Արցախցիների խնդիրը միայն հագուստն ու սնունդը չէ

Պատերազմի ընթացքում Արցախից Հայաստան ժամանած շատ ընտանիքներ, ինչպես ամբողջ հանրապետությունում, այնպես էլ` Արմավիրում, ժամանակավոր բնակություն հաստատեցին։ Ոմանք ծանոթների մոտ, ոմանք` անծանոթ և հյուրընկալ հարկի տակ, ոմանց էլ հատկացվեցին ազատ բնակարաններ, որոնց սեփականատերերը բացակայում էին հանրապետությունից։ Այս ընտանիքներին ամենատարբեր ձևերով փորձեցին օգնել ինչպես անհատներն ու քաղաքացիները, այնպես էլ՝ հասարակական ու պետական կառույցները։

Սնունդ, հագուստ, հիգիենիկ պարագաներ՝ սրանք թերևս առաջնայինն էին, որ պետք է կազմակերպվեր արագ ու բոլորի համար։ Այս առումով արցախցի ընտանիքները դժգոհություն չունեին։ Ավելին, նրանք հիացմունքով էին արտահայտվում համայնքի, հարևանների ու առհասարակ քաղաքացիների ուշադիր վերաբերմունքի մասին։

Միայն Արմավիր քաղաքում ապաստան հատկացվեց 260-ից ավելի ընտանիքների՝ Արցախի ավելի քան 900 քաղաքացիների։

Գյուղական համայնքներում ևս շատ ընտանիքների տանիք հատկացվեց։

Պատերազմից հետո շատ ընտանիքներ վերադարձան Արցախ, իսկ ոմանք դեռ գնալու տեղ չունեն։

Արմավիրի մարզ ժամանած արցախցիների մեծ մասը Հադրութի շրջանից են։ Շատերը գնալու տեղ չունեն, դեռ սպասողական վիճակում են։ Գայանեի, Նինայի ու Սվետլաննայի ամուսինները Ստեփանակերտում են, փորձում են ապրելու տեղ գտնել: Նրանք ամեն կերպ ուզում են Արցախ վերադառնալ, Հադրութում կորցրել են տունը, ապրուստի միջոցն ու դատարկաձեռն մնացել, բայց կփորձեն Արցախի այլ բնակավայրերում բնակություն հաստատել։ 

Վերադարձի, տանիքի և փաստաթղթերի հետ կապված մի շարք խնդիրներ ունեն

Հադրութում սկսվեց ռմբակոծությունը: Գևորգը կնոջն ու երկու երեխաներին հասցրեց Հայաստան ուղարկել։ Բայց չհասցրեց երեխաների փաստաթղթերը վերցնել։ Ասում է՝ հենց առաջին օրերին գյուղը գրավեցին, տուն ճանապարհ այլևս չկար։ Պատերազմի ավարտից հետո Գևորգը միացավ ընտանիքին: Մինչ կհասկանա որտե՞ղ ու ինչպե՞ս ապրել, փորձեց 3 ամսական երեխայի ծննդյան գումարի մնացած 200 հազար դրամը ստանալ: Խնդիրներ առաջացան, մեծ տղայի անձը հաստատող փաստաթուղթը չկա, իսկ դա պատճառ է հանդիսացել, որ ընտանիքը փոքր երեխայի ծննդյան միանվագ օգնությունը չի կարողանում ստանալ Հայաստանում։ Ասում են՝ բազմաթիվ դռներ են թակել, ներկայացրել իրավիճակը, հարցը չի լուծվում։

Արմավիրի մարզպետարանի Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Ասթինե Ապիտոնյանին դիմեցինք առաջացած խնդրի էությունը պարզելու համար։ Գևորգն այս մասին մարզպետարանում չէր տեղեկացրել։ Ապիտոնյանը հանդիպեց ընտանիքի հետ, պարզեց խնդրի էությունն ու խոստացավ հետևողական լինել: Հարցին ընթացք տալու և արագ լուծելու համար դիմեց սոցիալական ծառայության Արմավիրի տարածքային բաժանմունք: Ըստ Ապիտոնյանի, պետք էր դիմել անձնագրային բաժանմունք, որտեղ կպարզվեր երեխայի ինքնությունն ու հաշվառման հասցեն և համապատասխան ձևը կտրամադրվեր, որով էլ կլուծվեր խնդիրը։

69-ամյա Ռաֆայել Մուրադյանը կնոջ՝ Սվետլաննայի հետ է Ջրակուս գյուղից Արմավիր եկել։

Տարեց ամուսինները սպասում է թոռների լուրին՝ երբ և ուր պետք է տեղափոխվեն։ Նրանք գիշերով են տանից դուրս եկել, գյուղը ռմբակոծության տակ է եղել: Ասում են՝ ոչինչ չեն կարողացել վերցնել իրենց հետ, ապաստարանից դուրս են եկել ու արագ Լաչին տեղափոխվել, հետո՝ Երևան, այնտեղից էլ՝ Արմավիր։ Թոշակառու ամուսինների մտքով անգամ չէր անցել, որ կարող է հետ դարձի ճանապարհ չունենան։ Գյուղը պատերազմի առաջին օրերին գրավված էր։ Հայրենիքի սահմանները պաշտպանելու համար առաջնագծում երեք թոռներին էին թողել, տղան 90-ականներին պատերազմի ժամանակ էր զոհվել։ Թոշակառու ամուսինները երկու ամիս է կենսաթոշակ չեն ստացել, անձնագիր չունեն։ Ռաֆայելն ասում է՝ առանձնապես սիրտ էլ չունեն փաստաթղթերով հետաքրքրվելու համար։

Արմավիրի սոցիալական ծառայության պետ Գարիկ Թովմասյանի մեկնաբանությամբ, Արցախից ժամանած անձանց կենսաթոշակներով տարածքային բաժանմունքները չեն զբաղվում։ ՀՀ Աշխատանքի և սոցիալական ծառայության մշակած կանոնակարգի համաձայն, Արցախից ժամանած կենսաթոշակառուները կարող են Հայփոստի բաժանմունքներից անձը հաստատող փաստաթղթով ստանալ իրենց կենսաթոշակները։ Թովմասյանի խոսքով, եթե արցախցիներն ինչ-ինչ պատճառներով առանց փաստաթղթերի են Հայաստան եկել, որտեղ ժամանակավոր բնակություն են հաստատել, կարող են դիմել այդ տարածքում տեղակայված անձնագրային բաժանմունք և ստանալ անձը հաստատող տեղեկանք, որով էլ ժամանակավոր բնակության տարածքի փոստային բաժանմունքներից կարող են ստանալ ինչպես կենսաթոշակները, այնպես էլ՝ միանվագ օգնություններն ու պետական աջակցության դրամական օգնությունները։

Որտե՞ղ անցնել բուժզննում կամ ստանալ բուժօգնություն

Գայանե Գրիգորյանը ժամանակավորապես բնակվում է Էջմիածնի տարածաշրջանի Դողս գյուղում, առողջական խնդիրներ ունի (քրոնիկ հիվանդություն)։ Հաճախ բժշկի օգնության կարիք է զգացվում։ Ստեփանակերտում դեղերը ստացել է պետպատվերի շրջանակներում։ Չգիտի որտեղ դիմել հասանելիք դեղորայքի չափաբաժինը ստանալու համար։

Արմավիրի մարզպետարանի Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Հովհաննես Հարությունյանի մեկնաբանությամբ, Արցախից ժամանած քաղաքացիներն ընդհանուր հիմունքներով կարող են օգտվել բժշկական կենտրոնների և ամբուլատորիաների բժշկական ծառայություններից, ստանալ անվճար առաջին բուժօգնություն և դեղորայք։ Քաղաքացիներից պահանջվում է միայն իրենց հետ ունենալ անձը հաստատող փաստաթուղթ։ Եթե նույնիսկ փաստաթուղթն առկա չէ, դա խնդիր չէ։ Արցախից Հայաստան տեղափոխված բոլոր քաղաքացիների մասին, որտեղ նրանք ժամանակավոր բնակություն են հաստատել, տվյալ համայնքներում համայնքապետարանները նրանց հաշվառել և ներկայացրել են տեղի բուժամբուլատորիաներ կամ պոլիկլինիկաներ: Արցախցիները կարող են բուժօգնություն ստանալ բնակություն հաստատած համայնքի բուժհաստատությունից,- ասաց Հարությունյանն ու ավելացրեց, որ գյուղական համայնքներում հյուրընկալված արցախցիները դիմում են տվյալ համայնքի բուժամբուլատորիա, քաղաքում հաստատվածները՝ քաղաքային պոլիկլինիկա։

Արմավիրի մարզպետարանի ՏԻՄ վարչության պետ Նվեր Պետրոսյանի մեկնաբանությամբ, մարզպետարանն ուսումնասիրում և գնահատում է Արցախից ժամանած ընտանիքների կարիքները։ Գործընթացն ամենօրյա բնույթ է կրում։ Պետրոսյանի խոսքով, համայնքների ղեկավարների հետ ամեն օր քննարկվում են արցախցիների խնդիրներն ու ըստ առաջնահերթության լուծվում դրանք։ Բացի այն, որ մարզպետարանը ընտանիքներին ապահովում է հագուստով, սննդով և անհրաժեշտ պարագաներով, նաև այս ընթացքում լուծում է Արցախ վերադառնալու ցանկություն ունեցող ընտանիքների տեղափոխման հարցերը։  

Մարզպետարանը դիմել է Կարմիր խաչի հայկական ներկայացուցչություն և ստացել 100 փաթեթ, յուրաքանչյուրում՝ 15-ական ծածկոցներ, առաջին անհրաժեշտության պարագաներ և հագուստ։

Բացի այդ, մարզպետարանը պետական միջոցներով նույնպես աջակցություն է տրամադրում արցախցիներին։ Շատ են նաև բարերարների կողմից հատկացվող օգնությունները,- ասում է Պետրոսյանն ու ավելացնում, - այն ընտանիքները, ովքեր որոշել են ձմռանը մնալ Հայաստանում կամ առայժմ չեն լուծել իրենց վերադարձի հարցը, մարզպետարանը կշարունակի աջակցել կացարանի, սննդի, հագուստի և հիգիենիկ պարագաների հարցում։

 

Made on
Tilda