին 5 տարիներին, համաձայն Էլեկտրոնային կառավարման տվյալների, ոռոգման համակարգի վրա ծախսվել է 84,8 միլիարդ դրամ։ Բացի ֆինանսական աջակցություններից, կատարվել են ոռոգման համակարգի հիմնանորոգում, ոռոգման համակարգերի արդյունավետության բարձրացում, զարգացում, առողջացում, բայց համակարգը ոչ զարգացել է, ոչ էլ՝ առողջացել, կորուստներն ինչպես կային, այնպես էլ մնացել են։
5 ամիս առաջ այս կիսախողովակները բերվել են Ակնալիճ գյուղի այգիներ՝ առողջացնելու ոռոգման ջրատարները։ Մինչ օրս այս կոնստրուկցիաներն իրենց տեղում են, իսկ հին ու քայքայված ջրատարները սպասում են իրենց առողջացմանը։