Մայրությունը և հոգեկան առողջությունը․ երբ լացն առանց պատճառի չէ

Հոգեկան առողջության խնդիրները ծննդաբերությունից հետո

«Առանց պատճառի լաց էի լինում, չէի հասկանում՝ ինչ է կատարվում ինձ հետ։ Մտածում էի՝ կանցնի... բայց չէր անցնում»։ Սա Սուսաննայի պատմությունն է։ Ծննդաբերությունից հետո նա ամիսներ շարունակ ապրում էր տարօրինակ հուզական վիճակում՝ երջանկության ու տագնապի կտրուկ հերթափոխով։ «Երբեմն նույնիսկ չէի կարողանում մոտենալ երեխայիս», - պատմում է նա։ Հետադարձ հայացքով է հասկանում՝  հնարավոր է՝ դա հետծննդաբերական դեպրեսիա էր։

«Մայրական թախիծ» թե՝ դեպրեսիա. տարբերությունը կարևոր է

Սուսաննայի պատմությունը եզակի չէ։ Մասնագետների խոսքով՝ ծննդաբերությունից հետո կանանց մեծ մասը բախվում է հուզական փոփոխությունների՝ հաճախ առանց ճիշտ ախտորոշման կամ օգնության։

Ծննդաբերությունից հետո կնոջ օրգանիզմում տեղի են ունենում հորմոնալ փոփոխություններ, որոնք կարող են ազդել նրա հուզական վիճակի վրա։ Առաջին 1–2 շաբաթների ընթացքում մոտ 80–85 %–ի մոտ դիտվում է «մայրական թախիծ» (baby blues), դրսևորվում է լացով, նյարդայնությամբ, տագնապով։ Սակայն եթե այդ վիճակը ձգվում է, առկա են հստակ ախտանշաններ՝ քնի խանգարումներ, անտարբերություն երեխայի հանդեպ, մեղքի զգացում, տագնապային մտքեր, ապա ըստ մասնագետների, խոսքն արդեն «հետծննդաբերական դեպրեսիայի մասին է, որը հանդիպում է կանանց շուրջ 10–15 %-ի շրջանում։ 

«Մայրական թախիծը կարող է անցնել առանց միջամտության, սակայն հետծննդաբերական դեպրեսիան լուրջ հոգեկան խանգարում է, որը պահանջում է մասնագիտական օգնություն» , -նշում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի մանկաբարձական ծառայության ղեկավար, բժիշկ-մանկաբարձ Կարեն Ջուլհակյանը։

Ինչու է առաջանում հետծննդաբերական դեպրեսիան
Հոգեբույժ, «Magnus» հոգեթերապևտիկ կենտրոնի տնօրեն Մարգարիտ Թադևոսյանի խոսքով՝ հետծննդաբերական դեպրեսիան հաճախ մնում է չախտորոշված ու չբուժված։ «Այն կարող է առաջանալ տարբեր պատճառներով՝ հոգեախտաբանական նախադրյալներ, ֆիզիկական հյուծվածություն, քնի խանգարումներ, ադապտացիայի դժվարություններ։ Բացի այդ, նոր միջավայրում հայտնվելու դժվարությունները, մշակութային սպասումները և շրջապատի անպատրաստ արձագանքը ևս նպաստում են խնդրի խորացմանը», - բացատրում է նա։

Ընտանիքի և շրջապատի արձագանքը՝ որպես գործոն
Հոգեբույժ Մարգարիտ Թադևոսյանը նշում է, որ ընտանիքն ու հարազատները հաճախ չեն նկատում կամ անտեսում են կնոջ՝ ծննդաբերությունից հետո փոփոխված հոգեվիճակը։ «Սա կոչվում է ժխտում կամ բացասում․ մարդիկ հաճախ չեն ընդունում, որ խնդիրը կարող է լինել նաև իրենց հարազատի մոտ։ Կարևոր է հիշել՝ երեխա ունենալը պարգև է, սակայն մայրությունը նաև մեծ պատասխանատվություն է, որը բերում է հուզական փոփոխություններ, և դրանց պատրաստ լինելը շատ կարևոր է», - ընդգծում է նա։
Թադևոսյանը հիշեցնում է, որ տարիներ առաջ պոլիկլինիկաներին կից գործում էին մոր և մանկան սենյակներ կամ կենտրոններ, որտեղ ապագա մայրերը ստանում էին թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեբանական պատրաստվածություն։ «Այդպիսի աջակցությունը օգնում էր կանանց ավելի հեշտ հաղթահարել մայրության սկզբնական փուլերը և կանխել հնարավոր հոգեբանական բարդությունները», - նշում է նա։
Հոգեբան Մարիամ Մելքումյանն էլ հավելում է՝ հետծննդաբերական շրջանում հորմոնալ փոփոխություններին զուգահեռ կարևոր է նաև շրջապատի արձագանքը։ «Մայրերը հաճախ իրենք էլ չեն հասկանում՝ ինչ է իրենց հետ կատարվում։ Ցավոք, նրանց հոգեվիճակի պատճառները չեն ճանաչում ու ընկալում նաև նրանց հարազատները։ Սոցիալական աջակցություն գրեթե չկա, իսկ շրջապատի արձագանքը հաճախ հակասում է մոր իրական կարիքներին», - ասում է նա։
Մելքումյանը նշում է, որ իր պրակտիկայում հաճախ է հանդիպում իրավիճակների, երբ նորաթուխ մայրիկների հուզական վիճակին արձագանքում են քննադատությամբ․ «Դու չես գնահատում, ինչ ունես», «Մեր ժամանակ նույնիսկ լվացքի մեքենա չկար, բայց ոչ ոք չէր բողոքում»։ Նման արտահայտությունները խորացնում են մոր մեղքի զգացումը և խանգարում, որ նա դիմի օգնության։ Կարևոր է հիշել՝ դեպրեսիան պարզապես տրամադրության անկում չէ, այլ բուժում պահանջող հոգեկան խանգարում», -  ընդգծում է հոգեբանը։

Վիճակագրությունը և իրական պատկերը
Պաշտոնական տվյալներով՝  2024-ին Հայաստանի հոգեբուժական կազմակերպություններում արձանագրվել է ընդամենը 14 դեպք «հետծննդյան շրջանում առաջացած հոգեկան և վարքային թեթև խանգարումներ» (F53․0) ախտորոշմամբ։ Մասնագետները, սակայն, համոզված են՝ այս թվերը չեն արտացոլում իրական պատկերը։ ՀՀ ԱՆ հոգեբուժության և բժշկական հոգեբանության գծով խորհրդատու Գևորգ Փաշիկյանը նշում է. «Եթե պացիենտը հետծննդաբերական դեպրեսիա ունի, բայց չի դիմում մասնագետի, այդ դեպքը ոչ մի տեղ չի արձանագրվում։ Խնդրի մի մասը մշակութային է։ Մարդիկ դեռ ամաչում են խոսել հոգեկան խնդիրների մասին կամ դիմել մասնագետի՝ դա ընկալելով որպես խարան»։

«Աղոթիր, կանցնի»

Ծննդաբերությունից հետո Նվարդ Ավետիսյանը ևս բախվել է հոգեբանական խնդիրների։ Որոշել է այս մասին գրել Ֆեյսբուքում, երբ տեսել է, թե ինչպես են մարդիկ արձագանքում հոգեբանական ծանր վիճակում գտնվող կնոջ գրառմանը։ «Ասում էին՝ մի մտածիր, աղոթիր, կանցնի։ Զայրացա այդ վերաբերմունքից ու գրեցի իմ պատմությունը։ Ապշեցուցիչ էր՝ որքան շատ կանայք արձագանքեցին։ Գրում էին, որ չեն ուզում գրկել իրենց երեխային, ունեն վախեր, տագնապ, անտարբերություն, մեղքի զգացում․․․»։   

Մասնագիտական աջակցության բացերը Հայաստանում. ծննդատները՝ առանց հոգեբանների

Թեև Հայաստանում ծննդատներում կան մանկաբույժներ, նեոնատոլոգներ, կրծքով կերակրման խորհրդատուներ, սակայն հաճախ բացակայում են հոգեբաններն ու հոգեթերապևտները։ Մասնագետները զգուշացնում են՝ նման բացը կարող է լուրջ հետևանքներ ունենալ, հատկապես՝ հետծննդաբերական դեպրեսիայի վաղ հայտնաբերման և կանխարգելման գործում։
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի մանկաբարձական ծառայության ղեկավար Կարեն Ջուլհակյանի խոսքով՝ մայրության ուղին սկսվում է ոչ միայն ֆիզիոլոգիական, այլև հոգեբանական փոփոխություններով, որոնք հաճախ անտեսվում են։ «Հոգեբանական վիճակի սքրինինգը պետք է սկսել հղիության առաջին եռամսյակից։ Ինչպես սոնոգրաֆիան, այս զննումն էլ կարող է կանխել հետագայում լուրջ խնդիրների առաջացումը, նախանշանային փուլում կանխել դեպրեսիայի զարգացումը», – նշում է նա։  Ջուլհակյանը կարևորում է «Էդինբուրգյան սանդղակ» (Edinburgh Postnatal Depression Scale) միջազգային գործիքի ներդրումը, որն արդյունավետ է հղիների և ծննդկանների հոգեկան վիճակի գնահատման համար։ Նրա խոսքով՝ եվրոպական կլինիկաներում հոգեբանական խորհրդատվությունը հղիության խնամքի պարտադիր մասն է։  «Ինչպես հղիներին ուղարկում ենք էնդոկրինոլոգի, այնպես էլ հոգեբանի խորհրդատվությունը պետք է դառնա պարտադիր։ Դա ոչ միայն աջակցություն է, այլև լուրջ կանխարգելում», – ընդգծում է նա։
Ջուլհակյանը նշում է, որ մոր հոգեկան վիճակը հաճախ դուրս է մնում մասնագիտական ուշադրությունից նաև պատրոնաժի փուլում, երբ մայրը և նորածինը գտնվում են պետական հսկողության տակ՝ 42 օր։ «Հիմնական ուշադրությունը կենտրոնանում է նորածնի ֆիզիկական առողջության վրա։ Իսկ երբ հոգեկան առողջության խնդիրները մնում են չնկատված, դրանք կարող են խորանալ՝ վտանգելով թե՛ մոր, թե՛ երեխայի բարեկեցությունը», - նշում է նա։
Ջուլհակյանը հիշեցնում է տարիներ առաջ տեղի ունեցած ողբերգական դեպքը, երբ կինը ծննդաբերությունից օրեր անց ինքնասպանություն էր գործել։ «Դա ցավալի հիշեցում էր այն մասին, թե ինչ կարող է լինել, երբ չենք նկատում առաջին ազդակները», – ընդգծում է նա։ 
Էրեբունի ծննդատան հոգեբան-խորհրդատու Նաիրա Ազատյանն էլ նշում է, որ հետծննդաբերական դեպրեսիան լուրջ հոգեկան խանգարում է, որը պահանջում է ոչ միայն զգոնություն, այլև մասնագիտական մոտեցում։ «Ցավոք, Հայաստանում առողջապահական համակարգը չի ապահովում, որ յուրաքանչյուր ծննդատուն ունենա կլինիկական հոգեբան և հոգեթերապևտ, ինչը բարդացնում է վաղ հայտնաբերումը», – ասում է նա։ Ազատյանը հատկապես կարևորում է պերինատալ հոգեբանների ներգրավումը, որոնք կարող են նրբանկատորեն ուսումնասիրել և գնահատել կնոջ հոգեվիճակը։

«90%-ը գալիս է ուշացած՝ դեղորայքով կարգավորելու փուլում»
Հայաստանում ծննդաբերությունից հետո կանանց հոգեկան առողջության խնդիրների ամբողջական պատկերը գնահատելը դժվար է մասնագետների համար։ ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ այս ոլորտում դեռևս չկան պաշտոնական հետազոտություններ։ «Հստակ պատկերացում ունենալու համար անհրաժեշտ է համակարգված ուսումնասիրություն, սակայն ներկայում նման տվյալներ չունենք», - նշում է ՀՀ ԱՆ հոգեբուժության և բժշկական հոգեբանության գծով խորհրդատու Գևորգ Փաշիկյանը։
Հոգեբանները շեշտում են՝ մայրիկների զգալի մասը օգնության է դիմում այն փուլում, երբ միայն դեղորայքային միջամտության և երկարատև թերապիայի միջոցով է հնարավոր կարգավորել հոգեկան վիճակը։ «Մարգարյան ծննդատուն» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի հոգեբան Ռուդոլֆ Բեգլարյանի խոսքով՝ բնակչության մոտ դեռևս պահպանվում է հոգեկան առողջության հետ կապված կարծրատիպային մտածելակերպը։ «Մարդիկ հիմնականում ամաչում են, չեն վստահում կամ պարզապես չեն գիտակցում՝ ինչ է իրենց հետ կատարվում։ Շատ հաճախ մինչև դանակը ոսկորին չհասնի, հոգեբանի չեն դիմում», – ասում է նա։
«Magnus» արտահիվանդանոցային հոգեբուժական-հոգեթերապևտիկ կենտրոնի տնօրեն Մարգարիտ Թադևոսյանը ևս փաստում է՝ հետծննդաբերական հոգեկան խանգարումները հիմնականում մնում են չախտորոշված, քանի որ կանայք ամաչում են բարձրաձայնել այդ մասին։ Հետծննդյան ամիսներին երեխայի համար ամենակարևոր «պաշարը» մոր հուզական կայունությունն է։ Սնունդը, ջերմությունը, հագուստը կարևոր են, բայց դրանցից կարևոր է հպումը, հոգատարությունը, կապը։ Եթե մայրը, դեպրեսիայի պատճառով, խուսափում է երեխայից, սա կարող է ազդել փոքրիկի ամբողջ զարգացման վրա»։
Երբ դեպրեսիան հասնում է վտանգավոր շեմի
Էրեբունի ծննդատան հոգեբան-խորհրդատու Նաիրա Ազատյանն էլ պատմում է մի դեպքի մասին, երբ դեպրեսիան արդեն խորացած փուլում էր։ «Կնոջը հոգեբույժը ախտորոշել էր, համապատասխան դեղորայք էր նշանակվել, իսկ մեր գործառույթը ճիշտ հոգեթերապիայի կազմակերպումն էր։ Սակայն վիճակն այնքան էր սրվել, որ առկա էր չապրելու ցանկություն։ Սա դեպրեսիայի ամենավտանգավոր փուլն է, որը պահանջում է անհապաղ միջամտություն»,- նշում է նա։ Բարեբախտաբար, ամեն ինչ հաջողվել է հաղթահարել՝ ընտանիքի աջակցության շնորհիվ։ «Համատեղ աշխատանքի՝ հոգեբանի, հոգեբույժի և ընտանիքի, հատկապես ամուսնու ներգրավվածության շնորհիվ կարողացանք նրան դուրս բերել այդ ծանր վիճակից։ Ամուսինը շատ գրագետ էր մոտենում իրավիճակին, չէր վախենում «հոգեբույժ» բառից, և այդ վերաբերմունքն առանցքային դեր ունեցավ կնոջ ապաքինման համար»,- հավելում է Ազատյանը։
Տեղեկատվության հեղեղ․ երբ կարդում են ու սպասում դեպրեսիայի
Մասնագետները նշում են՝ թեև հոգեկան առողջության վերաբերյալ իրազեկվածությունը կարևոր է, սակայն միայն տեղեկատվության առկայությունը բավարար չէ։ Կարևոր է նաև դրա որակը և չափը։ «Մարգարյան ծննդատուն» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Արմինե Խանամիրյանը նշում է, որ հաճախ են հանդիպում դեպքեր, երբ կանայք դեռ ծննդաբերությունից առաջ համոզված են, որ անպայման ունենալու են հետծննդաբերական դեպրեսիա։ «Դեռ հղիության ընթացքում կանայք հաճախ տեղեկատվություն են որոնում համացանցում՝ սոցիալական տարբեր հարթակներում, խմբերում կամ ընկերուհիների պատմություններից։ Տեղեկությունը շատ է, բայց ոչ միշտ արժանահավատ կամ գիտականորեն հիմնավորված։ Հատկապես սոցիալական մեդիայում լայն տարածում ունի չհիմնավորված և սխալ տեղեկատվությունը», – նշում է նա՝ հավելելով՝ տեղեկատվական հեղեղի պայմաններում կանայք հաճախ վստահում են սոցիալական ցանցերին ու անձնական պատմություններին, ինչի արդյունքում կարող են ենթարկվել ոչ արժանահավատ տեղեկության ազդեցությանը և հայտնվել ծանր հոգեբանական վիճակում։
Նույն կենտրոնի հոգեբան Ռուդոլֆ Բեգլարյանը ևս փաստում է, որ կանայք, կարդալով հետծննդաբերական դեպրեսիայի մասին պատմություններ, սկսում են ենթագիտակցորեն սպասել դրա ի հայտ գալուն։ Դեպրեսիան պարտադիր չէ, որ ի հայտ գա բոլորի մոտ, սակայն այս սպասողական վիճակը մեծացնում է լարվածությունն ու սրում հուզական վիճակը», – ասում է հոգեբանը։
«Մարգարյան ծննդատուն» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում ավելի քան մեկ տարի գործող «Մայրության դպրոցը» նպատակ ունի տրամադրել գիտականորեն հիմնավորված տեղեկատվություն և հոգեբանական աջակցություն հղիներին ու երիտասարդ մայրերին։
Մասնագետները կարևորում են հավասարակշռված իրազեկման քաղաքականությունը․ «Պետք է խոսել ռիսկերի մասին, բայց ոչ այնպես, որ դա վախ և սպասողական տագնապ առաջացնի»։
«Հոգեբանը պետք է լինի ծննդատան թիմի անբաժան մասը»

Հոգեբան Մարիամ Մելքումյանի համոզմամբ՝ հոգեբանը պետք է լինի ծննդատան անձնակազմի մշտական անդամներից մեկը՝ իրականացնելով կանխարգելիչ, աջակցող և թերապևտիկ աշխատանք։ Սակայն միայն հոգեբանի ներկայությունը, ըստ նրա, բավարար չէ։ «Անհրաժեշտ է նաև բժշկական անձնակազմի՝ բժիշկների, բուժքույրերի իրազեկվածությունը բարձրացնել։ Նրանք պետք է կարողանան ճանաչել մոր հուզական խնդիրները և, որ ամենակարևորն է, ճիշտ ժամանակին ուղղորդեն մասնագետի մոտ։ Հաճախ մայրիկները մնում են միայնակ՝ իրենց մտքերի ու վախերի հետ», – նշում է հոգեբանը։ Նա պատմում է դեպքեր, երբ երիտասարդ մայրերը դիմել են օգնության՝ կպչուն մտքերով և վախերով, որ կարող են վնասել իրենց երեխային։ Այսպիսի իրավիճակներում կարող են ի հայտ գալ նաև այլ հոգեկան խանգարումներ, ինչն ավելի է բարդացնում ընդհանուր պատկերը։ «Եղել են դեպքեր, երբ մայրը գիտակցում է, որ սիրում է իր երեխային, բայց չի կարողանում վերահսկել իրեն։ Այլ դեպքերում հայտնվում են ինքնավնասման մտքեր կամ վախեր՝ երեխային վնասելու շուրջ։ Այսպիսի իրավիճակներում անհնար է արդյունքի հասնել առանց համալիր մոտեցման՝ մայր, հոգեբույժ, ընտանիք»։

Աննկատ վտանգ՝ երեխայի բարօրությանը

Հետծննդաբերական դեպրեսիան անմիջական ազդեցություն ունի նորածնի հուզական զարգացման վրա։ Մասնագետները զգուշացնում են՝ եթե այս խնդիրը ժամանակին չի ախտորոշվում, խաթարում է երեխայի հետ մոր կապը, խնամքը և բնականոն զարգացումը։ Հոգեբան Մարիամ Մելքումյանը նշում է. «Եթե մայրը չի կարողանում հոգ տանել իր մասին, նա ֆիզիկապես և հոգեբանորեն ի վիճակի չէ բավարարելու երեխայի կարիքները։ Այդպիսի իրավիճակում վտանգվում է ոչ միայն մոր, այլև ողջ ընտանիքի առողջությունը»։ Մելքումյանի գնահատմամաբ՝ Հայաստանում հետծննդաբերական դեպրեսիան դեռ չի ստանում համակարգված ու համապարփակ մոտեցում․ բացակայում են կանխարգելման ծրագրերը, սքրինինգային մեխանիզմները և հոգեբանական աջակցության լայն հասանելիությունը։ «Magnus» արտահիվանդանոցային հոգեբուժական-հոգեթերապևտիկ կենտրոնի տնօրեն Մարգարիտ Թադևոսյանն էլ ընդգծում է՝ կնոջը հնարավոր է օգնել նման իրավիճակում, եթե համապատասխան մասնագետը ժամանակին արձագանքի։ «Խնդիրը լուծելի է, եթե այն վաղ հայտնաբերվի ու կիրառվի գրագետ և պատշաճ մոտեցում։ Պետք է համակարգված մոտեցում լինի՝ սկսած նախածննդյան փուլից՝ պոլիկլինիկաներից ու ծննդատներից, մինչև հետծննդյան խնամք։ Բայց դրա համար անհրաժեշտ են ինչպես ֆինանսական ռեսուրսներ, այնպես էլ հստակ ուղեցույցներ։ Շատ մայրեր պարզապես չգիտեն՝ ում դիմել կամ ինչպես մեկնաբանել իրենց վիճակը։ Երեխա ունենալը պարգև է,  մայրությունը պետք է դարձնենք ամենամեծ տոներից մեկը»։

Պետությունը՝ առաջին քայլերն է անում

ՀՀ կառավարությունը սկսել է քայլեր ձեռնարկել՝ հետծննդաբերական դեպրեսիայի վաղ հայտնաբերման ուղղությամբ։ 2025 թ․ ապրիլին հաստատվել է «Հայաստանի Հանրապետությունում գենդերային քաղաքականության իրականացման 2025-2028 թվականների  ռազմավարությունը և միջոցառումների ծրագիրը, որի շրջանակում նախատեսվում է ներդնել հետծննդաբերական դեպրեսիայի հայտնաբերման նոր մեխանիզմներ։
Առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպություններում նախատեսվում է ներդնել նոր առավել արդյունավետ գործիք», որը իր մեջ ներառում է մի շարք հարցաշարեր, այդ թվում հետծննդաբերական դեպրեսիայի հայտնաբերման ուղղված Էդինբուրգյան հարցաշարը։
Առողջապահության նախարարի 2025 թվականի հուլիսի 4-ի հրամանի համաձայն՝ Երևանի 2-րդ և 3-րդ մակարդակի ծննդատները պարտավոր են ունենալ հոգեբան կամ պայմանագիր համապատասխան մասնագետի/ համապատասխան ծառայություն իրականացնող բժշկական կազմակերպության հետ։
«Կարևոր է ոչ միայն հոգեբանների առկայությունը, այլև ընտանեկան բժիշկների մասնագիտական վերապատրաստումը։ Նրանք արդեն անցնում են մեծածավալ վերապատրաստումներ, որոնք թույլ են տալիս զբաղվել նաև հոգեկան առողջության հարցերով, այդ թվում՝ հետծննդաբերական դեպրեսիայով։ Սակայն միայն մասնագետների ջանքերը բավարար չեն, անհրաժեշտ է փոխել նաև հասարակության ընկալումը, որպեսզի  հոգեկան առղջության խնդիր ունենալու դեպքում ժամանակին դիմեն բժշկի և աջակցություն ստանան», – նշում է ՀՀ ԱՆ հոգեբուժության և բժշկական հոգեբանության գծով խորհրդատու Գևորգ Փաշիկյանը։
Ոլորտի փորձագետներն ընդգծում են՝ հոգեկան առողջությունը մայրության ընթացքում կենսական նշանակություն ունի ոչ միայն կնոջ, այլև երեխայի և ամբողջ ընտանիքի բարեկեցության համար։ Հետծննդաբերական դեպրեսիան հաղթահարելի է, եթե այն ժամանակին ճանաչվի։ Ուստի կարևոր է, որ թե՛ պետությունը, թե՛ առողջապահական հաստատությունները, և թե՛ հասարակությունը միասին ձևավորեն մի միջավայր, որտեղ մայրը չի վախենա ասել․ «Ես օգնության կարիք ունեմ»։



Լիլիթ Հովհաննիսյան



Tilda Publishing

«Առողջ մայրություն. հետծննդյան

հոգեկան առողջության խթանում»

ծրագիր


Ծրագիրը իրականացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Իրավունքներ, ծառայություններ, մասնակցություն․ Հայաստանում հոգեկան առողջության համապարփակ շրջանակի խթանում» ծրագրի շրջանակում»։ Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը ծրագիրն իրականացնում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի առաջնորդությամբ, Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքի օրակարգ, ՀԿ-ի, Հոգեկան առողջության հայկական ասոցիացիայի հետ համագործակցությամբ։ Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Կանանի» սոցիալ-հոգեբանական կենտրոն հասարակական կազմակերպությունը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

Made on
Tilda