Ալաշկերտցի Արայիկ Մովսիսյանը, շուրջ 40 տարի է, այգեգործությամբ է զբաղվում։ 2 հեկտար խաղողի այգի ունի՝ 1 հա սեղանի և 1 հա տեխնիկական տեսակի։ Նախորդ տարվա խաղողի բերքատվությունից գոհ է, ասում է՝ վազերը կրկնակի քանակությամբ էին բերքով ճկված, ինչը ուրախալի էր գյուղացու համար, սակայն իրացման խնդրի առաջ է կանգնել՝ սեղանի սորտի պահանջարկ արտահանողների կողմից չի եղել, տեղական շուկայում այդ քանակությունը սպառելն անհնար է եղել, հիմնական մասը սառնարանում է պահեստավորել, ուշ աշնանն ու ձմռանը նորից շուկա վաճառքի է հանել, որոշ քանակությունը կանխիկ, որոշը՝ անկանխիկ կարողացել է իրացնել։ Տեխնիկական տեսակի դեպքում ոչ մի կիլոգրամ չի կարողացել վաճառել, վերամշակող կազմակերպությունները հրաժարվել են մթերել։ Ասում է՝ շուրջ 12 տոննա տեխնիկական տեսակի խաղող ստիպված վերամշակման է ենթարկել, օղու հումք է պատրաստել և շուտով կսկսի թորման աշխատանքները։ Որտե՞ղ և ի՞նչ կերպ կկարողանա օղին վաճառել, դեռ չգիտի։ Իսկ, մինչ այդ, Արայիկը սկսել է այս տարվա գյուղատնտեսական աշխատանքները։
Առաջին անգամ այգետերը խաղողի վազերը չի ծածկել, ասում է՝ գյուղում համատարած այգեթաղ չի իրականացվել։ Եղանակային բարենպաստ պայմանները թույլ են տալիս խուսափել այգեթաղից, ինչը, իր հերթին, նվազեցնում է մշակության ծախսերը, տնտեսվում է այգեթաղի և այգեբացի համար ծախսվող գումարը, որը գյուղացու համար բավականին մեծ բեռ է։ Արայիկի խոսքով, մեկ հեկտարի այգեթաղը մոտ 300 հազար դրամ է կազմում, այգեբացը՝ 150 հազար դրամ, այսինքն՝ գյուղացին առնվազն 450-500 հազար դրամ մեկ հեկտարի հաշվով խնայել է այս տարի։ Մովսիսյանի խոսքով, վազերը չծածկելուց բերքատվությունը չի նվազում, եթե տարին բարենպաստ լինի, ապա բերքի պակաս չի նկատվի։
Խաղողագործության մեջ ամենաշատը իրացման խնդիրն է մտահոգում գյուղացիներին։ Արայիկի խոսքով, նախ առաջարկվող սակագինը հազիվ է ծածկում խաղողի ինքնարժեքը, ապա արտահանման խնդիրներն են օրեցօր ավելանում, արտահանվող ապրանքի քանակն է նվազում, պահանջարկը պակասում, բերքը վաճառելու մեծ խնդիր է առաջանում։ Գյուղացիներն ասում են՝ խնդրի կարգավորման համար անհրաժեշտ է պետական մոտեցում։ Ժամանակին և ճիշտ կառավարման արդյունքում հարցը կարող է լուծում ստանալ։ Արայիկը պնդում է՝ առնվազն 5 տարի է, խաղողի մթերման խնդիրը օրակարգային է։