Արմավիրի մարզի Բագարան գյուղում կան թոշակառուներ և նպաստառուներ, չկա բանկոմատ։ Կա մեկ խանութ, որտեղ տեսականին շատ համեստ է, և գյուղացիները խանութից հիմնականում, գնումներ են կատարում այն ժամանակ, երբ դատարկ են ինչպես գրպանները, այնպես էլ՝ բանկային քարտը։
Երբ խանութի վաճառողին հարցրեցին, թե արդյո՞ք գյուղի թոշակառուներն ունեն հնարավորություն կատարելու անկանխիկ գնումներ, կատակի տալով ասաց՝ արդյոք սա անկանխիկ չէ և ցույց տվեց պարտքի հաստափոր տետրը։
Հայաստանի մոտ 490 բնակավայր չի հաղթահարում 1000 բնակիչ ունենալու շեմը։ Կան նաև բնակավայրեր, որոնք հաղթահարում են այդ շեմը, սակայն չունեն բանկոմատ։
Փոքր գյուղերի թոշակառուների մեկնաբանությամբ, գյուղից քաղաք կամ բանկոմատով բնակավայր գնացողներին խնդրում են ամբողջ թոշակը կանխիկացնեն։ Շատ թոշակառուներ ունեն տեսողության և այլ առողջական խնդիրներ, հնարավորություն չունեն օգտվելու բանկի հավելվածներից և չգիտեն որքան է քարտում առկա գումարի մնացորդը։ Այս կատեգորիայի մարդիկ գերադասում են կանխիկացնել իրենց ամբողջ թոշակը, որ հնարավորություն ունենան բալանսավորել ծախսերն ամբողջ ամսվա կտրվածքով։
Հեռավոր գյուղերն ունեն նաև որակյալ կապի խնդիր, որը առիթ է վաճառողների համար հրաժարվել անկանխիկ գործարք կատարելուց։ Այս ռիսկը հաշվի առնելով, թոշակառուները պահեստային տարբերակ պետք է ունենան վճարում կատարելու համար։
Պետական մակարդակով յուրաքանչյուր նախաձեռնություն պետք է անցնի ռիսկերի գնահատման փուլ և պետք է առավելագույնս հավասար պայմաններ ստեղծի շահառուների համար։