Ելակը նուրբ մշակաբույս է, ուշադրություն է պահանջում, պետք է ժամանակին ջրել, պարարտացնել և բուժել, այլապես ծաղիկը չի ձևավորովի, կամ պտուղը չի հասունանա, գերխոնավությունից կարող է նեխել, չորությունից չծաղկել կամ ձևավորված պտուղը թափվել պատմում է Անդրանիկը և ավելացնում, գործի մեջ մասնագիտանալ է պետք, այլապես չարչարանքը արդյունք չի տա։ Էջմիածնի տարածաշրջանի մի շարք գյուղերում դաշտերը սպիտակել են ելակի ջերմոցների առատությունից։ Գեղակերտում նույնպես, գյուղացիական տնտեսությունների մեծ մասը ելակի մշակությամբ է զբաղվում։ Հողը ելակի մշակության համար նպաստավոր է, բացի դա գյուղատնտեսական սեզոնի ընթացքում գյուղացիները հասցնում են երկու, երբեմն՝ 3 տեսակի մշակություն ծավալել։ Ելակի բերքահավաքից հետո կարտոֆիլ, վարունգ, կամ լոբի են ցանում, մինչև նոյեմբեր երկրոդ կամ երրորդ բերքն են հավաքում ու նորից ելակի սածիլի աշխատանքները սկսում։ Անդրանիկ Առաքելյանի խոսքով ելակի մշակության համար տևական ժամանակ է պետք։
Ելակի սածիլի աշխատանքները սկսվում են օգոստոս ամսից, ապրիլին տեղափոխվում դաշտ, ծածկվում պոլիէթիլենային թաղանթով, որպեսզի բույսը արագ աճի, ավելի շուտ բերքը հասունանա։ Մայիսի առաջին տասնօրյակում Անդրանիկը ելակը շուկա կհանի։ Զուգահեռաբար հողատարածքի մյուս հատվածում, ջերմոցային տնտեսության հարևանությամբ ելակի նոր սածիլներ է տնկում։ Մինչև ջերմոցներից ելակի բերքահավաքը ավարտի, բաց դաշտի բերքը կհավաքի։ Մեկը մյուսին կհաջորդի, այդպես բերքահավաքն ավելի հեշտ ու կազմակերպված կլինի, շտապելու խնդիր չի լինի, ասում է Անդրանիկը։ Ծախստար է, բայց նաև եկամտաբեր, եթե եղանակային պայմանները բարենպաստ լինեն, քամի, կարկուտ կամ տևական անձրևներ չլինեն, հավաստիացնում են գեղակերտցիները։ Մասսայական բերքահավաքի ժամանակ ելակի մեկ կիլոգրամը վաճառում են 800-1000 դրամ, երբ նոր է բերքահավաքը սկսվում, սակագինն ավելի բարձր է լինում, 1500-2000 դրամ, բայց սա երկար չի տևում ասում է Անդրանիկը, բերքահավքի առաջին շաբաթում, երբ դեռ հասունացած պտղի քանակը քիչ է։
Ելակը հիմնականում սպառվում է տեղական շուկայում։ Իրացման խնդիր գյուղացիները չեն ունենում։