Կողբավանցի Մրազ Ջանգոյանն ասելիք շատ ունի։ Երեք տասնյակ տարի է, բնակվում է գյուղում, երբեք չի դժգոհել։ Ազգությամբ եզդի է, զբաղվում է անասնապահությամբ։ Վերջին տարիներին խնդիրները խորացել են, հոգսերն ավելացել։ Մրազի խոսքով, նույնիսկ անասնապահությունն է արդեն հարցականի տակ։
Սահմանամերձ Կողբավան գյուղը Արմավիրի մարզի ամենաերիտասարդ բնակավայրերից է։ Հիմնադրվել է 1984 թվ-ին, Բաղրամյանի տարածաշրջանում։ Այդ տարիներին Բաղրամյանի շրջան էր կառուցվում և, մինչև խորհրդային տարիների ավարտը, Կողբավան գյուղում կառուցվեց 17 առանձնատուն՝ յուրաքանչյուրը 2 ընտանիքի համար։ Գյուղում բնակություն հաստատեցին մոտ 200 բնակիչ։ .
Մրազ Ջանգոյանի խոսքով, գյուղում ոչ մի բան չկա։ "Խանութ չկա, դպրոց չկա, տրանսպորտ չկա։ Էդքան չկայի մեջ մի հատ լավ գյուղապետ ունեինք, ով գյուղի խմելու ջրի հարցը լուծեց, փողոցը լուսավորեց, էրեխեքի դպրոց հասցնելու միկրոավտոբուս գնեց, գյուղի համար գյուղտեխնիկա ձեռք բերեց։ Էսօր էդ գյուղապետն էլ չունենք, լրիվ անտեր ենք մնացել"։
Գյուղի դպրոցահասակ երեխաները հաճախում են Վանանդ գյուղի դպրոց։ Ամեն օր միկրոավտոբուսը նրանց առավոտյան տանում է դպրոց, սպասում մինչև վերջին աշակերտը դասերը կավարտի և հետ է բերում։ Խնդիրն այն է, որ գյուղի 6 աշակերտները սովորում են բարձր և ցածր դասարաններում, և ցածր դասարանցիները պետք է սպասեն մինչև բարձր դասարանի աշակերտներն ավարտեն դասերը։
2021թ․ ՏԻՄ ընտրությունների արդյունքում Կողբավան համայնքը միացավ Բաղրամյան միավորված համայնքին, որից ավտոճանապարհով գտնվում է 25 կմ հեռավորության վրա։ Ընտրություններից հետո Կողբավանը մնաց անորոշ կարգավիճակում։ Ըստ "Տեղական ինքնակառավարման մասին" ՀՀ օրենքի, միավորումից հետո 500 բնակչից ավելի բնակավայրերն ունենալու են վարչական ղեկավար, իսկ 500 բնակչից պակաս բնակավայրերի վարչական ղեկավար է հանդիսանալու հարևան բնակավայրի վարչական ղեկավարը։ Կողբավանի հարևանությամբ՝ 7 կմ հեռավորության վրա, Վանանդ բնակավայրն է։
Կողբավանի նախկին համայնքի ղեկավար Սերոբ Սերոբյանը հեռախոսազրույցում մեզ հայտնեց, Կողբավանի վարչական ղեկավարությունը կստանձնի Վանանդի վարչական ղեկավարը։ Ասաց քննարկվել է նաև Երվանդաշատի ղեկավարի հարցը, բայց քանի որ Վանանդն ավելի մոտ է, ճիշտ է Վանանդին հանձնել։ Կողբավանում հաշվառված է 162 բնակիչ, բայց փաստացի բնակվում
են կեսից ավելի քիչ բնակիչներ։