Կողբավանում հաշվառված է 162 բնակիչ։ Փաստացի բնակվում է 8 ընտանիք։ Երեք տարի առաջ գյուղում բնակվում էր 13 ընտանիք, Վանանդի դպրոց էր տեղափոխվում 9 աշակերտ։ Մրազի խոսքով, գյուղացիները գյուղից գնում են, քանի որ այստեղ զբաղվում էին հիմնականում անասնապահությամբ և գյուղատնտեսությամբ։ Նախկինում հարմար էր, արոտավայրերը շատ էին, անասուններին պահելը ձեռնտու էր, հիմա գյուղի հողատարածքները սեփականատերեր ունեն, այգիներ են հիմնել, պարսպապատել, ոչ մի թիզ արոտավայր չի մնացել։ Տարվա այս սեզոնին խոշոր եղջերավոր անասունը դեռ գոմում է, չոր խոտ է ուտում։ Անասնակերն էլ թանկ է, ձեռնտու չէ, մեկ տուկ խոտը, ըստ որակի, անասնապահները գնում են 900-1500 դրամով, կաթը մեծածախ վաճառում են 130-150 դրամով։ «Անասուն պահելը եկամուտ չի բերում, անասուններն էնքան են պակասել, որ առաջ նախիրը 3-4 հոգով էինք հանում արոտի, հիմի օրը մեկս ա գնում, 15-20 անասուն էլ չի մնացել նախիրի մեջ, ոչխարն էլ ա պակասել, ես կես եմ գցել, ոչխարը ո՞ր ման չգա, կլինի՞, չի լինի»։
Կողբավանցի Աշոտ Հարությունյանի կարծիքով, համայնքների անհամաչափ զարգացումը նվազեցնելու համար անհրաժեշտ է նախ համաչափ ներդրումներ կատարել բնակավայրերում։ Դրանք կարող են լինել տրանսպորտի առկայությամբ, արոտավայրերի պահպանմամբ, կրթական ու առողջապահական ծառայությունների առկայությամբ, երիտասարդների հետաքրքրությունն ապահովող համայնքային ծրագրերով, աշխատատեղերի ստեղծմամբ, այլապես համապատարած գործազրկությունն ու հնարավորությունների սահմանափակումը ավելի կխորացնի խնդիրը։ Օրինակ, մեր գյուղը, որտեղ էլ մարդ չի մնացել, դռների կեսից շատը տարիներով կողպված են։