Ամեն օր տասնյակ ջրատար մեքենաներ Թալին քաղաքից խմելու ջուր են բերում Արմավիրի մարզ։ Բերված ջրի մի մասով լիցքավորում են ջրի վաճառքի ստացիոնար կետերը, իսկ մնացածը վաճառում բնակավայրերի փողոցներում՝ շրջիկ մեքենաների միջոցով։
րմավիրի մարզում մարդիկ արդեն ընտելացել են ջուր գնելու պրակտիկային։ Մարզի բնակավայրերում հիմնականում վաճառվում է Արագածոտնի մարզի Թալին քաղաքից բերված խմելու ջուրը, որի կոշտությունը չի գերազանցում 1,1-1,3 մմոլ/լ-ը։
Ջրի գները տարբեր են և, կախված բնակավայրի աշխարհագրական դիրքից, տատանվում են 7-10 դրամի սահմաններում՝ մեկ լիտրի համար։ Թալինին մոտ բնակավայրերում ջուրը համեմատաբար ավելի էժան է։ Գործում են նաև մեծածախ և մանրածախ գներ։ Ջրի մեծածախ գինը, օրինակ՝ Արմավիր քաղաքում 5 դրամ է, իսկ մանրածախը՝ 10 դրամ մեկ լիտրի համար։
Վաճառվող ջրի հետ կապված ամենամեծ խնդիրը ջրի որակի հսկողությունն է, որը ոչ մի փուլում չի կատարվում։ «Խմելու ջրի վաճառքի պահանջներ գոյություն ունեն դեռևս խորհրդային տարիներից։ Մասնավորապես, վաճառվող ջուրը պետք է ունենա հետազոտության արդյունքների սերտիֆիկատ, ցիստեռնը պետք է կնքված լինի։ Վաճառվող ջրի ցիստեռները պետք է հաճախակի մաքրվեն մասնագիտական կառույցի կողմից, որի հետ անհրաժեշտ է պայմանագիր ունենա ջուր վաճառող սուբյեկտը։ Կան նորմատիվներ, սակայն այսօր չկա կառույց, որն ունենա լծակներ բնագավառը կարգավորելու և հսկողություն սահմանելու համար: Նույնիսկ չգիտենք՝ ցիստեռնը խմելու ջուրը բերում է Թալինի՞ աղբյուրներից, թե՞, օրինակ, ճանապարհին պատահած ցանկացած աղբյուրից կամ առվակներից», - նկատում է Արմավիրի մարզի նախկին համաճարակաբան Աշխեն Պողոսյանը։
Աշխեն Պողոսյան
Համաճարակաբան
2021 թվ-ին Արմավիրի մարզի Խանջյան գյուղում գրանցվեց զանգվածային թունավորման դեպք։ Պաշտոնական հաղորդագրությամբ հաստատվեց, որ զանգվածային թունավորման պատճառը վաճառվող ջուրն է եղել։
Ըստ ԱՆ 2002թ․ հրամանի՝ Առողջապահության նախարարության հսկողության տիրույթից դուրս է վաճառվող ջրի որակի հսկողությունը։ Նախարարությունը ջրի որակի հսկողություն պետք է իրականացնի միայն կենտրոնացված ջրամատակարարման ցանցերում։
2021թ. օգոստոսի 11-ին՝ թունավորման դեպքի օրը, Արմավիրի նախկին մարզպետ Համբարձում Մաթևոսյանը հրատապ նիստ հրավիրեց և համայնքի ղեկավարներին հրահանգեց հսկողություն սահմանել վաճառվող ջրի որակի նկատմամբ։
Փորձեցինք պարզել, թե 2022 թվ-ին Արմավիրի մարզի համայնքապետերը որքա՞ն գումար են ծախսել վաճառվող ջրի որակի հսկողության նպատակով։ Արմավիրի մարզի 7 համայնքների 2022թ. բյուջեի կատարողականների ուսումնասիրության արդյունքում պարզվեց, որ բոլոր համայնքները միասին և առանձին-առանձին ոչ մի դրամ չեն ծախսել վաճառվող ջրի որակը ստուգելու համար։ Նկատենք, որ ջրի մանրէաբանական հետազոտության արժեքը, ըստ «Ստանդարտ դիալոգ» փորձարկման լաբորատորիայի գնացուցակի, կարող է հասնել մինչև 100 հազար դրամի։
Մինչդեռ, վաճառվող ջրից եկող վտանգները շատ մեծ են, մասնավորապես՝ ջուրը կարող է օրերով մնալ ավտոցիստեռների մեջ։
Քաղաքացիները վկայում են, որ ջրի վաճառքի ստացիոնար կետերը նույնպես սանիտարական մաքրման չեն ենթարկվում, վաճառքի որոշ կետեր ամիսներով չեն մաքրվում։
«Մեր հարևանությամբ է գտնվում վաճառքի սարքը, երբեք չեմ նկատել, որ տարաները մաքրվեն, նոր լիցքավորվեն ջրով», - ասում է քարակերտցի տիկին Անուշը։