ԱՂԲԱՀԱՆՈւԹՅՈւՆ
ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ԳՆԵՐՈՎ
Արմավիր քաղաքի բնակիչները 2023թ. հունվարից աղբահանության համար անձի հաշվարկով կվճարեն 200 դրամ։ Այդքան են վճարում նաև մայրաքաղաքի բնակիչները։
Արմավիրի մարզի Արմավիր համայնքի 2022թ. դեկտեմբերի 5-ի ավագանու արտահերթ նիստում ընդունվեց համայնքի վարչական տարածքում տեղական տուրքերի և վճարների 2023 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին N 205-Ն որոշումը։ Որոշման հավելված 2-ի 6-րդ մասի (ա) կետով քաղաքաբնակ յուրաքանչյուր անձի համար աղբահանության վճար սահմանվեց ամսեկան 200 դրամ, իսկ գյուղաբնակ յուրաքանչյուր անձի համար՝ 50 դրամ։
Այս որոշմամբ Արմավիր համայնքի ավագանին աղբահանության ծառայության վճարն ավելացրեց 100 տոկոսով։ Որոշումը տարածվում է ծննդատնից մինչև գերեզմանատուն միջակայքում գտնվող բոլոր բնակիչների վրա։ Սա նշանակում է, որ մինչև որոշման ընդունումը եղել են հաշվարկներ, վերլուծություններ և ավագանու համապատասխան հանձնաժողովի դրական եզրակացությամբ առաջարկն ընդգրկվել է ավագանու նիստի օրակարգ։
Այս որոշման ընդունման հետ կապված՝ մեզ մոտ առաջացան հարցեր։ Ենթադրվում է, որ նմանատիպ հարցեր առաջացած կլինեն նաև ավագանու անդամների մոտ։
Փորձենք հետաքրքրող հարցերի պատասխանները գտնել Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայքում, մասնավորապես՝
1. Ի՞նչ էական տարբերություն կա քաղաքային և գյուղական աղբի կամ աղբահանության ծառայության միջև,
2. Ի՞նչ հիմնավորումներով են կրկնակի անգամ ավելացրել աղբահանության ծառայության վճարները,
3. Ինչպիսի՞ եզրակացություն է տվել ավագանու մասնագիտական հանձնաժողովը նախագծին,
4. Ի՞նչ կերպ են արձագանքել նախագծին ավագանու անդամները,
5. Ծառայության որակի փոփոխություն ենթադրվում է թանկացու՞մը,
6. Արդյո՞ք հնարավոր չէր աստիճանական թանկացում,
7. Թանկացումից առաջացած լրացուցիչ միջոցներն ի՞նչ ուղղվածություն են ունենալու։
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայքն ուսումնասիրելով՝ պարզեցինք, որ 2022թ. դեկտեմբերի 5-ի N201-Ա արտահերթ նիստը զուրկ է իրավական հիմքերից, մասնավորապես՝ նիստի մասին տեղեկատվությունը, համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 17 հոդվածի 4-րդ կետի՝
4. Արտահերթ նիստի օրակարգի ձևավորումը, արտահերթ նիստի մասին տեղեկացումն ու անցկացումն իրականացվում են հերթական նիստի համար սույն օրենքով սահմանված կարգով` հաշվի առնելով սույն հոդվածի առանձնահատկությունները:
Սա նշանակում է, որ նիստի մասին տեղեկատվությունը պետք է հրապարակվի նույն օրենքի 15 հոդվածի առաջին և երկրորդ կետերի պահանջով։
1. Ավագանու հերթական նիստից առնվազն յոթ օր առաջ համայնքի ղեկավարը հրապարակում է ավագանու նիստի օրակարգի նախագիծը` նշելով նիստի անցկացման վայրը և ժամանակը: Հրապարակումն իրականացվում է համայնքներում` համայնքի ավագանու նստավայրում դրանք փակցնելու միջոցով, ինչպես նաև համայնքի կազմում ընդգրկված բոլոր բնակավայրերում:
2. 3000 և ավելի բնակիչ ունեցող համայնքներում այդ տեղեկությունը հրապարակվում է զանգվածային լրատվության միջոցներով կամ համացանցային ցանցի, այդ թվում` համայնքի պաշտոնական համացանցային կայքի միջոցով:
Փաստացի 2022թ. դեկտեմբերի 5-ի նիստի մասին տեղեկատվությունը, ըստ Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայքի, հրապարակվել է 2022թ. դեկտեմբերի 2-ին, իսկ որոշումների նախագծերը չեն տեղադրվել։
ՀՀ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 11-րդ հոդվածի 8-րդ կետով՝
20000 կամ ավելի բնակիչ ունեցող համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների մշակած նորմատիվ իրավական ակտերի նախագծերը հրապարակվում են համայնքի համացանցային պաշտոնական կայքում, որը պետք է ապահովված լինի իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքի հետ փոխգործելիությամբ:
Այստեղ էլ նախագիծ չկարողացանք հայտնաբերել։
ՀՀ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14 հոդվածի 5-րդ կետի պահանջով՝
5. Ավագանու 9 և ավելի անդամ ունեցող համայնքի ավագանու նիստի օրակարգում ընդգրկվող հարցերը պետք է նախապես քննարկվեն ավագանու իրավասու հանձնաժողովում: Քննարկման արդյունքում ձևավորված կարծիքը կցվում է ավագանու նիստի օրակարգի նյութերին:
Արմավիր համայնքի ավագանու 2021թ. դեկտեմբերի 27-ի թիվ 12 արտահերթ նիստի 112-Ա որոշմամբ ընդունվել է Արմավիր համայնքի ավագանու կանոնակարգ, որով կարգավորվում է Արմավիր համայնքի ավագանու գործունեության կազմակերպումը, նիստերի նախապատրաստումը և անցկացումը։
Իսկ կանոնակարգի 4-րդ գլխի դրույթներով՝
Օրենքի պահանջը, գումարած ավագանու իր իսկ ընդունած կանոնակարգը, բավարար չեն եղել, որ հասարակության յուրաքանչյուր անդամին վերաբերող որոշումը քննարկվեր ավագանու մասնագիտական հանձնաժողովի նիստում։
Ուսումնասիրելով Արմավիր համայնքի ավագանու ընդունած որոշումներն ու նիստերի երբեմն կազմած արձանագրությունները՝ եկանք այն եզրակացության, որ ավագանու 4 մասնագիտական մշտական հանձնաժողովներն անտեղյակ են իրենց գործառույթներին և նիստեր չեն գումարել։
Մեզ հետաքրքիր էր, թե ի՞նչ արձագանք է եղել ավագանու անդամների կողմից աղբահանության ծառայության վճարների կրկնակի թանկացման նախագծի վերաբերյալ։ ՀՀ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 16 հոդվածի 6-րդ կետը մեզ ուղղորդեց դեպի նիստի արձանագրություն, սակայն արձանագրության մեջ, բացի որոշման նախագծի վերնագրից, հետաքրքիր ոչինչ չկարողացանք գտնել։
Փորձեցինք ՀՀ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 16 հոդվածի 9-րդ կետի պահանջով ուսումնասիրել նիստի տեսագրությունը։ Պարզվեց, որ Արմավիրի համայնքապետարանն անտեսում է օրենքի պահանջը և նիստերը տեսագրելու պրակտիկա գոյություն չունի։
2023թվ-ին Արմավիր քաղաքի աղբահանության ծառայության գործընթացում թանկացումից հետո ոչ մի փոփոխություն չի եղել ինչպես 100 դրամի, այնպես էլ՝ 200 դրամի պայմաններում։ Շաբաթը մեկ անգամ հայտնվող նույն կիսաքանդ տրակտորն է իր բանվորների հետ իրականացնում աղբահանությունը։ Չի փոխվել նաև առանց կափարիչների աղբամանների քանակն ու հակահիգիենիկ տեսքը։
Մասնավոր զրույցում ավագանու անդամներից մեկից տեղեկացանք, որ աղբահանության ծառայության վարձավճարի թանկացումը կապված է նոր տեխնիկական միջոցների ձեռքբերման հետ։ Այստեղ առաջանում է ևս մեկ հարց՝ բնակիչը վճարում է աղբահանության ծառայության դիմաց, իսկ թե ի՞նչ տեխնիկական միջոցներ են օգտագործվում ծառայություն մատուցելու ընթացքում, դա արդեն բնակչի խնդիրը չի կարող լինել։
Մեզ մնաց ստանալ մի հարցի պատասխան՝ էական տարբերությունը գյուղական և քաղաքային աղբի կամ աղբահանության միջև։ Պարզվում է՝ տարբերություն չկա, քանի որ Արմավիր քաղաքի աղբահանության և սանմաքրման վճարները բնակիչների մասով հավասարեցվել են մայրաքաղաքի գներին, իսկ որոշ օբյեկտների մասով գերազանցել են Երևանյան վճարները։
Սա ընդամենը մեկ դրվագ է, թե ինչպիսին չի կարող լինել ավագանին՝ հատկապես, որ այն բաղկացած է ընդամենը մեկ խմբակցությունից, և 27 ավագանու անդամները 100 տոկոս կողմ ձայներով հասցրել են ընդունել 245 որոշում։
Made on
Tilda