Գյուղի սկիզբն ու վերջը ազդարարվում են ոչ թե ցուցանակներով, այլ՝ աղբակույտերով
Սովորաբար գյուղից գյուղ մտնելիս կամ դուրս գալիս ցուցանակով նշվում է տվյալ համայնքի մուտքն ու ելքը։ Արմավիրի մի շարք գյուղական համայնքներում ցուցանակ փնտրել պետք չէ հաջորդ գյուղ մտնելու համար։ Գյուղի ավարտին ճանապարհի երկկողմանի աղբակույտերն արդեն ազդարարում են անցումը դեպի հաջորդ գյուղ։
Ինչո՞ւ է այդպես, ո՞վ է մեղավոր, կամ ովքե՞ր են աղբը ճանապահին լցնում, ինչո՞ւ ՏԻՄ-երը չեն վերահսկում: Սրանք շարքային հարցեր են, որոնց պատասխանները կարող են մեղադրական լինել, պաշտպանողական և արդարացման հիմքերով։
Գյուղական համայնքներում սովորաբար աղբահանություն՝ որպես այդպիսին, չէր կատարվում, միայն վերջին մեկ տարվա ընթացքում որոշ բնակավայրերում սկսվեց շաբաթական մեկ անգամ աղբահանության իրականացումը։ Բայց, նշենք, որ գյուղական բնակավայրերը հատուկ աղբավայրեր չունեն նախատեսված։ Հենց այստեղից էլ սկսվում է աղբ ամեն տեղ տեսարանը։
Կան որոշ համայնքներ, որտեղ ՏԻՄ-երն իրենց վրա են վերցրել համայնքի աղբահանության խնդիրը՝ դրա դիմաց առանց վարձավճար գանձելու քաղաքացիներից։ Այն է՝ շաբաթական մեկ օր աղբատար մեքենան շրջում է փողոց առ փողոց և հավաքում կենցաղային աղբը։ Շինարարական աղբը սրա մեջ չի մտնում։ Այս օրինակով են աշխատում Արմավիր, Մեծամոր համայնքները։ Համայնքի բյուջեից ավագանու որոշմամբ որոշակի գումար է հատկացվում, աշխատավարձ տրվում բեռնատարի վարորդին և իրականացվում աղբահանությունը։
Կան բնակավայրեր, որտեղ աղբահանության հարցը շարունակում է մնալ քաղաքացու վրա։
Գյուղական բնակավայրերում մեղավոր գտնելը բարդ է: Քանի որ գյուղերի կեսից ավելին ընդհանրապես չունի տեխնիկական միջոց աղբահանության համար, հետևաբար բնակիչների հետ չունի աղբահեռացման պայմանագիր, չունի նաև աղբավայր: Համայնքապետարանները խնդիրը կապում են բյուջեի սղության հետ։ Արմավիրի մարզպետարանից տեղեկանում ենք, որ ամեն տարի մարզպետարանը հանձնարարում է համայնքի ղեկավարներին, որպեսզի անպատեհ վայրերում հայտնված աղբը մաքրվի։ Դեռ 2016թվ-ին գյուղապետերը ճամփեզրերին ամրացրեցին ցուցանակներ՝ "աղբ չթափել" գրությամբ։ Շատ համայնքներ տուգանքներ սահմանեցին չնախատեսված վայրերում աղբ թափող քաղաքացիների համար։ Ըստ էության պատկերը չփոխվեց։
Այս իրավիճակում տուժում են այն բնակիչները, ովքեր ապրում են աղբակույտերի ու ճանճերի հարևանությամբ, և ստիպված են շնչել աղբի գարշահոտը:
Օրինակ, Արմավիր-Ալաշկերտ միջհամայնքային ճանապարհը բաժանող այս հատվածը տասնյակ տարիներ աղբավայր է դարձել։ Հարևանությամբ գյուղնշանակության հողատարածքներն են։ Արսենն իր սեփականաշնորհված մեկ հեկտար հողատարածքում բանջարաբոստանային կուլտուրաներ է մշակում։ Ամեն տարի վաղ գարնանն ու աշնանը ստիպված է օրեր շարունակ հողատարածքը պոլիէթիլենային տոպրակներից մաքրել։ Ասում է՝ այսօր մաքրում ես, մի թեթև քամի, վաղը նույն վիճակն է։ Չգիտի խնդիրն ով է լուծելու: Բայց վստահ է, քաղաքացիները նույնպես անփույթ են , իր աչքի պարկերովվ աղբը կարող են նետել հենց ջրատարը։ Խնդիրն ամենուրեք է։
Պատկան մարմինների վերաբերմունքը
Ինչպես արդեն նշեցինք, գյուղերում աղբահանությունն իրականացվում է համայնքի ղեկավարի և ավագանու բարի կամքի դրսևորմամբ, կամ բյուջեի սղության պատճառով ընդհանրապես չի իրականացվում։
Պատկերը բոլորովին այլ է քաղաքային համայնքներում։Այստեղ կան աղբահանող, բարեկարգող կազմակերպություններ, որոնք քաղաքային բյուջեից, բավականին մեծ գումար ստանալով (համայնքի բյուջեի մինչև 40 տոկոսը), իրականացնում են քաղաքի աղբահեռացումը և զբաղվում բարեկարգման աշխատանքներով։ Վերջին մի քանի տարիներին, համենայն դեպս, քաղաքում աղբահեռացումը կատարվում է բավարար չափով՝ չհաշված սեփական սեկտորի հատվածը։ Այստեղ նույնպես «աչքից հեռու սկզբունքով» աղբահանող տեխնիկան կարող է մտնել շաբաթը մեկ անգամ պարբերականությամբ։
Աղբահանության խնդիրը մշտապես եղել և մնում է Արմավիրի մարզի զարգացման ծրագրերում։ Ինչ կերպ, դա այլ հարց է։
Արմավիրի մարզպետարանի պաշտոնական կայքէջում տեսնում ենք ՝ Մարզի 2011-2014թթ. Զարգացման ռազմավարություն ծրագիրը, որի բնապահպանություն բաժնում առանձնացված կետ կա՝ կենցաղային աղբի հեռացման և վերամշակման կազմակերպում, վտանգավոր թափոնների կառավարում։
Սա կառավարման , կամ խնդրի լուծման ձևն է:
Մարզի վարչական տարածքի սանիտարական մաքրման սխեման կազմվել և հաստատվել է Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի կողմից` 2014թ. փետրվարի 2-ին: Մարզպետի կարգադրություններով ստեղծված մշտական գործող հանձնաժողովների և բնապահպանության բաժնի ուժերով` ստուգայցերի միջոցով, մշտապես վերահսկվում է սանիտարական մաքրման սխեմայով նախատեսված աշխատանքային ծրագրերի իրականացումը:
Մարզի 3 քաղաքները և Փարաքար համայնքը ունեն կազմված սանիտարական մաքրման սխեմա` ըստ թաղամասերի և փողոցների, կենցաղային աղբի հավաքման, առանձին թափոնների տեսակավորման և աղբահեռացման ուղղությամբ:
2014թ. ընթացքում մարզպետարանի և համայնքների հետ համատեղ մշակված սխեմայի և աղբահանության օրացուցային գրաֆիկի հիման վրա մարզի բոլոր 97 համայնքներում կազմակերպվում է աղբահանություն: Թվով 70 համայնքում աղբահանությունն իրականացվում է 2-8 օրը մեկ անգամ, իսկ 8-ում՝ Էջմիածին, Մեծամոր քաղաքներում, Փարաքար, Ակնալիճ, Մյասնիկյան, Սարդարապատ, Լեռնագոգ և Արշալույս, ամենօրյա աղբահանություն է կատարվում: Մոտավոր հաշվարկներով, մարզի յուրաքանչյուր բնակչից տարեկան 270-300կգ կենցաղային աղբ է թափվում, բնակավայրերից օրական հեռացվում է շուրջ 450-500 տոննա աղբ:
Աղբաթափման բնագավառում առկա բացթողումների վերացման համար կազմվում են արձանագրություններ և սահմանվում ժամկետներ: 2014թ. ընթացքում ստուգայցերի հիման վրա կազմվել են 78 արձանագրություններ, որից 20-ը` կրկնակի ստուգայցերի հիման վրա: Իրենց պարտավորությունները պատշաճ մակարդակով չկատարելու համար հինգ համայնքների ղեկավարների հարցը քննարկվել է հանձնաժողովի նիստում:
Մարզպետարանը միջոցներ է ձեռնարկում և ուղիներ որոնում, փնտրվում են հովանավորներ մարզի համայնքներից հավաքված կենցաղային աղբի վերամշակման կազմակերպման համար:
Կենցաղային աղբի վերամշակման (օգտագործված պոլիէթիլենային թաղանթների, պլաստմասե իրերի և ապակյա տարաների վերամշակման արտադրամասերի ստեղծում) կազմակերպում: Ֆինանսավորման աղբյուրները հստակեցված չեն:
Կենցաղային աղբի վերամշակման գործարանն այդպես էլ չկառուցվեց,
այդպիսով ՀՀ Արմավիրի մարզի սոցիալ տնտեսական զարգացման ծրագրերում մի շարք բնապահպանական խնդիրների կողքին աղբի հավաքման գործընթացը շարունակում է մնալ օրակարգում։
Ինչպես պետք է լուծվեր խնդիրը
Հիշեցնենք, որ դեռևս 2015թվ-ին Արմավիր քաղաքում հայ-չեխական «Գրիէնկո–Կաս» ՍՊԸ պատրաստակամություն էր հայտնել աղբի վերամշակման գործարան կառուցել։ Այդ ժամանակ Արմավիրի քաղաքապետարանը ծրագրի իրականացման նպատակով 15 հեկտար հողատարածք օտարեց և հատկացրեց «Գրիէնկո–Կաս» ՍՊ ընկերությանը։ Հողատարածքը գտնվում էր Արմավիրի աղբավայրի հարևանությամբ՝ քաղաքի հյուսիսային հատվածում։ Ծրագիրն իրականացնելու համար նախատեսվում էր կատարել 33 մլն եվրոյի ներդրում։ Նշենք, որ գործարանին կից ընկերությունը պատրաստվում էր նաև ջերմոցային տնտեսություն հիմնել: Աղբի վերամշակումից ստանալու էր էլեկտրաէներգիա, որը կօգտագործվեր տեխնիկական նպատակով։
Այս նպատակով ընկերության ներկայացուցիչները փորձագետների հետ առնվազն երկու այց կատարեցին Արմավիր։ Աղբի վերամշակման գործարանի կառուցման նպատակով Արմավիր ժամանեց նաև գործարանի հիմնադիր տնօրեն Բրանիսլավ Օտտը։ Եկան, տեղանքն ուսումնասիրեցին, չափումներ կատարեցին, աղբի քանակի ու տեսակի վերլուծություններ արեցին, հաշվարկեցին ու Արմավիրի մարզպետարանում ծրագրի իրագործման մասին շնորհանդես կազմակերպեցին։ Թվում էր ամեն բան իր հունով առաջ է գնում։ Վերամշակվելու էր նաև շինարարական աղբը։ Թունավոր նյութեր պարունակող վտանգավոր աղբի վերամշակման համար առանձին ձեռնարկություն էր ստեղծվելու, ապահովելու էր 100-ից ավել աշխատատեղ և այլն։ Գործարանում պետք է վերամշակվեր Արմավիրի մարզի և հարևան մարզերից մի քանի գյուղերի աղբ։
Ինչ եղավ
Ընկերությունն աշխատանքները պետք է սկսեր 2017թ. մայիսից։ Եթե 3 տարվա ընթացքում աշխատանքները կյանքի չկոչվեին, կառավարությունը ծրագրի իրականացումը ուժը կորցրած կճանաչեր։ Աղբի վերամշակման գործարանը չկառուցվեց։ Պատճառներն անհայտ են։
Աղբը բնապահպանական խնդիր
Խնդիրը նրանում է, որ քաղաքացիներն աղբը կարող են թափել ամենաանհարմար վայրերում և կարող են որպես աղբ, ասենք, սատկած անասուններ, հնամաշ գույք և այլն նետել հարևանությամբ անցնող ջրատարներ։ Սա լուրջ խնդիր է ոչ միայն աղբահեռացման առումով, այլև նոր վտանգներ է ստեղծում, ինչպես եղավ այս տարվա մայիսին։ Արմավիր-Երևան միջպետական ճանապարհի Արմավիր քաղաքի մուտքի հատվածում մեծ լիճ գոյացավ: Ջուրն անարգել հոսում էր Մեծամոր ոռոգման ջրանցքից։ Խաթարվել էր ամբողջ երթևեկությունը։ Պատճառը՝ ջրանցքի խցանումն էր, իսկ խցանման պատճառը՝ տեղացող հորդառատ անձրևին գումարվել էր կուտակված աղբը. սատկած կենդանիները, անպիտան կահույքն ու շինարարական աղբը փակել էին խողովակաշարի ելքը։
Ամեն տարի, գյուղատնտեսական սեզոնը դեռ չսկսված, ջրօգտագործող ընկերություններն աղբից մաքրում են մայր ջրանցքները։
Քանի դեռ չկա կանոնակարգված աղբահանություն և չկա քաղաքացիական գիտակցություն աղբն ամենուր չլցնելու ուղղությամբ, տուժում են բոլորը, տուժում է բնությունը, ամենուր աղբակույտերի տգեղ տեսարաններն են և տարածվող գարշահոտ։