Թլիկի գյուղապետարանն է, փակ է
Թլիկցիների մի մասն արտերկիր, մյուս մասը՝ Հայաստանի այլ բնակավայրեր են տեղափոխվել: Թլիկում տուն վաճառելն անհնար է դարձել: Գնացողները դռներն ու պատուհանները փակում են, բանալին հանձնում մնացողներին, - ասում է Ուսոն և ավելացնում, - ինքն առայժմ գյուղը լքելու մտադրություն չունի, հույս ունի, որ մի օր Թլիկում էլ զարգացման ծրագրեր կիրականացվի, համագյուղացիները հետ կվերադառնան և գյուղը միասին կշենացնեն։
Արագածոտնի մարզի Թլիկ գյուղը այն եզակի համայնքներից է, որտեղ բացառապես բնակվել են եզդի ազգի ներկայացուցիչներ, ունեցել են հոգևոր առաջնորդներ և պահպանել իրենց ազգային առանձնահատկությունները:
Հիմնականում զբաղվել են անասնապահությամբ և գյուղի աշխարհագրական դիրքը նպաստավոր է եղել դրա համար: Օրինակ, հարևան հայկական համայնքները գոնե ապահովված են կենսագործունեության մինիմում պայմաններով, իսկ Թլիկում ոչ մի պայման չկա ապրելու համար, մի տուփ աղ գնելու համար պետք է 15 կիլոմետր ճանապարհ անցնել:
Թլիկցիները հյուրընկալ են, սիրով կարող են դիմավորել, խոսել ու կիսվել հոգսերով։ Գյուղով առանձնապես հետաքրքրվողները շատ չեն, երբեմն լրագրողներն են այցելում, ընտրությունից-ընտրություն՝ թեկնածուներ կամ կուսակցությունների ներկայացուցիչներ։ Մեր նկարահանող խմբին հարազատի պես են ընդունում, ամենահաճախ հյուր գնացողներից ենք։ Ուսոն խնդրեց հաջորդ այցը երեկոյան ժամերին պլանավորել, որպեսզի գյուղացիները դաշտից տուն եկած լինեն։ Մեծերն ավելի ճիշտ կներկայացնեն խնդիրները, առաջարկներ էլ կանեն, եզդիների մշակույթի ու ադաթների մասին կպատմեն։ Նրանք ավելի շատ լավ ու վատ օրեր են տեսել, հիմա էլ շատ են տանջվում։ Պատերազմի օրերին ամբողջ գյուղը փորձել է պարենով օգնել ռազմաճակատում գտնվող զինվորներին, սեփական անասուններն են մորթել, հաց թխել, ու Արցախ ուղարկել, - ասաց Ուսոյի մայրն ու խնդրեց հաճախակի հետաքրքրվել սահմանամերձ Թլիկով։