ԲԱԶՄԱՆՇԱՆԱԿ ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳ
2026թ․ սեպտեմբերի 1-ին Արմավիրի մարզի Հուշակերտ, Արտամետ, Կողբավան, Տալվորիկ, Բերքաշատ, Լեռնամերձ գյուղերում դպրոցի զանգ չեն լսի։ 2023թ․ սեպտեմբերի 11-ի ՀՀ ԿԳՄՍ նախարարի No 1790-Ա/2 հրամանով 229 դպրոցներում 2026թ․ սեպտեմբերի 1-ին ուսումնական տարվա մեկնարկը չի տրվի։
Մայիսի 22-ին կհնչի Հայաստանի երրորդ հանրապետության 35-րդ վերջին զանգը, որը բազմանշանակ է, չունի նախադեպը, և որի հետևանքները կստիպեն հասարակությանը վերհիշելու այս զանգի նախապատմությունը։
Զանգ, որն ազդարարում է շրջանավարտների դպրոցական տարիների ավարտը։
Զանգ, որը բնակավայրում և դպրոցում հնչում է վերջին անգամ։
Զանգ, որը տալիս է բնակավայրի գոյության հետհաշվարկի մեկնարկը։

Փոքր բնակավայրերում դպրոցը կարելի է դասել կենսական միջավայրի, առանց որի գյուղը չի կարող ապրել։ Նույնիսկ ամենափոքր բնակավայրերում գոյություն են ունեցել 2 կառույցներ, որոնք գյուղը պահել են իրենց ուսերի վրա՝ գյուղապետարան և դպրոց։ Համայնքների միավորման հետ գյուղական բնակավայրերի գյուղապետարանները վերացան։ Հերթը հասել է դպրոցներին։
ՀՀ Կառավարությունը միջոցառումն անվանել է ՀՀ կրթական որակյալ ծառայությունների հասանելիության ապահովման ծրագիր, 2025թ․ հունիսի 26-ին հաստատել է Հանրակրթական ուսումնական հաստատությունների պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման կարգը։ Ըստ այդմ, ֆինանսավորումից դուրս կմնան այն դպրոցները, որոնց աշակերտների թիվը պակաս է 100-ից։
Ըստ նախաձեռնության, նախատեսվում է փակել շուրջ 229 դպրոց, որից 55-ը՝ սահմանամերձ բնակավայրերի։ Փակված դպրոցների աշակերտներն ուսումը կշարունակեն մոտակա բնակավայրի դպրոցում։
ԿԳՄՍ նախարարի հրամանում նշված է նաև Արմավիրի մարզի Կողբավան գյուղի անունը, մինչդեռ Կողբավանում դպրոց չկա։ Կողբավան գյուղը դասական օրինակ է՝ հասկանալու համար առանց դպրոց բնակավայրերի ապագան։ Բաղրամյան համայնքի Կողբավան գյուղում այսօր փաստացի բնակվում է 13 ընտանիք։ Արդեն 15 տարի է, դպրոց չունի, աշակերտները հաճախում են նույն համայնքի Վանանդ գյուղի դպրոց։ Աշակերտների տեղափոխման խնդիրը, մինչ համայնքների միավորումը, իր վրա էր վերցրել Կողբավանի համայնքապետարանը, այսօր՝ Բաղրամյան համայնքը։ Հովհաննես Դանիելյանը, արդեն 15 տարի է, առավոտյան աշակերտներին բերում է դպրոց, ժամը 15։00-ին՝ դպրոցից տանում տուն։
Կողբավանի աշակերտների թիվը եղել է 9-ը, այսօր դարձել է 5, կիսով չափ կրճատվել է։ Հեռու չէ այն օրը, որ գյուղն այլևս աշակերտ չի ունենա։
Իր բնակավայրից դուրս ուսում ստացող այսօրվա աշակերտն արդյո՞ք կցանկանա իր ապագան կապել բնակավայրի հետ, որտեղից իր երեխաները պետք է կրթություն ստանան այլ բնակավայրում։ Այս հարցի պատասխանը կարող է տալ այսօրվա աշակերտը, ով անցնելու է կրթություն ստանալու դժվարությունների միջով։
Արմավիրի մարզի Լեռնամերձ գյուղի դպրոցի վերջին զանգը նույնպես վերջինն է լինելու։ Գուրգեն Գրիգորյանը մտահոգված է գյուղի ճակատագրով։
Արմավիրի մարզի Արևադաշտ գյուղի դպրոցը վերջին տարիներին է կառուցվել, ունի բոլոր հարմարությունները։ Դպրոց է հաճախում մոտ 3 տասնյակ աշակերտ։ Տնօրենը հրաժարվեց աշակերտների թվի մասին տեղեկություն հայտնել։ Հրամանը կյանքի կոչելուց հետո կփակվի դպրոցը, իսկ դպրոցի շենքն անգործությունից կքայքայվի։

Տալվորիկ գյուղի դպրոցում այս տարի հիմնվել է նախակրթարան, տեղադրվել են սարքավորումներ և նոր գույք։ Նախակրթարանը պետք է գործեր 2026թ․ սեպտեմբերի 1-ից, իսկ դպրոցը համարվում է նախաձեռնության շահառու։
Փաստորեն ապարդյուն ծախսվում են միջոցներ՝ իմանալով, որ դպրոցն այլևս ապագա չունի և մայիսի 22-ի վերջին զանգն ազդարարելու է նաև գյուղի դպրոցի փակումը։

Արտամեդ գյուղի դպրոցը նույն ճակատագիրն ունի։ Հասմիկի թոռնիկը 2026-2027 ուսումնական տարին սկսելու է Վանանդի միջնակարգ դպրոցում։
50 տարվա մանկավարժ, 30 տարվա տնօրեն Իշխան Պետրոսյանն այժմ վայելում է իր վաստակած հանգիստը, սակայն անտարբեր չէ կրթության ճակատագրով և ունի հստակ դիրքորոշում։



Հ․Գ / Նշենք, որ դպրոցների տնօրեններն այս հարցի շուրջ կարծիք կամ մեկնաբանություն տալուց խուսափում են։ Նրանց խոսքով, ոչնչից տեղյակ չեն և այդ մասին պաշտոնական տեղեկատվություն չունեն։
Made on
Tilda