Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջում բաց դռների օր է
Հանդիպում են գործարարները և ուսանողները

Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջի բակը մարդաշատ է, բացված տաղավարները ոչ միայն ուսանելու, այլև ուսանողներին պրակտիկա անցնելու և աշխատանք ձեռք բերելու հնարավորություն են ստեղծում։ Այստեղ են գործարարներ, տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, ուսանողներ ու դասախոսներ։ Բոլորի ցանկությունն ուղղված է ուսանողներին բարձր մակարդակով կրթելու, պահանջված մասնագետ դարձնելու, այնուհետև՝ արժանի գործ գտնելու նպատակին։

Քոլեջում բաց դռների օր էր, որը կազմակերպվում է ամեն տարի։ «Նպատակը՝ դպրոցների շրջանավարտներին, ովքեր հանդիսանում են քոլեջի դիմորդներ, ծանոթացնել առկա մասնագիտություններին, տեղեկացնել տվյալ մասնագիտությամբ սովորելու շրջանակներում հմտություններին և կարողություններին։ Այս տարի միջոցառման կազմակերպման ձևաչափի փոփոխություն է տեղի ունեցել։ Միջոցառմանը հրավիրվել են գործատուներ, որպեսզի ապագա դիմորդների պատկերացումներն ավելի տպավորիչ լինի։ Այստեղ նրանք կարող են ծանոթանալ բոլոր 24 մասնագիտություններին, միևնույն ժամանակ կծանոթանան բոլոր գործատուների հետ, որտեղ մասնագիտությունների ուսումնառության շրջանակներում կանցնեն պրակտիկաներ և պատկերացում կկազմեն, թե տվյալ մասնագիտությունն ընտրելու արդյունքում հետագայում աշխատաշուկայում ինչպիսի զբաղվածություն կարող են ունենալ։ Այսինքն, հնարավորինս փորձ է արվում միջոցառման շրջանակում քոլեջի պոտենցիալ դիմորդների տեղեկատվության աստիճանը բարձրացնել մասնագիտության ընտրության հարցում», - ասում է Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջի տնօրեն Ջեմա Սարգսյանը։

Սարգսյանի խոսքով, և՛ դիմորդներն են ծանոթանում գործատուների հետ, և՛ համագործակցության շրջանակներում գործատուներն են կարողանում ծանոթանալ համապատասխան մասնագիտություններով ուսումնառու ուսանողների հմտություններին, կարողություններին, և պրակտիկաների ընթացքում արդեն իսկ ընտրում են այն ուսանողներին, ովքեր ապագայում զբաղվածություն կապահովեն իրենց կազմակերպությունում։ Օրինակ, քոլեջի ուսանողներից շատերն այսօր աշխատում են տարբեր դեղատների ցանցերում, բուժհաստատություններում, մթերող կազմակերպություններում։

Արմավիրի հրշեջ ջոկատի հրամանատար, փրկարար ծառայության փոխգնդապետ Ռոման Գրիգորյանը ներկայացնում է՝ ինչ է արտակարգ իրավիճակը, ուսումնական թեմաներն ու նյութերը, որոնք անհրաժեշտ է պատկերացնել արտակարգ իրավիճակներում դրսևորվելու համար և տիրապետել պաշտպանվելու հնարքներին, ձևերին ու տեսակներին։ Գրիգորյանի խոսքով, այսպիսի միջոցառումները խթանում են ուսանողների գիտելիքների զարգացմանը, փորձի ձեռքբերմանը, ինչո՞ւ չէ նաև փոխանակմանը, քանի որ կան քաղաքացիներ, ովքեր անգամ պատկերացում չունեն, թե ի՞նչ է իրենից ներկայացնում փրկարարական գործը։

«Մեծ գիտելիքներ ու փորձ ենք ձեռք բերել, գոհ ենք ինչպես դասախոսական, այնպես էլ՝ բժշկական անձնակազմից։ Պրակտիկայի ընթացքում անցել և մասնակցել ենք վիրահատությունների, միջամտությունների գործողություններին, սովորել ենք ինչպիսի վարգաքիծ դրսևորել պացիենտի հետ, ինչպես հասկանալ նրա հոգեբանական վիճակը, որպեսզի ավելի ճիշտ մոտեցում և օգնություն ցուցաբերենք», - ասում է Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջի 4-րդ կուրսի ուսանող, մասնագիտությամբ բուժքույր Ռուզաննա Բարսեղյանը։

«Մանկաբարձությունը ոչ միայն մասնագիտություն է, նաև հոգեբանություն է։ Այս մասնագիտությունը պետք է զգալ, - ասում է Անի Անդրեասյանը և ավելացնում, - մենք քոլեջում մեծ գիտելիքներ ենք ձեռք բերել, այստեղ ոչ միայն տեսական, այլև պրակտիկ ուսումնառություն ենք անցնել, մեր ունեցած գիտելիքներն ամրապնդում ենք պրակտիկ աշխատանքներում։ Իմ կարծիքով, դա շատ կարևոր ու դրական ազդեցություն է թողնում, իսկ այս միջոցառումը հնարավորություն է տալիս սովորել ավագ մասնագետներից, իսկ սովորածը փոխանցել նոր դիմորդներին»։

Էդգար Աբրահամյանը Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջի նախկին սաներից է, աշխատում է ՄԱՊ գինու և կոնյակի գործարանում։ Քոլեջում սովորելու ընթացքում հենց այդտեղ է անցկացրել ուսումնական պրակտիկան։ Քոլեջն ավարտելուց հետո աշխատանքի է անցել ՄԱՊ գինու և կոնյակի գործարանի գինու խմորման արտադրամասում։ Եկել էր ապագա գործընկերներին իր փորձը ներկայացնելու և խրախուսելու, որպեսզի ուսման ընթացքում լինենառավել ուշադիր, պատրաստված ու պատրաստակամ, մասնագիտությունը գնահատող և մասնագիտությամբ ոգեշնչվող։ Էդգարը, աշխատանքին զուհագեռ, շարունակում է սովորել Հայաստանի Ազգային Ագրարային համալսարանում։

Made on
Tilda