Արմավիրի մարզի մշակույթի տներ,
վիճակագրություն
Արմավիրի մարզում 87 մշակույթի տուն կա` լավ, բավարար և վատ վիճակում։ Անկախ մշակույթի տների անմխիթար վիճակից, համայնքները, որպես կանոն, հատկացումներ են կատարում մշակույթի տան պահպանության, գեղարվեստական մասի, այս կամ այն խմբակների, մաքրության և աշխատանքների համար, իսկ մշակույթ գյուղական համայնքներում գոյություն չունի։
Ուսումնասիրելով Արմավիրի մարզի 97 համայնքների ղեկավարների քառամյա ծրագրերը՝ տպավորություն է ստեղծվում, որ մշակույթը, հատկապես գյուղական համայնքներում, համարվում է համայնքի զարգացման գլխավոր նախապայմանը։ Առանց բացառության բոլոր զարգացման ծրագրերում կարող ես հանդիպել մշակույթի տան վերանորոգման և գյուղում մշակույթի զարգացմանն ուղղված բարդ ստորադասական նախադասությանը։ Իսկ իրականությունը բոլորովին այլ է՝ մշակույթի կիսաքանդ տները կան, իսկ մշակույթ չկա։
Արմավիրի մարզի 97 քաղաքային և գյուղական համայնքներում փաստացի գոյություն ունեն 87 մշակույթի տներ։ Արմավիրի մարզպետարանից մեզ տրամադրած տվյալների համաձայն, դրանցից 21-ը գտնվում է լավ, 24-ը՝ բավարար, իսկ 39-ը՝ վատ վիճակում։ Նույն աղբյուրից տեղեկանում ենք նաև, որ 2019 թվ-ին սուբվենցիոն ծրագրով սկսվել է 3 մշակույթի տների վերանորոգում, ևս 2-ը կվերանորոգվեն 2020թվ-ին։
Մարզի 87 մշակույթի օջախներից չեն գործում 26-ը։ Կարելի է ենթադրել, որ չպետք է գործեն վատ վիճակում գտնվող մշակույթի տները, սակայն հակառակն է։ Օրինակ՝ Գայ և Ծաղկունք համայնքների մշակույթի տները լավ վիճակում են ու չեն գործում։ Բազմաթիվ համայնքներում վատ վիճակում գտնվող մշակույթի տներ գործում են։ Վատ վիճակը ներկայացնենք ինչպիսին է։
| Նման մշակույթի տներում կան ակումբի վարիչներ, գեղմասվարներ, դաշնակահարներ, պահակներ։ Թե ինչով են զբաղվում այս հաստիքների աշխատակիցները, համայնքի ղեկավարները կդժվարանան պատասխանել։ Տրամաբանությունը տանում է նրան, որ եթե համայնքի հաշվեկշռում գոյություն ունի մշակույթի տուն, ապա պետք է ունենա վարիչ, իսկ վարիչն աշխատակազմ՝ համալրված ոչ պատահական մարդկանցով։ Նույն տրամաբանությամբ է առաջնորդվում Արմավիրի մարզի Արագած համայնքը: Մշակույթի տունը վատ վիճակում է, սակայն մշակույթի տան աշխատակիցներին ամսվա կտրվածքով վճարում է 481 հզր դրամ: Նման ոճով է գործում նաև Արշալույս համայնքը, որտեղ ամսական աշխատավարձը կազմում է 1,2 մլն դրամ։ Եթե վատ վիճակում գտնվող մշակույթի տներն իրենց տեղական բյուջեից ոչնչի դիմաց այսքան գումարներ են ստանում միայն աշխատավարձի տեսքով, չհաշված կոմունալ և շենքի պահպանման ծախսերը, ապա բավարար և լավ վիճակում գտնվող մշակույթի տների բյուջեները համամասնորեն բավարար և լավ կլինեն։ |
Մտահոգիչ են կիսաքանդ վիճակում գտնվող մշակույթի տներում տեղակայված գրադարանները, որտեղ գրքերի ֆոնդը ոչ թե պահպանվում, այլ քայքայվում է։ Ասվածի վառ օրինակ է հանդիսանում Արազափ համայնքի գրադարանը: Հաշվապահ Հեղինե Նավասարդյանի մեկնաբանությամբ, ակումբում վերանորոգման աշխատանքներ են կատարվում, իսկ գրքերի համար հարմար սենյակ չկա։ Մենք էլ դրանում համոզվեցինք, քանզի հարմար սենյակները զբաղեցրել էին ինչ-որ ընկերության պարկերը։
Ընդհանուր տեղեկություններ․ Արմավիրի մարզպետարան
ՀՀ կառավարությունն ավարտել է Արմավիրի մարզից ներկայացված սուբվենցիոն ծրագրերի հաստատման գործընթացը և 77 ծրագիր հավանության է արժանացել:
Արդյունքում Կառավարության համաֆինանսավորմամբ 2020 թվականին Արմավիրի մարզի 61 համայնքում, այդ թվում` 3 քաղաքային, կիրականացվի սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 77 ծրագիր` ընդհանուր գումարը կկազմի 3 մլրդ 421 մլն 091.82 հազ. դրամ։
Նշված գումարից շուրջ 1 մլրդ 713 մլն 257.33 հազար դրամը համայնքների, 1 մլրդ 664 մլն 835.43.5 հազար դրամը` պետության և 42 մլն 999.05 հազար դրամը` մասնավոր հատվածի համաֆինանսավորման չափաբաժինն է:
Հաստատված ծրագրերի շրջանակում համայնքներում իրականացվող ծրագրերի մեջ է մտնում նաև հասարակական շենքերի վերանորոգում/ կառուցում` 178 մլն 662,72 հազ. դրամ ծրագրային
արժեքով կետը, որը հնարավոր է իր մեջ ներառի մշակույթի տների վերանորոգում։ Թե քանի մշակույթի տուն կվերանորոգվի սուբվենցիոն ծրագրով 2020-ին , կամ արդյո՞ք հասարակական շենքերի վերանորոգում բաժնում կներառվի այս գործը, առայժ հստակեցված չէ։