Արմավիրի մարզի գյուղացիական տնտեսությունները վաղ գարնան գյուղատնտեսական աշխատանքներն ավելի շուտ են սկսել։ Պտղատու ծառերի էտը բուռն ընթացքի մեջ է։ Մուշեղ Գյուրջյանը Հացիկ գյուղում 3 հեկտար պտղատու այգի ունի, մշակում է դեղձ և կեռաս։ Ծիրանի այգին այս տարի կփոխարինի սալորենիով, ծիրանը եկամտաբեր չի համարում։ Բացի դա, դժվար է իրացման հարցը լուծում։ Սալորի պահանջարկն ավելի մեծ է, - նկատել է այգետերը։
Գյուրջյանը այգին անձամբ է էտում, ասում է՝ տարիների ընթացքում մասնագիտացել է գործում, չի վստահում այլոց, ինքը գիտի որ շիվն է թողնելու, որը հեռացնելու։ Որքան ծառը գրագետ էտվի, այնքան պտուղը խոշոր ու որակով կլինի։ Նրա խոսքով, կարևորը ոչ թե պտղի քանակն է, այլ՝ որակը, շուկայում պահանջարկը որակով ապրանքինն է։ Մոտ երկու ամիս է, այգում էտի աշխատանքներ է կատարում, արդեն ավարտին է հասնում, զուգահեռաբար աշխատողներն էտված ճյուղերն են այգուց հավաքում, որպեսզի դաշտը մաքուր լինի, ոռոգման և բուժման համար խոչընդոտ չլինի։
Էտված ճյուղերը Մուշեղն այրում է, ասում է՝ նախկինում գյուղացիներից շատերը հավաքում և տանում էին որպես վառելիք, հիմնականում ձմռան ջեռուցման հարցն էին լուծում, թոնրի համար օգտագործում, հիմա ժամանակները փոխվել է, ցախի պահանջարկը պակասել։
Մուշեղ Գյուրջյանն ասում է․ «Կլիմայի փոփոխությունն ունի նաև դրական ազդեցություն, գյուղատնտեսական աշխատանքները հնարավոր է դարձել ավելի վաղ սկսել, ժամանակի մեջ չշտապել և մինչև գարուն ծանր գործերը թեթևացնել»։
Մուշեղ Գյուրջյանը նախորդ տարվա բերքատվությունից գոհ է, իրացման խնդիր ևս չի ունեցել։ Հիմնականում բերքը չիր արտադրողներին է վաճառել։ Դժգոհ է սակագնից, ասում է՝ եթե արտահանում լիներ, մրցակցության պայմաններում նորմալ գնային առաջարկ կձևավորվեր, բայց քանի որ տեղական շուկայում մեծ քանակություն չի սպառվում, արտահանման ծավալները ևս մեծ չեն, ուստի պետք է հարմարվել տեղում առաջարկվող սակագներին։ Դեղձի մեկ կիլոգրամը վաճառել է 200-250 դրամով։ Մուշեղի կարծիքով, իր արտադրած որակյալ պտղի համար դա նվազագույն արժեք է՝ քիչ եկամտաբերությամբ։ Գյուրջյանը լավատես է, առատ բերքի ակնկալիքով, հավատում է, որ իրացման խնդիր չի ունենա։