Դպրոցը ժամանակավորապես դարձավ արտադրական կենտրոն

16-ամյա Հասմիկ Ռաֆայելյանը, 4 շաբաթ է, առանց դադարի, Նորավանի միջնակարգ դպրոցում մասնակցում է ամենատարբեր միջոցառումների իրականացմանը, որոնք ուղղված էին Արցախում կռվող զինվորի հզորացմանն ու ամրապնդմանը։ Պատերազմի հենց առաջին օրերից գյուղի կրթօջախը վերածվեց ամենատարբեր արտադրամասերի: Բոլորն իրենց ունակությունները ներդրեցին՝ կազմակերպելու ինչպես ֆինանսական, այնպես էլ պարենային ու անհրաժեշտ այլ իրերի ձեռքբերումն ու ստեղծումը սահման ուղարկելու համար։

Այսպիսով, նախ՝ աշակերտներն իրականացրեցին «դիմակների վաճառք» ակցիան և հասույթը, որը կազմեց շուրջ 1 մլն 760 հզր դրամ, փոխանցվեց Հայսատան համահայկական հիմնադրամին, այնուհետև ուսուցչական կոլեկտիվը, աշակերտներն ու ծնողները սկսեցին թիկունքում իրենց հաջորդ առաքելությունն իրականացնել. 40-ից ավելի պաշտպանիչ ցանցեր գործեցին և առաջնագիծ ուղարկեցին։

Հասմիկի դասընկերները նույնպես ներգրավված են գործընթացում։ Յուրաքանչյուրն իր անելիքն ունի: Այստեղ բաժանվել են ըստ կարողությունների և ձեռքի շնորհքի։ Ով կարել գիտի, ինչպես իրենք են անվանում, ուրեմն կարի արտադրամասում անելիք ունի, ով գործել գիտի, ապա պետք է այդ թիմում ընդգրկվի։

«Դպրոցում այժմ անձրևանոցներ են կարում: Այս պահին դրա անհրաժեշտությունը կա»,- ասում է տնօրեն Հովհաննես Ստեփանյանը։ Ըստ Ստեփանյանի, մոտ 40 օր է, ինչ ամբողջ կոլեկտիվով, աշակերտական ու ծնողական խորհրդով աշխատում են թիկունքում, որպեսզի օգտակար լինեն առաջնագծում գտնվող զինվորին։ Տնօրենն ասում է. «Դպրոցի դռները չեն փակվում, այստեղ գիշեր և ցերեկ չկա, օրը 24 ժամ աշխատանքային է, քանի դեռ շարունակվում են արձակուրդները։ Երբ դասերը վերսկսեն, աշխատանքային ժամերի գրաֆիկը կփոխեն, բայց դրանից անելիքը չի պակասի, գործը չի տուժի։ Ամեն ինչ բանակի համար կլինի»։

Քանի դեռ արձակուրդները շարունակվում են, Հասմիկ Ռաֆայելյանը դպրոցից տեղ չի գնա, կաշխատի հանուն զինվորի։

«Ցանկացած աշխատանք անում եմ: Հիմա կտրում եմ կտորը, որպեսզի ցանցերը գործենք։ Շատ սիրով եմ անում, քանի որ այս ամենը մեր պաշտպանների, սահմանին գտնվող մեր զինվորների համար է։ Սա ամենաչնչին բանն է, որ կարող ենք թիկունքում անել և օգտակար լինել նրանց։ Մոտ 4 շաբաթ է, աշխատում եմ։ Մեր ծնողները նույնպես մեզ օգնում են: Բոլորս սիրով ենք այստեղ մեր գործն անում: Երբ դասերը սկսվի, դասերից հետո նորից մնալու եմ դպրոցում, շարունակելու եմ օգտակար լինել իմ բանակին»։

Հասմիկ Ռաֆայելյան
10-րդ դասարանի աշակերտուհի

«Այս պահի դրությամբ ուղարկել ենք 37 ցանց առաջնագիծ, ևս 5-ը պատրաստվում է։ Այսինքն, աշխատելու ենք այնքան ժամանակ, մինչև պատերազմը վերջանա։ Դրան զուգահեռ սկսեցինք նաև անձրևանոցներ ուղարկել դեպի առաջնագիծ: Այս պահին հենց անձրևանոցի կտորից պատրաստված 340 անձրևանոց ենք ուղարկել անմիջապես առաջնագիծ։ Սկսել ենք շապիկներ կարելու գործընթացը, ձեռք ենք բերել նաև գլխարկներ, նասկիներ ու ձեռնոցներ, յուրաքանչյուրից՝ 200 հատ և արդեն ուղարկել ենք»։

Հովհաննես Ստեփանյան
Նորավանի միջնակարգ դպրոցի տնօրեն

Դպրոցում նաև վիրակապեր են պատրաստում: Արդեն 1500 վիրակապ է ուղարկվել Արցախ։ Վիրակապերի պատրաստման գործընթացը շարունակվում է։ Դպրոցի տնօրենի խոսքով, կապ են պահպանում ՊՆ-ի հետ, նախ՝ հասկանում են բանակն այդ պահին ավելի շատ ինչի կարիք է զգում, ապա նոր անցնում գործի։ Տնօրենը վստահեցնում է՝ այս ամբողջ գործընթացը կատարվել է բացառությամբ բարերարների միջոցներով, դպրոցի բյուջեից ոչ մի լումա չի ծախսվել։  

Հովհաննես Ստեփանյան՝ Նորավանի միջնակարգ դպրոցի տնօրեն – «Նաև համայնքապետն է ամեն հարցում մեզ աջակցում։ Կապն անմիջապես Պաշտպանության նախարարության հետ է, և մենք ըստ անհրաժեշտության ենք աշխատանքները տանում՝ եթե պետք է ցանցեր, անմիջապես սկսում ենք ցանցեր գործելու գործընթացը, պետք են անձրևանոցներ, արագ կազմակերպում ենք անձրևանոցներ կարելու գործընթացը և այդպես շարունակ։ Այսինքն, ՊՆ-ից տեղեկանում ենք այդ պահին ինչ է անհրաժեշտ և արագ կերպով ձեռք ենք բերում այդ պարագաներն ու անցնում արտադրական պրոցեսին։ Երբ ամեն ինչ ավարտվի, կառավարման խորհրդի նիստ կհրավիրեմ, անպայման կներկայացնեմ ամբողջական հաշվետվություն ծախսերի վերաբերյալ, որպեսզի մարդիկ հասկանան, որ կարելի է արդյունավետ գործ անել առանց պետական միջոցները ծախսելու։ Բացի այդ, դպրոցի բյուջեն շատ սուղ է և հազիվ բավականացնում է դպրոցի ծախսերը հոգալ»։

Գործընթացում ներգրավված են նաև Արցախից ժամանած և մարզում ժամանակավոր բնակություն հաստատած կամավորները: Նրանք մեծ սիրով ու պատրաստակամությամբ են աշխատում, իրենց ներկայությամբ նաև աշակերտներին են ոգևորում: Բոլորի նպատակը մեկն է՝ հանուն բանակի և հանուն զինվորի,- ասում է Ստեփանյանը։

Լիլիթ Պետրոսյանը կարուձևի վարպետ է, ասում է ցերեկային ժամերին ոչ միշտ է ստացվում մասնակցել աշխատանքներին: Սովորում է, բայց երեկոյան անպայման դպրոց է շտապում: Օրական առնվազն 10 անձրևանոց է կարում։

Լիլիթ Պետրոսյանը կարուձևի վարպետ է, ասում է ցերեկային ժամերին ոչ միշտ է ստացվում մասնակցել աշխատանքներին: Սովորում է, բայց երեկոյան անպայման դպրոց է շտապում: Օրական առնվազն 10 անձրևանոց է կարում։


Լիլիթ Պետրոսյան – «Ես երեկոյան գալիս եմ ցանցեր եմ հյուսում, հետո անձրևանոցներ եմ կարում։ Ես կարել գիտեմ և ունակություններն օգտագործում եմ ի նպաստ այս բարի գործին։ Արդեն 40 անձրևանոց եմ կարել: Հնարավոր ամեն գործ կանեմ, միայն մեր զինվորն առողջ տուն վերադառնա»։


Գործընթացում ներգրավված են նաև Արցախից ժամանած և մարզում ժամանակավոր բնակություն հաստատած կամավորները: Նրանք մեծ սիրով ու պատրաստակամությամբ են աշխատում, իրենց ներկայությամբ նաև աշակերտներին են ոգևորում: Բոլորի նպատակը մեկն է՝ հանուն բանակի և հանուն զինվորի,- ասում է Ստեփանյանը։

Այս ընթացքում աշակերտների կողքից ոչ մի րոպե չի բացակայում ռուսերենի ուսուցչուհի Ալիսա Իշխանյանը։ Աշխատանքները սկսելուց առաջ նախ պետք է աղոթք բարձրացնեն զինվորների առողջության համար, ապա սեր ու հոգի ներդնեն գործի մեջ,- ասում է Իշխանյանը։


Պատերազմի հենց առաջին օրվանից կազմակերպված ու միահամուռ ուժերով, հոգով ու սրտով այս աշխատանքի մեջ ենք: Անում ենք այն ամենը, ինչը օգտակար կամ անհրաժեշտ է սահմանի զինվորին։ Քանի որ մենք չենք կարող մասնակցել պատերազմին, զենք վերցնել ու կանգնել նրանց կողքին, ուրեմն թիկունքում պետք է ամեն ինչ անենք բանակի հոգսը թեթևացնելու համար։ Պետք է զինվորը զգա, որ մենք՝ մայրերս, քույրերս, բոլորս իրենց թիկունքում ամուր կանգնած ենք։

Մինչև Նորավանի և Արմավիրի մարզի մի շարք դպրոցներ շարունակում են պաշտպանիչ ցանցեր գործել ու տարբեր ակցիաների միջոցով հայոց բանակին իրենց աջակցությունը ցուցաբերել, իրավիճակը փոխվում է։ Նոյեմբերի 10-ին հրապարակվում է պատերազմը դադարեցնելու մասին հայտարարությունը, որը ստորագրել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նորավանի դպրոցի տնօրենն ասում է․- "մենք շարունակում ենք մեր աշխատանքները.իսկ ո՞վ է ասել, որ բանակին պետք է աջակցել միայն պատերազմական իրավիճակում"։  Արտադրված անձրևանոցները, վիրակապերը, պաշտպանիչ ցանցերն ու մյուս իրերը կհանձնեն Պաշտպանության նախարարությանը։  


Made on
Tilda