ԴԺԳՈՀՈւԹՅՈւՆԻՑ ՄԻՆՉԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈւԹՅՈւՆ
Արմավիր քաղաքի նախկին Ապակյա տարաների գործարանը 90 ականների սեփականաշնորհումից հետո դադարեց գործելուց, սակայն գործարանի ծխնելույզները պարբերաբար ավետում են, որ տարածքում արտադրական գործընթացներ են իրականացվում։
Խորհրդային համակարգի փլուզումից հետո Արմավիրի Ապակյա տարաների գործարանը որոշ ժամանակ գոյատևեց և դադարեցրեց իր գործունեությունը։ Մի քանի տարի անգործությունից հետո 2006 թվականին գործարանի ծխնելույզներից սկսեց ծուխ բարձրանալ։ Արմավիրի բնակիչները, հատկապես վարորդները բողոքում էին որ գիշերային ժամերին գործարանի մոտակայքում տեսանելիությունը հասնում է զրոյի, գործարանը փոշու և ծխի մեջ չի երևում։ Հարակից շենքերի բնակիչների մոտ առողջական խնդիրներ եին առաջանում։
Մենք պարզեցինք, որ գործարանը աշխատեցնում է «Հոկտեմբերյանի ֆերոսպլավ գործարան» ՍՊ ընկերությունը և արտադրում է ֆերոմոլիբդեն։ Ընկերությունը Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության դրական եզրակացություն էր ստացել 2006 թվականի հունվարի 27-ին։
4-5 տարի աշխատելուց հետո ընկերությունը սնանկ ճանաչվելով լուծարվել է։
Մենք այցելեցինք գործարան նվազագույն տեղեկատվություն ստանալու և հասկանալու, թե ինչ կազմակերպություն է աղտոտում շրջակա միջավայրը և ինչ է արտադրվում։ Պարզվեց մոլիբդենի հարստացման և ֆերոմոլիբդենի արտադրություն է իրականացնում «Առ ալլոյս թրեյդինգ» ՍՊ ընկերությունը։
Մենք տեղեկացրեցինք ընկերության ղեկավարությանը, որ գործարանի մոտակայքում բնակվող քաղաքացիների մոտ առողջական խնդիրներ են առաջանում, երբ գործարանի ծխնելույզների ծխի ինտենսիվությունը բարձրանում է, երևույթը կրկնվում է հատկապես գիշերային ժամերին։
Ստեղծված իրավիճակում անհրաժեշտ էր, տեսչական մարմնի ուսումնասիրություն կապված արտանետումների բաղադրության և ինտենսիվության հետ։
Մեզ համար առաջնային խնդիր դարձավ ստուգել, թե երբ է ընկերությանը տրվել մթնոլորտային օդի վրա վնասակար ներգործության թույլատվություն, կամ, որ հանրային լսումներ են կազմակերպվել գործարանը վերագործարկելու համաձայնություն ստանալու համար։ Մենք բաց աղբյուրներում չկարողացանք գտնել «Առ ալոյս թրեյդինգ» ՍՊ ընկերության մասին տեղեկատվություն, որ ստացել է մթնոլորտային օդի վրա վնասակար ներգործության թույլատվություն։
2025 թվականի գարնանը գրավոր դիմումներ ստացանք գործարանի հարևանությամբ գտնվող բազմաբնակարան շենքերի բնակիչներից, որտեղ ասվում էր, որ իրավիճակը կրկնվում է։ Հիմնականում գիշերային ժամերին ուժեղ ծուխ է բարձրանում գործարանի ծխնելուզից, որի հետևանքով իրենց մոտ սրտխառնոց և շնչառական խնդիրներ են առաջանում։ Փոշին և ծուխը պատում է ամբողջ տարածքը և փաստի վերաբերյալ տրամադրեցին լուսանկարներ։
ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրից տեղեկանում ենք, որ «Առ ալլոյս թրեյդինգ» ՍՊ ընկերությունը հիմնադրվել է 2014 թվականին, ունի 3 մասնակից, երկուսը 35 և 30 տոկոս բաժնեմասով ՌԴ քաղաքացիներ և մեկը 35 տոկոս բաժնեմասով ՀՀ քաղաքացի։ Ընկերության տնօրենն է Կարեն Համբարձումյանը։
Ընկերության վերաբերյալ տեղեկատվության հանդիպեցինք Մթնոլորտային օդի վրա վնասակար ներգործություն ունեցող պետական հաշվառման ենթակա գործող կազմակերպությունների ցանկում, որը հաստատվել է ՀՀ Շրջակա միջավայրի նախարարի 2025թ-ի հունվարի 14-ի թիվ 10-Ա հրամանով։
Ընկերության պաշտոնական կայքից ծանոթանում ենք, որ զբաղվում է մոլիբդենի հարստացմամբ և ֆերոմոլիբդենի արտադրությամբ, 2022 թվականից ընդգրկված է ՀՀ խոշոր հարկատուների ցանկում, ստեղծել է 100-ից ավել աշխատատեղ։
Նամակով դիմեցինք ընկերությունը, տրամադրել հիմքեր, ըստ որի իրենց կողմից իրականացվում է մթնոլորտային օդի վրա վնասակար ներգործություն։ «Առ ալլոյս թրեյդինգ» ՍՊ ընկերությունը մեզ տրամադրեց «Հոկտեմբերյանի ֆերոսպլավ գործարան» ՍՊ ընկերությանը վտանգավոր թափոնների վերամշակում կատարելու լիցենզիա տալու մասին ՀՀ կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 12-ի N 1425-Ա որոշումը։
Նամակով դիմեցինք ՀՀ Շրջակա միջավայրի նախարարություն խնդրելով մեզ տրամադրել «Առ ալլոյս թրեյդինգ» ՍՊ ընկերությանը տրված իրավական հիմքերը ինչը թույլատրում է մթնոլորտային օդի վրա վնասակար ներգործություն ունենալ։ Նախարարությունը պատասխանեց, որ «ԱՌ ԱԼԼՈՅՍ ԹՐԵՅԴԻՆԳ» ՍՊԸ-ն շրջակա միջավայրի նախարարության կողմից 2023 թվականի նոյեմբերի 10-ին ստացել է N 0121-23 մթնոլորտ արտանետման թույլտվությունը և ներկայացնում է տարեկան վարչական վիճակագրական հաշվետվությունները:
Նամակով դիմեցինք Արմավիրի համայնքապետարան խնդրելով տրամադրել տեղեկատվություն հանրային լսումների վերաբերյալ։ Համայնքապետարանը պատասխանեց, որ Արմավիր քաղաքի Շահումյան փողոցի 3/9 հասցեում գտնվող «ԱՌ ԱԼԼՈՅՍ ԹՐԵՅԴԻՆԳ» ՍՊ ընկերության գործունեության իրավական հիմքերի վերաբերյալ Արմավիր համայնքապետարանում հիմքեր չեն պահպանվել։
Ըստ ընկերության մեկնաբանության «Հոկտեմբերյանի ֆերոսպլավ գործարան» ՍՊ ընկերության բիզնեսը թույլտվության հետ միասին անցել է իրենց իրավասությանը։ Երևույթը ՀՀ իրավական նորմերով չի արգելվում ինչից օգտվել է «Առ ալոյս թրեյդինգ» ՍՊ ընկերությունը։ Ընկերության գործունեության իրավական կողմը համարելով ավարտված մենք շարունակեցինք մոլիբդենի հարստացման և ֆերոմոլիբդենի արտադրության գործընթացի ուսումնասիրությանը և շրջակա միջավայր արտանետվող նյութերի տեսակների և դրանց վնասակարության աստիճանի ուսումնասիրությանը։
Մոլիբդենի հանքաքարի հարստացման վնասակար արտանետումները
Ֆերոմոլիբդենի արտադրության ժամանակ վնասակար արտանետումներ
  • Փոշի (մոլիբդեն, սիլիկա, մետաղ պարունակող փոշի)
Ազդեցությունը ՝ Գրգռում է աչքերը և թոքերը. երկարատև ազդեցությունը կարող է առաջացնել քրոնիկ շնչառական խնդիրներ:
  • Ծծմբի երկօքսիդի (SO₂)
Ազդեցությունը՝ առաջացնում է շնչառության դժվարություններ, սրում է ասթման և սրտի հետ կապված խնդիրները։
  • Ազոտի օքսիդներ (NOₓ)
Ազդեցությունը՝ Գրգռում է շնչառական ուղիները, նպաստում է գետնամերձ օզոնի և սմոգի առաջացմանը։
  • Ֆլոտացիոն քիմիական նյութեր (կերոսինի գոլորշիներ, քսանթատներ, փրփրացնող նյութեր)
Ազդեցությունը ՝ Գլխացավ, գլխապտույտ; երկարատև ազդեցությունը կարող է ազդել լյարդի և նյարդային համակարգի վրա:
  • Ածխածնի մոնօքսիդի (CO)
Ազդեցությունը՝ նվազեցնում է արյան մեջ թթվածնի քանակը, առաջացնելով գլխացավեր, գլխապտույտ, իսկ բարձր մակարդակներում՝ կյանքին սպառնացող թունավորում։
  • Ծծմբի երկօքսիդի (SO₂)
Ազդեցությունը՝ ուժեղ գրգռում է թոքերը, առաջացնում է հազ և շնչառության խնդիրներ։
  • Ազոտի օքսիդների (NOₓ)
Ազդեցությունը՝ գրգռում է թոքերը և նպաստում շնչառական հիվանդությունների առաջացմանը։
  • Մետաղական գոլորշիներ (մոլիբդենի օքսիդ, երկաթի օքսիդի գոլորշիներ)
Ազդեցությունը՝ Կարող է առաջացնել «մետաղական գոլորշիների տենդ», հազ, կրծքավանդակի սեղմում. երկարատև ազդեցությունը կարող է ազդել թոքերի ֆունկցիայի վրա:
  • Հումքից և խարամից փոշի
Ազդեցությունը՝ կարող է առաջացնել քրոնիկ բրոնխիտ և թոքերի տարողության նվազում։
  • Ցնդող օրգանական միացությունների (ՑՕՄ)
Ազդեցությունը՝ առաջացնում են գլխացավեր, աչքերի գրգռում, որոշ տեսակներ քաղցկեղածին են։
Բնակիչների կողմից նշված առողջական խնդիրները համընկնում են մոլիբդենի հարստացման և ֆերոմոլիբդենի արտադրության ժամանկ մթնոլորտ արտանետվող, մարդու առողջության համար վնասակար նյութերից առաջացած ախտանշաններին։
Տեսչական մարմնի այցելությունը գործարան
Շրջակա միջավայրի նախարարություն մեր ուղարկած նամակը հիմք հանդիսացավ, որ ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ստուգումներ անցկացներ «Առ ալլոյս թրեյդինգ» ՍՊ ընկերության կողմից մթնոլորտ արտանետվող վնասակար նյութերի թույլատրելի քանակի գերազանցման վերաբերյալ։
Գործարանի տնօրինությունը մեզ տեղյակ պահեց տեսչական ստուգման մասին և հրավիրեց գործարան, ներկա գտնվելու գործընթացին։
Գործարանում կատարվել էին մեծ փոփոխություններ կապված արտանետվող գազերի լվացման միջոցով ֆիլտրացիայի հետ։
ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից բացի ստուգումներին մասնակցում էր նաև ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Գործարանի տնօրեն Կարեն Համբարձումյանը մեզ բացատրեց, որ գործարանից դուրս մղվող գազերը և կոշտ մասնիկները մի քանի անգամ ենթարկվում են ֆիլտրացիայի։ Ֆիլտրի դեր կատարող հեղուկը փակ համակարգում օգտագործվում է մի քանի անգամ, մինչև դառնում է մածուցիկ, որից հետո Նուբարաշեն աղբավայրի կողմից, որի հետ կնքված է պայմանագիր, տեղափոխվում է աղբավայր։ Նուբարաշեն աղբավայրի կողմից աղբավայր է տեղափոխվում նաև արտադրական կոշտ թափոնները։
Օրեր անց գործարանը մեզ տրամադրեց ստուգումների արդյունքները, ըստ որի գործարանի արտադրական գործընթացի ժամանակ վնասակար նյութերի արտանետումների քանակը թույլատրելի քանակից մի քանի անգամ պակաս է։
Նշենք, որ գործարանի տնօրինությունը կարճ ժամանակահատվածում մեծ ներդրումներով աշխատանքներ էր կատարել և շարունակում էր կատարել նվազագույնի հասցնելու արտանետվող վնասակար նյութերի քանակը։
Մենք հանդիպեցինք մեզ դիմած քաղաքացիներից մի քանիսի հետ և փորձեցինք պարզել արդյոք նկատում են փոփոխություն գործարանի կողմից մթնոլորտ արտանետվող գազերի ազդեցության մեջ։ Պատասխանները դրական էին, ինչը նշանակում է, որ իրոք գործարանը նվազագույնի է հասցրել վնասակար նյութերով շրջակա միջավայրի օդի աղտոտումը։
Մենք կշարունակենք մշտապես հետևողական լինել գործարանի աշխատանքների նկատմամբ և կպահպանենք կապը գործարանի հարևանությամբ բնակվող բնակիչների հետ, նրանց անհանգստություններին և մտահոգություններին արձագանքելու պատրաստակամությամբ։
"Տարածաշրջանի կայուն զարգացում" ՀԿ
Made on
Tilda