Հայաստանի գյուղացիական տնտեսությունների գերակշիռ մասը դարձել են բանկային համակարգ սպասարկողներ: Մեկ ձախողված տարին բավական է, որ գյուղացու մեկ վարկը դառնա երկու կամ արտագնա աշխատանքով կարողանա փակել վարկը: Բանկերը, օգտվելով գյուղացու անելանելի վիճակից, նոր, ավելի խիստ պայմաններ են թելադրում: Հատկապես վերջին տարիներին բանկերը ներմուծել են վարկի սպասարկման և կանխիկացման տոկոսադրույքներ, որոնց շնորհիվ տարեկան տոկոսադրույքն անուղղակիորեն հասցրել են 45-50 տոկոս: Անհասկանալի պատճառներով այս ակնհայտ թալանի նկատմամբ ՀՀ Կենտրոնական բանկը աչք է փակում: Գյուղացիական տնտեսություններից շատերը հրաժարվում են և հող մշակելուց, և բանկերից կամ վարկային կազմակերպություններից վարկ ստանալուց: Դրա լուռ վկաներն են հազարավոր հեկտարների հասնող անապատի վերածված անմշակ տարածքները: