Եզդի Լիլո. Եզդի ժողովուրդը էս հողի վրա է ծնվել, էս հողի վրա էլ պետք է մեռնի

Էջմիածնեցի Ուսում Սարանգյանը, ում բոլորը եզդի Լիլո գիտեն, 62 տարեկան է: Պատերազմի առաջին օրերից ամեն առավոտ գալիս է Ակնալճում գտնվող Եզդիների Տաուսե Մալակի և յոթ հրեշտակների տաճար։ Նախ՝ աղոթք է բարձրացնում ռազմադաշտում կռվող զինվորների համար, ապա շտապում կամավորագրվել եզդիական ջոկատում։ Արդեն եզդի կամավորների երկու ջոկատ է մեկնել ռազմաճակատ, բայց Սարանգյանին տարիքի պատճառով չեն տարել։ Ուսումը շարունակել է պնդել և այսօր արդեն կամավորների երրորդ ջոկատում է։ Սարանգյանը Արցախյան պատերազմի մասնակից է, ասում է լավ գիտի անելիքը, միայն հասնի մարտի դաշտ։

Եզդիական տաճարի բակը միշտ մարդաշատ է, հայկական ու եզդիական դրոշներն էլ ամենուր են: Դրանք ուժ ու հավատ են ներշնչում, - ասում է Սարանգյանը։ Եզդիական ջոկատները հենց այս սրբավայրում են ձևավորվում: Նրանք հավատով ու մեծ պատրաստակամությամբ են ռազմաճակատ մեկնում։ 

Ուսում Սարանգյան - Հայերն ու եզդիներն իրար հետ գոյատևել են: Հալածանքի, դժվարության, ուրախության պահերին միշտ միասին են եղել։ 21-րդ դարում բացառված է, որ թուրքն իր նպատակին հասնի։ Մենք դա երբեք թույլ չենք տա։ Եզդի ժողովուրդը էս հողի վրա է ծնվել, էս հողի վրա էլ պետք է մեռնի։ Մեր հայրենիքը մենք ուրիշին չենք տալու։ Հայաստանի հողը մեր համար սրբություն է: Մենք՝ եզդիներս, հայերի հետ միասին, պայքարելու ենք և ոչ մի զիջում թույլ չենք տալու, թուրքն Արցախ աշխարհ չի մտնելու։

«Շամս» մարդասիրական ՀԿ տնօրեն Թեմուր Խուդոյանն ասում է. «Սեպտեմբերի 27-ին, երբ սկսվեց պատերազմը, նույն օրը երեկոյան եզդիները՝ Ռուստամ Բաքոյանի գլխավորությամբ,  ժողով անցկացրեցին: Հենց այդ ժամանակ եզդի կամավորները ցանկություն հայտնեցին մեկնել առաջնագիծ։ Նույն օրը կազմավորվեց եզդիական առաջին ջոկատն ու հոկտեմբերի 1-ին նրանք մեկնեցին ռազմաճակատ։ Հետո ձևավորվեց և մեկնեց երկրորդ ջոկատը: Վերապատրաստվում են երրորդ ջոկատի կամավորները։

Եզդիական համայնքն աշխատում է նաև թիկունքում։ Հայոց բանակին աջակցելու հնարավոր բոլոր տարբերակներն օգտագործում են եզդիները։ Թեմուր Խուդոյանի խոսքով, օգությունները ոչ միայն ֆինանսական են, այլև՝ պարենային։  

Թեմուր Խուդոյան՝ «Շամս» մարդասիրական ՀԿ տնօրեն - Ընդհանուր ծավալով շատ մեծ աջակցութուն ենք ցուցաբերել: Կան ընտանիքներ, որոնք չեն կարողացել գումար նվիրաբերել և ունեցել են ոչխար, օրինակ՝ Թլիկ գյուղից մեր եզդի եղբայրը մոտ 20 ոչխար է մորթել և ուղարկել զինվորներին, իսկ դա, եթե գումարի վերածենք, արդեն 500 հզր դրամից ավելի է կազմում։ Եզդիների հոգևորական դասից՝ Արտաշարից մեր շեյխը, իր խոշոր եղջերավոր անասունն էր մորթել և ուղարկել զինվորներին։ Ռուսաստանաբնակ եզդիներն արդեն 15 մլն ռուբլի գումար են հավաքել և փոխանցել համահայկական հիմնադրամին։ Եվս մեկ շտապօգնության մեքենա Կրասնոդարի եզդիներն էին ուղարկել։ «Շամս» ՀԿ-ն մի քանի օր առաջ մեծ քանակությամբ տաք հագուստ է ուղարկել բանակ։ Եզդի բարերար Ռոման Սլոյանի միջոցներով ձեռք է բերվել զինվորական համազգեստ, քնապարկեր և ուղարկվել առաջնագիծ։ Այն օգնությունները, որոնք ուղարկվում են մեր կողմից, դրանք և՛ եզդի, և՛ հայ զինվորների համար են։ Նույն Սլոյանի ջանքերով 3 հատ շտապօգնության մեքենա է ձեռք բերվել և ուղարկվել առաջնագիծ։ Ընդհանուր եզդիական համայնքը 5 մեքենա է տրամադրել բանակին։ Ռազմաճակատ ենք ուղարկել զրահաբաճկոններ, սաղավարտներ, իսկ եզդիական ջոկատները պարբերաբար հավաքագրվում են և փոխարինում միմյանց։  Հաղթելու ենք, դրանում մենք կասկած չունենք, դա միայն ժամանակի հարց է։

72-ամյա Գոզո Հասանյանը նույնպես ցանկանում էր ռազմաճակատ գնալ, բայց առողջական վիճակն ու տարիքը թույլ չեն տվել։ Ասում է արտասահմանում գտնվող տղաները հնարավոր ամեն բան արել են բանակին աջակցելու համար, համահայկական հիմնադրամին մի քանի անգամ գումար են նվիրաբերել։ Գոզո Հասանյանն էլ իր հերթին իր ամենասիրելի մեքենան է բանակին նվիրել։ ՈւԱԶ մակնիշի մեքենան, որին Գոզոն «կաքավ» է անվանում, ասում է բանակին հաջողություն է բերելու։

 

 Պատերազմ տեղեկատվական դաշտում

Եզդիական համայնքը պայքարում է բոլոր ուղղություններով։ «Մարդու իրավունքների եզդիական կենտրոն իրավապաշտպան» ՀԿ նախագահ Սաշիկ Սուլթանյանն ասում է. «Բացի օգնություններից ու մասնակցությունից, ևս մեկ կարևոր առաքելություն ունենք, որը պետք է ժամանակին ու ճիշտ կատարել։ Դա՝ տեղեկատվական պայքարն է»։ Ըստ Սուլթանյանի, իր կազմակերպությունը մինչև պատերազմի սկսվելը զբաղվել է մարդու իրավունքներով։ Սեպտեմբերի 27-ը փոխեց գործունեության ուղղվածությունը. իրավապաշտպան կազմակերպությունը սկսեց ավելի շատ զբաղվել պաշտոնական տեղեկատվության տարածմամբ՝ եզդերեն և քրդերեն լեզունելով։

Սաշիկ Սուլթանյան՝ «Մարդու իրավունքների եզդիական կենտրոն իրավապաշտպան» ՀԿ նախագահ - Բոլորս հասկանում ենք, որ բոլորիս խաղաղ գոյակցության ու նաև բոլորիս աշխատանքի շարունակական ու կայուն լինելու համար մեզ պետք է խաղաղություն, իսկ խաղաղություն նշանակում է հաղթանակ: Մենք որոշեցինք ուղղվածությունը փոխել և մեր գործունեության հիմնական ուղղությունը դարձավ պետական պաշտոնական լուրերի հրապարակումը եզդերեն լեզվով, նաև՝ (քուրմանջի) քրդերեն լեզվով, որպեսզի պաշտոնական ճշգրիտ տեղեկատվությունը հասանելի լինի լայն լսարանի համար, հասանելի լինի Հայաստանի սահմաններից դուրս։ Բոլորս գիտակցում ենք, որ զուգահեռ նաև տեղեկատվական պատերազմ է ընթանում։ Հիմա մենք քննարկում ենք հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի հետ, որպեսզի կարողանանք այդ հարթակից նորությունները նույնպես թարգմանել քրդերեն և եզդերեն լեզուներով, որ ամենուր հասանելի լինի միայն ճիշտ տեղեկատվությունը։

Սաշիկ Սուլթանյան՝ «Մարդու իրավունքների եզդիական կենտրոն իրավապաշտպան» ՀԿ նախագահ

Սուլթանյանի խոսքով, կազմակերպությունը ևս մեկ առաքելություն է ստանձնել՝ http://yezidirights.org/ կայքում անդրադառնում են նահատակված զինվորների ընտանիքներին, պատմություններ են գրում հերոսների սխրանքների մասին։ Ի լուր աշխարհի փորձում ենք ցույց տալ, որ մենք անպարտելի ենք, մենք միասին ենք և մեր եղբայրական հարաբերությունները միշտ էլ պսակվում են հաղթանակով։

Եզդիական համայնքի օգնություններն ամենաբազմազան ձևերով են արտահայտվում։ Մինչև եզդի կամավորների երրորդ ջոկատը ռազմաճակատ կմեկնի, թլիկցիները հաց են թխում, պահածոները փաթեթավորում ու նորից ոչխար մոթում՝ «ամեն ինչ զինվորի համար» կարգախոսով։ Ուսում Սարգանյանն ասում է. «Թիկունքն էլ իրեն պետք է արժանավայել պահի»։

Made on
Tilda