Հեռավար կրթությունը գյուղերում

Ինչպես հաղթահարեց հեռավար կրթությունը ֆերիկցի աշակերտը
Հեռավար կրթությու՞ն… Ի՞նչ է դա: Օնիկի մայրը եզդերեն լեզվով երեխային բացատրում է ինչի մասին է խոսքը

5-րդ դասարանցի Ռուստամն առաջին անգամ մեզանից իմացավ, թե ինչ է հեռավար կրթությունը։ Ռուստամը բնակվում է Արմավիրի մարզի եզդիաբնակ Ֆերիկ համայնքում։ Հայաստանի բոլոր դպրոցների պես Ֆերիկի դպրոցն էլ անցել է հեռավար կրթության, սակայն դպրոցի 47 աշակերտներից քչերին է հաջողվել մասնակցել հեռավար դասերին։ Ռուստամը դժվարանում էր պատասխանել, թե ո՞ր առարկաներն են հեռավար կրթությամբ անցել և ի՞նչ ձևով է մասնակցել դասերին։

Եզդերեն մայրենի լեզվի և գրականության ֆերիկցի միակ ուսուցիչ, միևնույն ժամանակ համայնքի ղեկավար Ռուստամ Հասանյանի մեկնաբանությամբ, մեկ-երկու ընտանիք ունի ինտերնետ կապ և տեխնիկական հնարավորություն, մնացածը հեռախոսի օգնությամբ են մասնակցել դասընթացներին։ Իսկ անկեղծորեն, ընդամենը հեռախոսով լսել են ուսուցչին, իսկ թե ի՞նչ նստվածք են տվել ուսուցչի խոսքերը աշակերտի մոտ, դա այլ քննարկման թեմա է։Հասանյանի խոսքով, ի՞նչ կրթության մասին կարող է խոսք լինել, եթե ընտանիքն ունի, ասենք, 3 դպրոցահասակ երեխա և մեկ հեռախոս, այն էլ՝ ոչ ժամանակակից (սմարթֆոն), որը ծառայում է ծնողների հեռախոսազանգերի և 3 երեխաների կրթություն ստանալու համար։ Իր խոսքով, եղել են դեպքեր, երբ անձամբ այցելել է ընտանիքներ և առաջադրանքներ տվել աշակերտներին։

Ռուստամ Հասանյան՝ եզդերեն մայրենի լեզվի և գրականության ուսուցիչ – «Հիմա, տեսե՛ք, ես զանգում եմ և հանձնարարություն տալիս աշակերտին: Հաջորդ օրը զանգում եմ և աշակերտին ասում, որպեսզի պատմի դասը: Հիմա ես ինչ գիտեմ հեռախոսի այն կողմից աշակերտը սովորել պատմու՞մ է դասը, թե՞ կարդում է։ Համենայն դեպս, եթե անկեղծ լինեմ, աշակերտների 3 տոկոսն է, որ հեռավար դասընթացին մասնակցելու հնարավորություն ունի: Մյուսների դեպքում տարբեր միջոցներ ենք կիրառում, որպեսզի հնարավորինս հետ չմնան կրթությունից: Մի ընտանիք, մի հեռախոս, գործի սեզոն, ծնողները դաշտ են գնում, հեռախոսը տանում են և այլն, շատ են խնդիրները: Հեռավար կրթությունն այդքան էլ արդյունավետ չէ: Ճիշտը՝ դպրոցների բացելն է, դպրոցում կարողանում ես գրատախտակի մոտ երեխային նորմալ դաս բացատրել, տեսնում ես եթե չի հասկացել, նորից ես բացատրում, հատկապես մեզ մոտ, որ երեխաների հիմնական մասը դասերը սովորում են հենց դպրոցում՝ մեր օգնությամբ»։


Ռուստամ Հասանյան
Ֆերիկի գյուղապետ, եզդերեն մայրենի լեզվի և գրականության ուսուցիչ
11-ամյա Օնիկը, ով սովորում է 3-րդ դասարանում, մոռացել էր, որ սովորում է դպրոցում, անհոգ նորոգում էր հեծանիվը։ Հեռավար կրթության անցումը ընտանիքի համար լրացուցիչ խնդիրներ էր ստեղծել։ Անապահով ընտանիքը Օնիկի և 2 քույրերի համար ապառիկ հեռախոս էր ձեռք բերել և ամսական, բացի հեռախոսի վարձավճարից, լրացուցիչ 6500 դրամ ապառիկն է մարում։ Օնիկի մոր՝ Լիաննայի խոսքով, հեռավար կրթությունը եղած-չեղած մեկ է, երեխան ի՞նչ պետք է սովորի ականջին դրած հեռախոսով։ Ասում է. «Ոչ բոլոր առարկաներն են հեռավար կրթությամբ անցնում երեխաները: Օրինակ, աղջիկները մաթեմատիկա առարկան անցնում էին, Օնիկը՝ ոչ, իսկ այդ դասընթացներն ընդամենը ձևական բնույթ են կրում։ Օնիկը շատ է ուզում, որ դպրոցը բացվի, ասում է դասարանում դասն ավելի հեշտ է ընկալում։

Ծնող՝ Լիաննա – «Ամբողջ ընտանիքս էս մի հեռախոսի վրայա: Օրինակ, տղես 3-րդ դասարան փոխադրվեց, հեսա որ սեպտեմբերի 15-ին դպրոց գնա, սկի 2-րդ դասարանի գիտելիք չունի։ Ինչ ուսուցչուհին դասը տեղում ա բացատրում, ինչ հեռախոսով ա ասում, էդ հերիք չի երեխուն։ Ես գոհ չեմ, պարզ ասում եմ, ու ամեն առարկա չի, որ դասավանդել են։ Տղուս ռուսերենը տվել են, մեծերին չէ: Հայոց լեզու, մաթեմատիկա պարապել են, պատմողական առարկաներից ոչ մի դաս չի եղել։ Ասենք, դասատու կա զանգել, արագ-արագ սաղ ասել ա, ես ծնողն եմ, կողքը կանգնած, չեմ հասկացել, էդ երեխեն ո՞նց հասկանար։ Հեռավարի անունն ա մենակ հելե։ Ես ուզում եմ, թող դպրոցը բացվի, երեխեն գնա դպրոց, ճիշտ ա, մի քիչ վախենում եմ, բայց տնօրենից էլ ա կախված, ինքը պտի ամեն ինչ անի, հնարավորություն ստեղծի երեխաների համար, ասենք ջերմաչափում անի, ալկոգել տա»։

Օնիկի պապիկը նույնպես վրդովված է, ասում է. «Հեռավար կրթությունն իրենց անապահով ընտանիքի համար միայն հավելյալ ծախս է ավելացրել: Ինչքա՞ն կանաչի ծախի, որ հեռախոսի ապառիկը փակի, կամ ինտերնետի գումարը վճարի, այն դեպքում, երբ թոռները լիարժեք կրթություն չեն տանում»։ Նրա խոսքով, եթե հեռավար կրթության էին անցնում, նախ պետք է ընտանիքների սոցիալական վիճակը գնահատեին, հետո նրանց անհրաժեշտ սարքավորումներով ապահովվեին, որպեսզի երեխան գրագիտություն սովորեր, հետ չմնար։

Արմավիրի մարզի Ֆերիկ համայնքը բացառապես եզդիաբնակ է։ Գյուղի 9-ամյա դպրոցում 14 ուսուցիչներից միայն եզդերեն մայրենի լեզվի և գրականության ուսուցիչ, գյուղապետ Ռուստամ Հասանյանն է տեղի բնակիչ, մյուսները գալիս են Էջմիածին քաղաքից և մարզի տարբեր համայնքներից։ Անմիջական կապը աշակերտների հետ բացակայում է։ Հենց սա է պատճառը, որ մեզ հանդիպած աշակերտներից ոչ մեկը տարրական պատկերացում չուներ, թե ինչ կերպ պետք է մասնակցեր հեռավար դասընթացներին։

Լևոն Պողոսյան
Ֆերիկի միջնակարգ դպրոցի տնօրեն
Մենք հեռախոսազրույց ունեցանք Ֆերիկի դպրոցի տնօրեն Լևոն Պողոսյանի հետ, ով հայտնեց. «Տեխնիկական միջոցների պակասի պատճառով երեխաների մեծ մասը չեն կարողանում մասնակցել դասապրոցեսին։ Կամ տեխնիկական միջոցն է բացակայում ընտանիքներում, կամ առկայության դեպքում Zoom ծրագրից չեն կարողանում օգտվել։ Դրա համար ծնողների հեռախոսների միջոցով փորձում ենք բոլորի հետ կապ հաստատել և հանձնարարություններ տալ աշակերտներին»։ Դպրոցի տնօրենն ասում է, որ ուսուցիչները հիմնականում անհատապես են կապ հաստատել աշակերտների հետ, փորձել են հնարավորինս ապահովել շփումը և բաց չթողնել ուսումնական պլանը։ Բայց, այնուհանդերձ, Պողոսյանը կարծում է, որ դա բոլորովին բավարար չէր երեխայի ուսուցումը պատշաճ կազմակերպելու համար։ Ասում է. «Հարուստ տեխնելոգիաներով կազմակերպված դպրոցում հնարավոր է լավ արդյունք ստանալ, բայց այնպիսի դպրոցում, ինչպիսին Ֆերիկինն է, որտեղ առանց այդ էլ երեխաների հայերեն լեզուն թույլ է և կարիք կա անմիջական շփման ուսուցչի հետ, չի կարող հեռավար կրթությունն իր նպատակին ճիշտ ծառայի։ Հեռավար կրթության ընթացքում, տնօրենի խոսքով, Ֆերիկում հեռավար կրթությունն ապահովելու համար մեկ անապահով ընտանիքի Արմավիրի մարզպետարանի կողմից տրամադրվել է մեկ պլանշետ և մեկ համակարգիչ դպրոցին, որը, ըստ Պողոսյանի, չի օգտագործվում անսարքության պատճառով։ Տնօրենը վստահ է. «Եթե բոլոր ընտանիքներում տեխնիկական միջոցների առկայություն լիներ, ինտերնետ կապով ապահովված լինեին, հեռավար կրթությունն արդյունավետ կկազմակերպվեր»։

Արմավիրի մարզպետարանի Կրթության, սպորտի, երիտասարդության և մշակույթի վարչությունից հայտնեցին, որ մարզի բոլոր համայնքներից մարզպետարանը պահանջել է բազմազավակ ընտանիքների, երկկողմանի և միակողմանի ծնողազուրկ երեխաների ցուցակ, որպեսզի տրամադրի անհրաժեշտ սարքավորումներ հեռավար կրթությանը մասնակցելու համար։ Ֆերիկից մարզպետարանը ստացել է 12 միավոր տեխնիկայի հայտ, որից ապահովել է միայն մեկը, քանի որ ԿԳՄՍ նախարարությունը բավարարել է մարզի պահանջարկի 15 տոկոսը։ Ընդհանուր առմամբ, հեռավար կրթության հասանելիությունն ընդլայնելու և արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ԿԳՄՍ նախարարության կողմից Արմավիրի մարզին հատկացվել է 235 համակարգչային սարք։

Ֆերիկի միջնակարգ դպրոցը 2019-2020 ուսումնական տարում ունեցել է 3 շրջանավարտ: Այս տարի առաջին դասարան կհաճախեն 3 դպրոցականներ: Աշակերտների թիվը՝ 47-ը կպահպանվի։ Աշխարհում համավարակի տարածման դինամիկան և շատ երկրներում սահմանափակումների վերականգնումը հուշում է, որ չի կարելի բացառել, որ մեզ մոտ կրկին կարող է անցում լինել հեռավար կրթությանը: Սակայն սա չի նշանակում, որ նույնիսկ մեկ աշակերտ կարող է զրկվել կրթություն ստանալու իր սահմանադրական իրավունքից։ Ֆերիկում 441 բնակիչ կա, հիմնական զբաղմունքը՝ անասնապահություն և գյուղատնտեսություն։ Ծնողները միաբերան կողմ են ստացիոնար կրթությանը: Դրա համար, բացի տեխնիկական խնդիրներից, նաև այլ պատճառներ ունեն, ասում են. «Շատ ծնողներ զբաղվածության պատճառով չեն կարող տանը զբաղվել կամ հետևել երեխաների կրթությանը, իսկ դպրոցում ուսուցիչներն օգնում են երեխաներին տնային հանձնարարությունները կատարել»։ Դպրոցի տնօրենը վստահեցնում է. «Սեպտեմբերի 15-ին պատրաստ են բացել դպրոցի դռներն ու ապահովել անվտանգության բոլոր նորմերը: Աշակերտների առողջության մասին մտածելն ամենաառաջնայինն է իրենց համար»։

Եզդիաբնակ Ֆերիկ համայնքն ունի 441 բնակիչ։ Գյուղում մշակույթային, մարզային հաստատություններ չկան, արտադրական ձեռնարկություններ նույնպես չեն գործում։ Գյուղացիական տնտեսությունները զբաղվում են անասնապահությամբ և գյուղատնտեսությամբ։ Ֆերիկը մարզկենտրոն Արմավիրից գտնվում է 17 կմ, իսկ մայրաքաղաքից մոտ 42 կմ հեռավորության վրա։

Հ.Գ. Եզդիների ավանդույթների համաձայն, կանանց խորհուրդ չի տրվում մասնակցել նկարահանումների։ Մեզ նույնպես խնդրեցին չլուսանկարել և չտեսանկարահանել կանանց։

Made on
Tilda