ՀԱԿԱԿԱՐԿՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՎԵՐՋԻՆ ԱԿՈՐԴԸ
ՀՀ Կառավարության 2026 թվականի մարտի 5-ի N 255-Ա որոշմամբ հակակարկտային կայանները հանձնվել են համայնքներին։ Այսուհետ գազագեներատորային հակակարկտային կայանները պետք է աշխատեն բնակավայրի վարչական պատասխանատուի կողմից կատարված կանխատեսման հիմքով։
2026թ․ հուլիսի 00-ին Արմավիրի մարզի Վարդանաշեն և հարակից գյուղի բնակիչները լուռ հետևում էին, թե ինչպես է բնական աղետը՝ կարկուտը, քամու ուղեկցությամբ զրոյացնում իրենց տարվա չարչարանքն ու կատարած ներդրումները։ Նրանք Բարձրյալի վրա չէին զայրանում, նրանց ցասումը հասցեագրված էր հակակարկտային կայանների լռության փաստի վրա։
Հուլիսի 17-ին կրկին կարկուտ տեղաց, այս անգամ Արագածավանում։ Կես ժամից ավել տեղացած կարկուտն այգիների որոշ հատվածներում 100 տոկոսով վնասեց արդեն վաճառքի պատրաստ ծիրանի բերքը։
Արագածավանում տեղադրված էին այգիների սեփականատերերի կողմից։ Ե՛վ կարկուտից առաջ, և՛ կարկուտի ժամանակ գազագեներատորային հակակարկտային «Զենիթ» կայանների միջոցով, անընդմեջ համազարկերով, ապարդյուն ջանքեր էին գործադրում՝ մեղմելու կարկուտի ուժգնությունը։
Կլիմայական փոփոխությունների պատճառով բնության կողմից մատուցված անակնկալները ստիպում են մարդկությանը լինել ավելի զգոն, պատրաստ լինել դիմակայելու բնական աղետներին և կիրառել տարբեր գործիքներ հնարավորինս մեղմելու աղետներից հետո ստեղծված սոցիալական լարվածությունը։
Յուրաքանչյուր երկիր՝ կախված իր մշակաբույսերից, աշխարհագրական դիրքից և հնարավորությունից, կարկուտից պաշտպանվելու իր գործիքներն է ընտրել։
Ուսումնասիրենք Հայաստանի գյուղատնտեսությունը կարկուտից պաշտպանող գործիքների անցյալը, ներկան և ապագան։
Հրետանային հակակարկտային կայաններ
Խորհրդային շրջանում Հայաստանն ուներ Հարավային Կովկասում ամենազարգացած հակակարկտային պաշտպանության համակարգերից մեկը։ Այն գործել է 1960-ականների սկզբից մինչև 1991 թվականը և համատեղել օդերևութաբանական ռադարային կայանները, հակակարկտային հրետանին (արկեր արձակող թնդանոթներ)։ Համակարգը կենտրոնացված կերպով կառավարվում էր Հայկական ԽՍՀ հիդրոօդերևութաբանական ծառայության կողմից։
Պաշտպանված տարածքները որոշվել են հիմնականում գյուղատնտեսական նշանակության և կարկտահարության հաճախականության հիման վրա։ Հիմնական տեղակայման գոտիներն էին՝
  • Արարատյան դաշտ (այժմ Արմավիրի և Արարատի մարզեր), որոնք ամենաինտենսիվ պաշտպանված գյուղատնտեսական տարածքներն էին,
  • Հարավային և կենտրոնական (Արագածոտնի մարզ),
  • Կոտայքի մարզի որոշ հատվածներ,
  • Լոռու մարզ,
  • Սևանա լճի ավազանը և շրջակա գյուղատնտեսական տարածքները,
  • Շիրակի և Տավուշի որոշ կարկտահարության ենթակա տարածքներ։
Խորհրդային հակակարկտային ցանցը Հայաստանում ուներ՝
  Ռադարներով հագեցած հակակարկտային 12 թիմ,
  Արկերի արձակման 55 կետ,
  Օդերևութաբանական ռադարային 11 կայան,
  Կարկտահարությունից պաշտպանված մոտ 10 հազար կմ2 տարածք։
Աշխատանքները կազմակերպվում էին հետևյալ հերթականությամբ՝
1․ Օդերևութաբանները հայտնաբերում էին կարկտաբեր ամպերը, դրանց բարձրությունը, շարժման ուղղությունը և արագությունը,
2․ Արկերի արձակման կետը, ստանալով հրահանգները, և օդանավակայանի թույլատվությունը, միջին տրամաչափի արկեր էր արձակում դեպի կարկտաբեր ամպեր,
3․ Նախապես որոշված բարձրության հասնելով՝ արկը պայթում էր՝ ցրելով արծաթի յոդիթ և չեզոքացնում կարկուտի առաջացումը։
Խորհրդային հակակարկտային ծրագրում ընդգրկված տարածքներում կարկտահարության վնասները կրճատվել են 50%-80%-ով։
Գազատուրբինային հակակարկտային կայաններ
1991 թվականին հրետանային հակակարկտային կայաններն անհետացան և, մի քանի տարի Հայաստանի գյուղատնտեսությունը մնալով կարկուտից անպաշտպան, ի հայտ եկան գազատուրբինային հակակարկտային կայանները, որոնք գործարկվում էին պրոպան գազի միջոցով։
Գազատուրբինային հակակարկտային կայանը ստեղծվել է 1896 թվականին ավստրիացի գինեգործ Ալբերտ Շտիգերի կողմից և ստացել «հակակարկտային թնդանոթ» անվանումը։ 1899 թվականին Հյուսիսային Իտալիայում արդեն գործում էին ավելի քան 2000 հակակարկտային թնդանոթներ։
Մոտ 1900 թվականին դրանց օգտագործումն արագ տարածվեց Ավստրիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Հունգարիայում և Եվրոպայի այլ գյուղատնտեսական շրջաններում։
Առաջին հակակարկտային թնդանոթները չէին օգտագործում պրոպան գազ։ Փոխարենը դրանք օգտագործում էին պայթուցիկ գազերի խառնուրդներ, ինչպիսիք էին՝
  • Ացետիլեն (C₂H₂)՝ խառնված օդի հետ,
  • Ածխային գազ՝ խառնված օդի հետ,
  • Երբեմն փորձարարականորեն օգտագործվել են վառոդի լիցքեր,
  • Ավելի ուշ մոդելներում ացետիլենը թթվածնի հետ դարձավ ամենատարածվածը, քանի որ՝ այն առաջացնում էր շատ արագ և հզոր պայթյուն,
2007 թվականից մինչ օրս Հայկական «Բարվա» ընկերությունը Հայաստանի տարբեր վայրերում պատրաստել և տեղադրել է 800 գազատուրբինային «Զենիթ» հակակարկտային կայան, որոնք աշխատում են պրոպանով։
Այս կայանների արդյունավետությունը որոշված չէ, սակայն ֆիզիկական հաշվարկներով համազարկի պոտենցիալ էներգիան և կարկտաբեր ամպերի բարձրությունը հավատ չի ներշնչում, որ կայանները կարող են ինչ-որ չափով կանխել կարկուտը։
"Բարվա" ընկերությունը համակարգի անձնագրում տեխնիկական ցուցանիշներ չի նշում։ Միայն կարելի է հանդիպել, որ 120 կգ պրոպանով լիցքավորված կայանը իվիճակի է իրականացնել 2000 համազարկ, այսինքն մեկ համազարկի վրա օգտագործվում է 60 գ․ պրոպան։ Այս քանակի պրոպանի պոտենցյալ էներգիան չնչին է միջամտելու կարկուտի առաջացմանը։
Հայաստանում մինչև 2026 թվականը գազատուրբինային հակակարկտային կայանները գործարկվում էին ՇՄ նախարարության «Հիդրոօդերևութաբանության մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից։ 2026թ․մարտին ՀՀ Կառավարության N 255-Ա որոշմամբ հակակարկտային կայանները հանձնվել են համայնքներին։
«Զենիթ» հակակարկտային կայաններն ունեն մի շարք առանձնահատկություններ, որոնց թվում է նաև համակարգի հեռակառավարումը։
Հրթիռային հակակարկտային համակարգեր
2018 թվականին Արմավիրի և Արագածոտնի մարզերում տեղադրվեցին 3 փորձնական, ռուսական արտադրության հրթիռային համակարգեր։ Համակարգը պետք է աշխատեր հրետանային հակակարկտային համակարգի սկզբունքով, որի տանող ուժը լինելու էր հրթիռը։
ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մեկնաբանությամբ, Հայաստանում հրթիռային հակակարկտային կայանների աշխատանքը հնարավոր չէ կապված աշխարհաքաղաքական իրավիճակի հետ։
Դեռևս 2019 թվականին Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացրեցին, որ հակակարկտային հրթիռային կայանները տեղադրվել են պիլոտային ծրագրի շրջանակներում, 2018 թվ-ին, և հանրապետությունում կարկտահարության դեմ պայքարի ակտիվ ներգործության աշխատանքներն իրականացվում են Արտակարգ իրավիճակների նախարարության կողմից ձեռք բերված 3 հրթիռային արձակիչ կայանների միջոցով: Ավելի ուշ տեղեկացանք, որ հրթիռային կայանները ստացվել են առանց հրթիռների։
Մեր հարևան Վրաստանը հրթիռային համակարգերով է պայքարում կարկուտի դեմ։ Արդյո՞ք Վրաստանը ունի պայմանագիր իր հարևան երկրների հետ, որոնց թվում է նաև Հայաստանը։
Կարկտապաշտպան ցանցեր
Կարկուտից պաշտպանվելու ամենաարդյունավետ միջոցը ցանցերի օգտագործումն է։ Այս մեթոդը տարածում է ստացել Հայաստանում հատկապես խաղողի և մրգատու ինտենսիվ այգիների պաշտպանության բնագավառում։ Այս մեթոդը հնարավոր է կիրառել խաղողի այգիները և բազմամյա տնկարկները պաշտպանելու համար։ Այն չի կարելի կիրառել բանջարաբոստանային կուլտուրաները կամ ավանդական պտղատու ծառատեսակները պաշտպանելու համար։ Առաջին դեպքում հողատարածքներում տարբեր գյուղատնտեսական տեխնիկա է աշխատում, իսկ երկրորդ դեպքում ծառերի բարձրությունը հնարավորություն չի տա ցանցեր տեղադրել ու առավել ևս՝ սպասարկել։
Այսօր Հայաստանի խաղողագործներն իրենց արտադրանքի իրացման ցածր գների պատճառով խուսափում են յուրաքանչյուր լրացուցիչ ծախսից, քանդում են խաղողի այգիները։ Այս համատեքստում կարկտապաշտպան ցանցերի տեղադրելը նշանակում է այգին հիմնվել է միայն կարկտապաշտպան ցանցեր տեղադրելու և հինը նորով փոխարինելու համար։
Մի փոքր հաշվարկ կատարենք մեկ հեկտար տեխնիկական տեսակի խաղողի այգում կարկտապաշտպան ցանցի տեղադրման համար։
  • Մեկ հա խաղողի այգում կարկտապաշտպան ցանց տեղադրելու համար անհրաժեշտ է 3․3-3․6 մլն դրամ։
  • Մեկ հա տեխնիկական տեսակի խաղողի այգուց միջինը ստացվում է 10-12 տ խաղող։ 2025 թ-ին խաղողի ամենատարածված մթերման գինը մեկ կգ-ի համար կազմել է 150 դրամ։ Մեկ հա-ից խաղողագործը կստանա 1․5-1․8 մլն դրամ։
  • Խաղողագործների հաշվարկով, կախված տարվա եղանակային պայմաններից, տեխնիկական տեսակի խաղողի մեկ կգ-ի ինքնարժեքը միջինացված կազմում է 90-110 դրամ։
  • Մեկ հա տեխնիկական տեսակի խաղողի այգու զուտ եկամուտը կազմում է 600-700 հազար դրամ։
  • Ստացվում է խաղողագործը իր 6 տարվա շահույթը պետք տա, որպեսզի ունենա կարկտապաշտպան ցանց, որի երաշխիքային ծառայության ժամկետը 7 տարին չի գերազանցում։
Սա նշանակում է՝ առայժմ կարկտապաշտպան ցանցերի տեղադրումը խաղողի այգիներում տնտեսապես ձեռնատու չէ։
Միջազգային փորձ
Հետաքրքիր է հասկանալ, միջազգային պրակտիկայում ինչպիսի՞ գործիքներով են պաշտպանվում կարկուտից և ո՞ր գործիքներն են ավելի արդյունավետ։
Շատ երկրներ համարում են, որ կարկուտի դեմ պայքարելն ավելի ծախսատար է, քան տուժած տնտեսություններին հատուցելը պետական միջոցներից կամ ապահովագրական ընկերությունների կողմից։
Ներկայացնենք մի շարք երկրների և հարևան պետությունների կարկուտի դեմ պայքարի մեթոդները։
Որպես վերջաբան
Ստացվում է հրթիռային համակարգերով, ըստ Էկոնոմիկայի նախարարի, չենք կարող պայքարել Հայաստանի աշխարհաքաղաքական իրավիճակի պատճառով։
Գազագեներատորային համակարգերի արդյունավետությունը անհասկանալի է։
Ապահովագրական համակարգ չունենք, ունենք միայն կատարած ծախսերի մասնակի հատուցման համակարգ։
Կարկտապաշտպան համակարգերը թանկ են և միայն բարձրարժեք կուլտուրաների պաշտպանության պարագայում են արդարացնում իրենց։
Գյուղացուն մնում է սերմը հողը գցելիս հույսը դնել Աստծո գթասրտության վրա։
Հակակարկտային միջոցառումների արդյունավետության միջազգային գնահատական
Made on
Tilda