Նինայի ընտանիքը Արցախ չի վերադառնա 


Աղավնատուն համայնքում բնակություն հաստատած Հադրութի շրջանի Հակակու գյուղի բնակիչ Նինա Բախշյանի դուստրերն են՝ 11,10 և 7 տարեկան։ սեպտեմբերի 28-ին, լուսադեմին են տանից դուրս եկել ու անմիջապես Հայաստան տեղափոխվել։ 33-ամյա Նինան 4 երեխա ունի՝ 3 աղջիկ, 1 տղա։ Գյուղը թշնամու թիրախակետում է եղել, առաջին օրվանից ռմբակոծությունները չեն դադարել, ստիպված ամուսինը նրանց Երևան է ճանապարհել: Այնքան արագ են տանից դուրս եկել, որ նույնիսկ առաջին անհրաժեշտության իրեր վերցնել չեն կարողացել։

Սկզբում Երևան են եկել, հետո Աբովյան տեղափոխվել՝ բարեկամների տուն: Ավելի ուշ եկել են Արմավիրի մարզի Աղավնատուն համայնք՝ կրկին բարեկամների մոտ։

Նինան պատմում է, որ բնակություն են հաստատել բարեկամների կողմից իրենց հատկացված այս բնակարանում։ Տունն ազատ էր, մաքրել են, դասավորել, հարմարություններ ստեղծել ու որոշել ձմեռն այստեղ անցկացնել։ Տան սեփականատերն ասել է՝ կարող եք մնալ այնքան ժամանակ, մինչև ամեն բան կավարտվի և ձեր տուն կվերադառնաք։

Նինան տխուր է… Ավարտվեց պատերազմը, բայց տուն վերադառնալ չեն կարող։ 

Բախշյան Նինա - Մեր գյուղն արդեն թուրքերի ձեռքին ա, չենք կարող հետ վերադառնալ: Չենք կարող նույնիսկ մեր իրերը գնալ բերել: Ամուսինս մինչև դիրքերից իջավ, գյուղն արդեն մերը չէր։ Տեսնենք ոնց կլինի, ինչ կարող ենք անել։ Այստեղ, որ ապրում ենք հիմա, մեր բարեկամների բարեկամի տունն ա, իրենք այս տանը չեն ապրում: Մեզ ասեցին կարող եք մնալ ձմռանն էլ, երբ կացարանի հարց կլուծեք, նոր կգնաք: Համենայն դեպս, ասել են մինչև մայիս հանգիստ կարող ենք այստեղ ապրել։

Նինան մտահոգված է, բայց հուսահատված չէ: Ամենակարևորը ընտանիքն է, որ ողջ ու առողջ է։ Գյուղից բերել է ամենաթանկը՝ երեխաներին: Օրերս սահմանից վերադարձել է նաև ամուսինը: Ուրիշ ոչինչ պետք չէ, մնացածը ժամանակի հարց է, կսկսեն նորից, ոտքի կկանգնեն ու բոլոր հարցերը կկարգավորեն։ Կարևորը երեխաներն արագ են համակերպվել տեղի ու տեղացիների հետ։ Արդեն ընկերներ ունեն, հոգատար ուսուցիչներ և ուշադիր հարևաններ։

Նինա Բախշյան – Երեխեքն արագ հարմարվեցին ու սիրեցին գյուղը, ընկերներ ունեցան այս կարճ ժամանակահատվածում, սիրով են դպրոց գնում, դասընկերներն էլ, դպրոցում բոլորն էլ շատ են սիրում իրենց։ Խաղում են հարևանների ու բարեկամների երեխաների հետ։ Դպրոցում դասատուները երեխաներին շատ սիրով են ընդունել։ Գյուղացիները, հարևանները, բոլորը շատ սիրով են մեզ ընդունում։ Այնքան գոհ ենք այս վերաբերմունքից։



Նինայի ամուսինը՝ Գուրգենը, նոր է վերադարձել սահմանից։ Ասում է՝ Արցախ չեն վերադառնա, գյուղը չկա, տունը չկա: Մինչ ինքը առաջնագծում է եղել, թշնամին գյուղը գրավել է, նույնիսկ տան իրերը դուրս բերել չի հասցրել։ Գուրգենը դպրոցում է աշխատել, Նինան երեխաներին պահել, փոքրիկ այգի են ունեցել, մշակել, որոշակի եկամուտ են ստացել։ Գյուղի կյանքին սովորել են, քաղաք տեղափոխվել չեն ցանկանում, հիմա կփորձեն Աղավանատուն համայնքում հաստատվել։ Նախ՝ կփորձեն աշխատանք գտնել, հետո տուն գնել։ Գուրգենն ասում է՝ Աղավնատուն համայնք արդեն երկրորդ անգամ է գալիս, ճակատագիրն է այստեղ բերել, ուրեմն այստեղ էլ կապրի։


 Նինա Բախշյան - Ես էլ աշխատանք կփնտրեմ, իրավաբանական կրթություն ունեմ։  

Գուրգեն՝ Նինայի ամուսինը - Որոշումս հաստատ է, մնալ այստեղ և ամեն ինչ այստեղից սկսել։ Հիմա նոր եմ եկել, մի քիչ պետք է ուշքի գամ, բայց որ աշխատանք պետք է գտնեմ ու ընտանիքս ոտքի կանգնեցնեմ, դա  հաստատ է։ Կինս էլ կփորձի աշխատանք գտնել, իրավաբանական կրթություն ունի: Չէր աշխատում, որովհետև երեխաները փոքր էին, նրանց էր խնամում։ Այն ժամանակ, երբ մորս հետ եկա 90-ականներին, պատերազմի ժամանակ, ես փոքր էի: Երբեք չէի մտածի, որ մի օր վերադառնալու եմ այստեղ մշտական բնակության համար։ Բայց այլընտրանք չկա, ասում են գյուղը հանձնել են թուրքերին, ուրիշ տեղ ապրելու հնարավորություն չունենք։ Հետո այստեղ հարևաններին ճանաչում ենք, ավելի հեշտ կլինի հարմարվելը։


Երեխաները մի քիչ նեղվում են, պայուսակները, տիկնիկներն ու գեղեցիկ զգեստները չեն հասցրել վերցնել իրենց հետ։ 

Գուրգենը երեխաներին վստահեցնում է՝ կունենան սեփական տուն, դպրոցական նոր պայուսակներ, նոր տիկնիկներ ու ավելի գեղեցիկ զգեստներ։ 

Աղավնատուն համայնքում Արցախից ժամանած մոտ 100 ընտանիք է ժամանակավոր բնակություն հաստատել: Մի մասն արդեն վերադարձել է, մյուս մասը սպասում է, հնարավորության դեպքում կգնան։

Կան մարդիկ, ովքեր որոշել են Հայաստանում մնալ, - ասաց Աղավնատան համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Վալերի Զոհրաբյանը։

Պատերազմի հենց առաջին օրից գյուղացիները հյուրընկալել են արցախցիներին, հիմնականում բնակեցրել են գյուղի ազատ տներում, որոնց սեփականատերերն արտերկրում են գտնվում։ Սնունդով, հագուստով և առաջին անհրաժեշտության պարագաներով մշտապես աջակցել են։ Այդ գործում շատ են օգնել բարերարները: Համայնքի բյուջեից նույնպես հատկացումներ են արվել արցախցիների կարիքները հոգալու համար։

Աղավնատան համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Վալերի Զոհրաբյան - 115 հոգի բերել ենք գյուղ: Նրանց հատկացրել ենք գյուղի ազատ տները, որպեսզի կաշկանդված չզգան իրենց: Չնայած եղել են մարդիկ, ովքեր մեծ սիրով իրենց տներում են հյուրընկալել մեր արցախցիներին։ Երեխաներն հենց առաջին օրից գնացել են դպրոց: Արագ այդ հարցը լուծեցինք, որ հանկարծ դասերից հետ չմնան։ Հետո անցան հեռավար կրթության, հիմա նորից դպրոց են հաճախում: Կարծում եմ, ամեն ինչ կարգին է, ոչ մի բանի խնդիր չունեն։ Հիմա գյուղապետարանում էլ բարերարների կողմից մեծ քանակությամբ օգնություն են ստացել՝ սնունդի տեսքով։ Ամեն օր մեր մեքենայով սնունդը պարտադիր հասցնում ենք իրենց: Պարտավոր ենք ամեն ինչ անել, որպեսզի կանայք, մայրերը, երեխաները ոչ մի բանի կարիք չունենային, քանի որ տղամարդիկ սահմանում էին։

Բացի Աղավնատուն համայնքից, Արցախից ժամանած ընտանիքները նաև Դողսում են հյուընկալվել։ Դողսում նույնպես փորձել են ընտանիքների համար ստեղծվել հնարավորինս լավ պայմաններ։

Տունը ռմբակոծվել է, Մարինեն իր երկու տղաների և սկեսուրի հետ Մարտակերտից է եկել։ Ամուսինն ընտանիքին Հայաստան է ճանապարհել, ինքը ռազմաճակատում մնացել։


Մելքումյան Մարինե - Մեր տունը խփեցին հենց առաջին օրը: Հիմա ասում են պետությունը պետք է սարքի, երբ կսարքի, չգիտենք, բայց հենց սարքեցին, կգնանք։


արինեի սկեսուրը՝ Մարինա Մնացականյանը, շատ է ցանկանում տուն երադառնալ, բայց գիտակցում է՝ այս պահին անհնարին է։


Մարինա – Մելքումյան – Տունը չկա, լույս չկա, գազ չկա, ջուր չկա, երկու օր առաջ գնացել հետ եմ եկել: Ասեցի տեսնեմ հնարավոր է ապրել, բայց հնարավոր չէ, տան առաստաղը փլված է գետնին, պատուհան չկա, այնտեղ երեխա պահել չի լինի, մենք էլ չենք կարող ապրել, փուլ եկած տուն է։ Հիմա տղաս այնտեղ է, տեսնենք ինչ կարող է անել։ Երևի ձմեռը կմնանք այստեղ, մի քիչ ուշքի կգանք, նոր կգնանք։ Էս ժողովուրդը գյուղի էնքան բարի են, ինչ տեսնում եք, բոլորը իրենք են տվել մեզ։ Անկողնուց սկսած, այ սենց տնով-տեղով ապահովել են մեզ։ Մնումա մենակ խաղաղություն լինի, որ վերադառնանք մեր տները, 30 տարվա տունս քարուքանդ եղավ։

Դողս համայնքում 70 արցախցի է հյուրընկալվել

Գյուղապետ Գրիշա Հարությունյանը նույնպես առաջնագծում է եղել, բայց հետևել է, որպեսզի արցախցի հյուրերին մասին լավ հոգ տանեն։ Հարությունյանը նոր է վերադարձել Արցախից, վստահեցնում է՝ հնարավոր ամեն բան անում են, որպեսզի վերադառնալ ցանկացողների տեղափոխման հարցերն արագ լուծվեն, կամ Արցախից Հայաստան ընտանիքների գույքը տեղափոխեն։ Արդեն 30 հոգի Արցախ է վերադարձել, մյուսները սպասողական վիճակում են՝ գնալու տեղ չունեն, գյուղերը, որտեղ ապրել են, հանձնված է, ոմանց բնակարաններն էլ վնասվել են ռմբակոծությունից։

Made on
Tilda