Կոյուղաջրերով լի այս ջրատարի հարևանությամբ ապրելն այլընտրանք չունի
Արտաշարցիները շնչում են գարշահոտը, կեղտաջրով ոռոգում ցանքատարածությունները
Տասնյակ տարիներ արտաշարցիներն իրենց ցանքատարածությունները՝ բանջարաբոստանային կուլտուրաներ, առվույտ, հացահատիկ և այլն, ոռոգում են կոյուղաջրերով՝ ոռոգման ջուր ստանալու այլընտրանք չունեն։ Ոռոգման ջրատարը, որով հոսում են բացառապես կոյուղաջրերը, անցնում է բնակելի հատվածով։ Գյուղի բնակիչները ստիպված են ամբողջ տարին շնչել այդ տհաճ հոտը, զգուշանալ, որպեսզի երեխաները մոտ չգնան ջրատարին, չշփվեն կեղտաջրերի հետ։ Նշենք, որ այդ ջրատարով կոյուղաջրերը հոսում են դեպի պոմպակայան և այնտեղից մղվում ոռոգման նպատակով։
Արտաշարցիներն ասում են՝ կոյուղաջրով ոռոգվող հողատարածքներում երկու լքված արտեզյան հոր կա, եթե դրանք գործարկվեն, գյուղացիների հոգսը կթեթևանա, ստիպված չեն լինի հույսները դնել միայն կեղտաջրերի վրա և գոնե բանջարեղենը կմշակեն մաքուր ջրով։
«Տարածաշրջանի կայուն զարգացում» ՀԿ աշխատանքային թիմը ամիսներ շարունակ աշխատում է Արտաշար բնակավայրում՝ ուսումնասիրելով տիրող իրավիճակն ու հնարավոր ելքերը, հանդիպում և զրուցում արտաշարցիների հետ՝ ավելի խորքային հասկանալու համար նրանց մտահոգություններն ու անհանգստությունները։
Հուլիսի 1-ին Արտաշարում էին նաև չեխական NESEHNUTI բնապահպանական կազմակերպության փորձագետներ Ալյոնա Մարչկովան, Յարոմիր Նեմեցը, Երևանում Չեխիայի Հանրապետության դեսպանի տեղակալ Սաբինա Նովոկովան և փորձագետներ, ովքեր տեղում ծանոթացան բնակիչների կողմից բարձրացված կոյուղաջրերի խնդրին և խորքային հորերի գործարկման անհրաժեշտության մասին։
Շուրջ մեկ տարվա ուսումնասիրություններից, արտաշարցիների հետ հանդիպում-քննարկումներից, պետական պատկան մարմինների հետ բանակցություններից և առաջարկություններից հետո, վերջապես արտաշարցիների պահանջը մասամբ բավարարվեց։ Արտաշարում մեկ խորքային հոր վերագործարկվեց, որով լուծվեց 50 հեկտար հողատարածքի ոռոգման ջրի հարցը։ Շարունակելով հնարավոր, երկրորդ խորքային հորի վերագործարկման շուրջ քննարկումները Մեծամոր համայնքի ղեկավարի, Արմավիրի մարզպետարանի և Տարածքային կառավարման նախարարության հետ, համայնքապետը խոստացավ սուբվենցիոն ծրագրով իրականացնել երկրորդ խորքային հորի վերագործարկումը։ Աշխատանքները կավարտվեն օգոստոս-սեպտեմբեր ամիսներին։
«Արտաշարի թունավոր ճշմարտությունը՝ կոյուղաջրի և ոռոգման միջնագծում» ծրագիրն իրականացվում է «Տարածաշրջանի կայուն զարգացում» ՀԿ-ի կողմից՝ չեխական NESEHNUTÍ հայկական Centre for Community Mobilization and Support և @Civil Yout Center «Քաղաքացիական Երիտասարդական Կենտրոն» հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությամբ՝ «Փոփոխությունների մասնակցային ուղի Հայաստանի մարզերում» նախագծի շրջանակներում, որն իրականացվում է Չեխիայի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության աջակցությամբ՝ «Փոխակերպման համագործակցություն» ծրագրի շրջանակներում։