Մեկ կուսակցություն՝ Արմավիրում, ընտրության այլընտրանք՝ Հաապսալուում․ ի՞նչ են ցույց տալիս ընտրողների մասնակցության թվերը
Նույն ընտրությունները՝ տարբեր իրականություններ․ Հայաստանի և Էստոնիայի տեղական ընտրությունների զուգահեռը

Ընտրությունները ժողովրդավարության կարևորագույն մեխանիզմներից են, սակայն դրանց նշանակությունը միայն քվեարկության օրով և արդյունքներով չի սահմանափակվում։ Ընտրական գործընթացներում ամենակարևորը «ընտրություն» եզրույթի փիլիսոփայության պահպանումն է, ինչը ենթադրում է, որ քաղաքացին պետք է ունենա ընտրելու հնարավորություն։

Այս հարցերը դիտարկելու հնարավորություն են տալիս Հայաստանի Արմավիր և Էստոնիայի Հաապսալու քաղաքների տեղական ընտրությունները։ Հաապսալուում ընտրություններին մասնակցել են մի քանի քաղաքական ուժեր, մինչդեռ Արմավիրում առաջադրվել է միայն մեկ կուսակցություն։

Արդյո՞ք քաղաքական մրցակցության առկայությունը նպաստում է ընտրողների ակտիվ մասնակցությանը, իսկ այլընտրանքի բացակայությունը՝ պասիվությանը։ Երկու քաղաքների փորձը հնարավորություն է տալիս քննարկելու այս հարցը՝ հաշվի առնելով նաև տեղական քաղաքական միջավայրի և ընտրական գործընթացների այլ առանձնահատկությունները։

Հաապսալու․ ընտրություն մի քանի քաղաքական ուժերի միջև

Էստոնիայի Հաապսալու համայնքն ունի 13 հազար բնակիչ, որից 9․8 հազարը բնակվում է Հաապսալու համայնքային կենտրոնում։ Տեղական ընտրություններում առաջադրվել էին 7 քաղաքական կուսակցություններ և դաշինքներ, որոնցից 5-ը ստացան ավագանու մանդատներ։ Ընտրությունների վերջնական արդյունքներով առաջատարը 11 մանդատով «Իսամաա» կուսակցությունն էր, երկրորդ հորիզոնականում՝ «ՀաՌի» դաշինքը՝ 8 մանդատով, երկուական մանդատ ստացան «Տերվե Հաապսալու», «Կենտրոնական կուսակցություն» և «Պահպանողական ժողովրդական կուսակցություն» քաղաքական ուժերը։

«Իսամաա»-ն ստացել է ամենամեծ թվով մանդատները, սակայն ավագանիում չի ունեցել միանձնյա մեծամասնություն: Մեծամասնություն ունենալու համար կոալիցիա է կազմել «Տերվե Հաապսալու» կուսակցության հետ և ապահովել անհրաժեշտ 13 մանդատը։

Այս պատկերը ցույց է տալիս, որ քաղաքական մրցակցությունը չի սահմանափակվում միայն քվեարկության օրով։ Այն շարունակվում է նաև ընտրություններից հետո՝ քաղաքական ուժերի միջև բանակցությունների, համագործակցության և որոշումների կայացման գործընթացում։

Հաապսալուի ընտրություններին մասնակցել է ընտրողների 61,4 տոկոսը։ Քաղաքացիները հնարավորություն են ունեցել կատարելու ընտրություն ներկայացված ծրագրերի միջև և իրենց քվեով որոշել, թե որ քաղաքական ուժերն են ներկայացնելու իրենց շահերը տեղական կառավարման մարմնում։

Ընտրությունների արդյունքում քաղաքապետ է դարձել Օլավի Սեյսոնենը՝ «Իսամաա» կուսակցությունից։ Նրա ներկայացրած առաջնահերթությունների թվում եղել են արդյունավետ և թափանցիկ կառավարումը, ենթակառուցվածքների զարգացումը, հանրային ծառայությունների բարելավումը, երիտասարդների ու մշակութային կյանքի համար հնարավորությունների ստեղծումը, ինչպես նաև շրջակա միջավայրի պաշտպանությունը։

Տեղական կառավարման օրակարգում, բացի ծրագրային դրույթները, կարևոր տեղ ունի նաև քաղաքացիների մասնակցությունը։ Աշխատանքների արդյունավետությունը մեծապես կապված է գործընթացների թափանցիկությամբ, հաշվետվողականությամբ և հասարակության ներգրավվածության մակարդակով։

Հայաստանի լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Հաապսալուի քաղաքապետ՝ Օլավի Սեյսոնենի հետ քննարկեցինք ընտրություններում ունեցած նրա հաջողության մասին։ Խոսեցինք հիմնական շեշտադրումների մասին, որոնք դրված են եղել նախընտրական քարոզչության հիմքում։

Օլավի Սեյսոնենը, ով մինչ այդ աշխատել էր որպես Էստոնիայի Արտաքին գործերի նախարարության վարչական հարցերով փոխքարտուղար՝ ղեկավարելով ֆինանսական, վարչական և ՏՏ ոլորտները, իր ընտրարշավը կառուցել էր հետևյալ հիմնական սկզբունքների վրա․

«Ես բոլոր ընտրություններին մասնակցել եմ, որովհետև, եթե չմասնակցես, չգնաս ընտրության, իրավունք չունես պահանջել ու ասել՝ սա լավ է կամ սա վատ է։ Բայց երբ կատարում ես քո քաղաքացիական պարտքը, կարող ես փոփոխություն բերել քո համայնքին, երկրին, օգտվես քո այդ իրավունքից և ասես՝ սա ճիշտ չէ, սա սխալ է։ Ի՞նչ ակնկալիքներ ունեն մարդիկ։ Անկախությունից հետո Էստոնիայում հարաբերականորեն աղքատության մեջ ապրող մարդկանց թիվը մեծանում է, նրանց եկամուտը և ապրանքների գները չեն համապատասխանում։ Մարդիկ ցանկանում են կյանքը հեշտ ապրել, իսկ քաղաքական գործիչներն ասում են դրա համար ամեն ինչ կանենք։ Մենք տեսնում ենք, որ միշտ չէ, որ անում են։ Դա ասում են ընտրություններից առաջ, բայց երբ ընտրվում են, շատ բան է փոխվում, այսինքն պետք է միշտ մտածել քաղաքացիների համար ի՞նչն է ճիշտ, ի՞նչն է լավ», - ասում է Օլավի Սեյսոնեն։

Հաապսալուի քաղաքապետ՝ Օլավի Սեյսոնեն

Ասում են Հաապսալուի բնակիչներին ամենաշատը գրավել է այն, որ Օլավին խոստացել է հատուկ ուշադրություն դարձնել մանկապարտեզների բարեկարգմանը, երիտասարդների նախաձեռնությունների իրագործմանը, նրանց համայնքի որոշումներում մասնակցային դարձնելը և հատկապես տարեցների առողջության մատչելիության ապահովումը, այսինքն այն խնդիրները, որոնք նախորդ ղեկավարի ժամանակ դժգոհությունների առիթ են հանդիսացել։

Արմավիր․ ընտրություն՝ առանց քաղաքական այլընտրանքի

Հայաստանի Արմավիր համայնքում 2026թ․ հոկտեմբերի 25-ին կայացած ընտրություններն այլ պատկեր են ներկայացրել։ Արմավիր քաղաքն ու տասը գյուղական բնակավայրերը ներառող համայնքում ընտրություններին մասնակցել է միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Վարշամ Սարգսյանի գլխավորությամբ։

Համայնքում ընտրելու իրավունք ուներ 37 961 քաղաքացի, որոնցից քվեարկությանը մասնակցել է 13 942-ը՝ 36,72 տոկոսը։ Այսպիսով, ընտրելու իրավունք ունեցողների մեծամասնությունը չի մասնակցել քվեարկությանը։

Իհարկե, միայն այս ցուցանիշով հնարավոր չէ միանշանակ պնդել, որ ընտրողների ցածր մասնակցության պատճառը մրցակից քաղաքական ուժերի բացակայությունն է։ Քաղաքացիների որոշման վրա կարող են ազդել նաև իշխանության նկատմամբ վստահությունը, քաղաքական գործընթացների հանդեպ հետաքրքրությունը, նախորդ փորձը և այլ հանգամանքներ։ Այդուհանդերձ, երբ ընտրություններին մասնակցում է միայն մեկ քաղաքական ուժ, ընտրողի հնարավորությունն էապես սահմանափակվում է՝ նա չի կարող իր քվեն տալ մեկ այլ ուժի կամ ընտրել տարբեր քաղաքական ծրագրերի միջև։

Քարոզարշավի ընթացքում Վարշամ Սարգսյանը հայտարարել է, որ այցելել է համայնքի գյուղական բնակավայրերն ու թաղամասերը՝ բնակիչների հետ հանդիպելու համար։ Նրա հրապարակային ուղերձներում կարևոր տեղ է զբաղեցրել ընտրողների մասնակցության կոչը։ Միաժամանակ, քարոզարշավի ընթացքում համայնքում մրցակցող քաղաքական այլընտրանք չի եղել, ինչը սահմանափակել է տարբեր ծրագրերի և մոտեցումների համեմատության հնարավորությունը։

Այս պայմաններում առանցքային է դառնում ոչ միայն այն, թե ինչ ծրագրեր է առաջարկում առաջադրված ուժը, այլև այն, թե ինչու մյուս քաղաքական ուժերը չեն մասնակցում ընտրություններին, և ինչպիսի պայմաններ են անհրաժեշտ, որպեսզի ապագայում քաղաքացիներն ունենան ընտրության հնարավորություն։

Հինգ տարվա աշխատանքը, լուծված և չլուծված խնդիրները

2021-2026 թվականներին Արմավիրի ավագանու աշխատանքում եղել են համայնքային ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված ծրագրեր։ Կառուցվել և վերանորոգվել են մանկապարտեզներ, բարեկարգվել փողոցներ ու բակեր, իրականացվել լուսավորության և դպրոցների վերանորոգման աշխատանքներ։ Ծրագրերի հիմնական մասն իրականացվել է սուբվենցիոն միջոցներով։

Միաժամանակ համայնքում պահպանվել են խնդիրներ, որոնք անմիջականորեն ազդում են բնակիչների սոցիալ-տնտեսական վիճակի վրա։ Գյուղատնտեսական արտադրանքի իրացման դժվարությունները, ոռոգման ջրի կառավարումը, կեղտաջրերի մաքրման կայանի բացակայությունը, աղբի կառավարման խնդիրները, հողերի դեգրադացիան, թափառող շները և մանկապարտեզներում հերթերը շարունակում են մնալ համայնքային օրակարգի կարևոր հարցեր։

Առանձին ուշադրության կարիք ունեն նաև հեռավոր գյուղական բնակավայրերը, որտեղ զարգացման հնարավորությունները միշտ չէ, որ համարժեք են համայնքի կենտրոնում իրականացվող աշխատանքներին։

Այս խնդիրները ցույց են տալիս, որ համայնքի զարգացումը պահանջում է ոչ միայն ծրագրերի իրականացում, այլև դրանց արդյունքների հանրային գնահատում, բնակիչների մասնակցություն և իշխանության հաշվետվողականություն, իսկ քաղաքական մրցակցությունը կարող է կարևոր դեր ունենալ այդ գործընթացում՝ ստիպելով տարբեր ուժերին ներկայացնել լուծումներ, հիմնավորել իրենց առաջարկներն ու պատասխանել հանրության հարցերին։

Ընտրությունը՝ ժողովրդավարության կարևոր պայման

Արմավիրի և Հաապսալուի ընտրությունների համեմատությունը ցույց է տալիս երկու տարբեր պատկեր․ Հաապսալուում ընտրողներին տրվել է մեծ ընտրության հնարավորություն, իսկ Արմավիրում ընտրության այլընտրանք չի եղել։ Ընտրողների մասնակցության ցուցանիշներն էլ էապես տարբերվել են՝ 61,4 տոկոս Հաապսալուում, և 36,72 տոկոս՝ Արմավիրում։

Այս թվերը չեն ապացուցում, որ մասնակցության տարբերության միակ պատճառը քաղաքական մրցակցությունն է։ Սակայն դրանք կարևոր հարց են առաջադրում՝ ինչո՞ւ պետք է քաղաքացին մասնակցի ընտրության, երբ ընտրելու այլընտրանք չունի։

Ժողովրդավարությունը միայն քվեարկության օրը չէ։ Այն նաև քաղաքական մրցակցություն է, ընտրության հնարավորություն և վստահություն, որ յուրաքանչյուր ձայն կարող է ազդեցություն ունենալ։ Իսկ երբ այդ հնարավորությունները սահմանափակվում են, վտանգվում է ոչ միայն ընտրողների ակտիվությունը, այլև հանրային մասնակցության նկատմամբ վստահությունը։

Հայաստանի տարածաշրջանային լրագրողների այցը Էստոնիայի մայրաքաղաք՝ Տալլին


Հ/Գ․ Հոկտեմբերի սկզբին Հայաստանի մարզային լրատվամիջոցների ներկայացուցիչները Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում էին։ Այցն ուներ երկու նպատակ՝ նախ հայ լրագրողներին ծանոթացնել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների օբյեկտիվ և հավասարակշռված լուսաբանման էստոնական տարածաշրջանային լրատվամիջոցների փորձին, ապա՝ կիսվել էստոնացի լրագրողների կողմից մշակված լավագույն փորձով՝ ուղղված օտարերկրյա տեղեկատվական մանիպուլացիայի և միջամտության (FIMI) հարձակումների բացահայտմանն ու դրանց հակազդմանը։

Այցը կազմակերպել էր «Մասնագետների միջազգային գործընկերության ցանցը» (PractNet): Հիշեցնենք, որ Էստոնիա կատարած այցը նույն կազմակերպության կողմից հուլիսին Հայաստանում կազմակերպված մեդիա դասընթացի շարունակությունն էր։ Ծրագիրը ֆինանսավորվում էր «Ժողովրդավարական կայունության պաշտպանություն․ ռազմավարական հաղորդակցություն և արձագանքում օտարերկրյա տեղեկատվական մանիպուլացիաներին և միջամտություններին» (FIMI) ծրագրի շրջանակներում։

Հայկական լրատվամիջոցները հնարավորություն ունեցան լինել էստոնական տարբեր լրատվամիջոցներում, հանդիպել ոլորտի փորձագետների հետ, քննարկել երկու երկրների փորձը, քաղել դասեր և ձեռք բերել նոր գիտելիքներ։

Made on
Tilda