Օրակարգային խնդիրը՝ խաղողի մթերում
2020 թվականը խաղողագործների համար ամենահաջող տարիներից է։ Բերքատվությունը, նախորդ տարիների համեմատ, 40-60 տոկոսով ավելի է։
Բերքառատ տարին խաղողագործներին ուրախություն չբերեց։ Արարատ կոնյակի գործարանը մթերման նոր պայմաններ թելադրեց։ Գործարանը՝ պատճառաբանելով, որ տարվա ընթացքում սպասված իրացումը չի ունեցել, հետևաբար այս տարի մթերվող տեխնիկական տեսակի խաղողի ծավալները պետք է կրճատի 50-60 տոկոսով։ Իր մոտ հրավիրեց խաղողագործներին և պայմանագրերը կրճատեց։ Օրինակ, ալաշկերտցի Արայիկ Մովսիսյանը 20 տոննա խաղող մթերելու պայմանագիր ուներ: Արարատ կոնյակի գործարանը պայմանագրի ծավալը կրճատեց՝ հասցնելով 9,5 տոննայի։ Շատ գյուղացիական տնտեսություններից գործարանն ընդհանրապես հրաժարվեց խաղող մթերել։
Խաղողագործների համբերության բաժակը լցվեց, բողոքի դուրս եկան, մարզպետարան հասան։ Երկար բանակցություններից հետո մարզպետին տեսան, խոսեցին, քննարկեցին և հույսով հեռացան։
Սկսվեց սեղանի տեսակի խաղողի բերքահավաքը, իսկ գնորդներ չեն հայտնվում
Դեռ տեխնիկական տեսակի խաղողի մթերման խնդիրը չլուծված, օրակարգ մտավ սեղանի տեսակի խաղողի իրացման հարցը։ Այս դեպքում խաղողը տեղական շուկայում սպառելն անհնար է, իսկ արտահանողները հրաժարվել են մոտենալ արտադրողին։ Խաղողը գերհասունացել է, այգետերերը հուսահատված են։
Ալաշկերտցի Էդիկ Հարությունյանը 72 տարեկան է, 40 տարի խաղողագործությամբ է զբաղվում, վրդովված է։ Փորձառու խաղողագործի այգին Արմավիրի մարզում այն միակներից է, որը բոլոր ժամանակների կառավարության ներկայացուցիչների համար ցուցադրական այգի է ծառայում։ Եթե որևէ պաշտոնյա Արմավիրի մարզ մտնի, մարզային իշխանությունները, որպես գյուղատնտեսության զարգացման վառ օրինակ, անպայման Հարությունյանի այգի կուղեկցեն: «Հիմա, երբ իրացման խնդիր կա, պատկան մարմիններից ոչ ոք այստեղ չի գալիս»,- ասում է Էդիկ Հարությունյանը և հիշեցնում, կառավարությունից դժգոհություն չունի, այլ պահանջ՝ լուծել իրացման հարցը։ Արմավիրի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ՝ Արթուր Այվազյանի խոսքով խաղողի իրացման խնդիրը լուծելու համար բանակցություններ են վարում արտահանողների հետ։
«Բերքառատ տարի» հասկացությունն արդեն դուրս է գալիս շրջանառությունից։ Բերքը շատ է կամ քիչ, դա էլ այլևս էական չէ։ Կարևորը եղած բերքը հարմար գնով իրացնելն է։ Արմավիրի մարզում 3 մշակաբույս կա, որոնց բերքի 20-25 տոկոսն է իրացվում ներքին շուկայում, մնացածը պետք է գնեն արտահանողները։ Կեռասը, ծիրանը և խաղողի սեղանի տեսակները հիմնականում իրացվում են Ռուսաստանում և արտադրված բերքի ծավալները դառնում են երկրորդական գործոն։
Արմավիր գյուղում հիմնական մշակաբույսը կեռասն է։ Տարին սկզբնական շրջանում խոստումնալից էր, սակայն մայիս ամսին տեղացած անձրևները կեռասի ապրանքային տեսքը, որին մեծ կարևորություն են տալիս արտահանողները, կիսով չափ վնասվեց։ Կեռասի բերքահավաքը հիմնականում տևում է 2 շաբաթ և այս կարճ ժամանակահատվածում գյուղացին պետք է հասցնի բերքն իրացնել։ Վարպետացած արտահանողները լավ գիտեն գյուղացու վիճակը և, իրար հետ համաձայնության գալով, սկսում են հոգեբանական գրոհը։ Կեռասը հասունանում է, իսկ նրանք գյուղ չեն մտնում։ Վերջապես հայտնվում են և առաջարկում անտրամաբանական ցածր գին։ Գյուղացիները, այլ ելք չունենալով, համաձայնվում են՝ միայն բերքը ծառի վրա չմնա։
Այս տարի ծիրանի բերքը սակավ էր: Նախ՝ ծիրանենու ծաղկման շրջանում անձրևները բերքը կրճատեցին 30 տոկոսով, այնուհետև բերքի հասունացման ժամանակ դարձյալ անձրևները բերքի ապրանքային տեսքը 50 տոկոսով վնասեցին։ Կարելի էր ենթադրել, որ բերքի սակավության գործոնը արտահանողներին կստիպեր բարձր գին առաջարկել։
Եթե կեռասի դեպքում գյուղացին 2 շաբաթ ժամանակ ուներ բերքահավաքի համար և գնորդ ընտրելու հնարավորությունը մեծ էր, ծիրանի պարագայում իրացման ժամանակահատվածը ընդամենը մեկ շաբաթ է։
Այգեվան գյուղի բնակիչ Սամվել Ղազարյանը մեկ հեկտար ծիրանի այգի ունի: 10 տարի անց նպատակահարմար է գտնում այգին վաճառել, Արմավիր քաղաքում բնակարան գնել և վարձով տալ։
Արարատյան դաշտավայրում տարեցտարի ավելանում են անմշակ հողատարածքները: Ալաշկերտցի Արայիկ Մովսիսյանն անելանելի վիճակում է: Տասնամյակներ շարունակ այգեգործությամբ զբաղվելով, գյուղատնտեսության զարգացման ապագան չի տեսնում։ Իսկ գյուղացիական տնտեսությունները, բողոքի տարբեր ակցիաներ կազմակերպելով, հույս ունեն, որ խաղողի և՛ տեխնիկական, և՛ սեղանի տեսակների իրացման խնդիրը կմտնի պատկան մարմինների օրակարգ և լուծում կառաջարկվի, այլապես գյուղմթերքի արտադրությամբ զբաղվելը դառնում է անիմաստ։ Գյուղացին զրկվում է ընտանիքը կերակրելու վերջին հույսից,- ասում է Մովսիսյանը։
Խաղողի, կեռասի և ծիրանի բերքահավքը՝ ֆոտոշարքով