Մոտավոր հաշվարկներով, շինարարական աշխատանքների ավարտից և բնակեցումից հետո շրջակա միջավայրը աղտոտող կեղտաջրի տարեկան ծավալը, միայն 2 թաղամասերի բնակիչների կեղտաջրով, կավելանա մեկ մլն խորանարդ մետրով։
Ըստ կառուցապատողների, թաղամասերում լինելու են նաև օժանդակ հասարակական տարածքներ։ Այս քանակից դատելով՝ հասկանալի է դառնում, թե ինչու «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեխնիկական պայմանում կոյուղաջրի քանակ չի նշել։
Արմավիր քաղաքի կենտրոնում, որտեղ կառուցվելու է բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրը, մեծ խնդիր կա նախադպրոցական հաստատությունների քանակի հետ կապված։
Արմավիր քաղաքում մանկապարտեզի հասակի երեխաների միայն 20 տոկոսն է հաճախում մանկապարտեզ և, քաղաքը չի կարողանում ապահովել բավարար տեղեր բոլոր ցանկացողների համար։ Ենթադրվում է, որ 530 բնակարանը ձեռք կբերեն երիտասարդ ընտանիքները և յուրաքանչյուր ընտանիքում 2 կամ ավելի մանկահասակ և դպրոցահասակ երեխաներ կլինեն, որոնց պետք է տեղավորել քաղաքի դպրոցներում և մանկապարտեզներում։
Արմավիր քաղաքի Աբովյան փողոցի վերջնամասում կառուցվող 1650 բնակարանով թաղամասում նախատեսվում է կառուցել մանկապարտեզ։ Բնական է, որ մեկ կամ լավագույն դեպքում 3 մանկապարտեզը չեն կարող խնդիրը մեղմել, իսկ դպրոցների մասին բոլորը լռում են։
Նախատեսվող բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի անլուծելի խնդիրներից է նաև թաղամասի մուտքն ու ելքը։ Մեկ մուտքը դուրս է գալիս նրբանցք, որի լայնությունը ընդամենը 6 մետր է, ավելի պատկերավոր՝ նրբանցքի հանդիպակաց տների հեռավորությունը միմյանցից 6 մետր է։ Նրբանցքը չունի մայթեր, երեխաների անվտանգության խնդիրը դառնում է օրհասական։ Մյուս մուտքը 6 մետր լայնությամբ է դեպի Շահումյան փողոց, որի թողունակությունը չի կարող բավարարել 6-7 հարյուր մեքենաների տեղաշարժի համար՝ հատկապես, որ կառուցվող շենքերի առաջին հարկերը լինելու են հասարակական և կոմերցիոն տարածքներ։ Կառուցապատողը և նախագծողն ունեն հաշվարկներ, թե ինչպե՞ս և որքա՞ն ժամանակում հնարավոր կլինի տարհանել բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի բնակիչներին։
Կառուցապատումը նույնպես զարգացում է և ունի բազմաթիվ դրական կողմեր, սակայն յուրաքանչյուր կառուցապատումից առաջ պետք է առաջին հերթին մտածել ենթակառուցվածքներ ստեղծելու, բնակիչների առողջության և անվտանգության մասին։