Յուրաքանչյուր ուսուցչին երկու աշակերտ
Նավթի հոտը ներսից է՝ դասասենյակներից, պատուհանները պարբերաբար բաց են թողնում, որպեսզի նավթի հոտն ու ծուխը մաքրվի։ Տալվորիկի դպրոցի ջեռուցումն իրականացվում է նավթի վառարաններով։
Տալվորիկ համայնքն է։ Գյուղամիջից դուրս այս շինությունը լքված չէ, դպրոցի շենքն է։ Ավելի ճիշտ, շենքը ծառայում է որպես դպրոց։ Կառուցվել է 1993 թվ-ին՝ որպես հիվանդանոց, բայց նպատակին չի ծառայել։ Քանի որ գյուղը դպրոց չի ունեցել, նախկինում գյուղսովետը նպատակահարմար է համարել երեխաների կրթությունը ժամանակավորապես կազմակերպել հենց այս շենքում։ Տալվորիկի դպրոցում սովորում է 28 աշակերտ։ Ուսուցչական կոլեկտիվը բաղկացած է 15 հոգուց։ Դասարանները կոմպլեկտավորված են։ Միավորվել են 1-ին, 2-րդ և 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ, 7-րդ, 8-րդ և 9-րդ դասարանները, սակայն այս տարի 9-րդ դասարանի աշակերտ դպրոցը չունի։ Դպրոցի տնօրեն Մարինե Սաֆարյանն ասում է, որ դասերն անցկացնում են ուսումնական պլանով նախատեսված կարգով։ Հեռավար կրթությունից ոչ մի աշակերտ դասերից չի տուժել, ինտերնետ կապի խնդիր չի առաջացել և ուսուցիչներն օնլայն դասընթացներն անցկացրել են ամենօրյա ռեժիմով, դասացուցակով սահմանված կարգով։
Հիմա աշակերտները դպրոց են հաճախում 5-օրյա ուսուցմամբ։ Տնօրենի խոսքով, քանի որ աշակերտները քիչ են, անհրաժեշտություն չի առաջացել դասարանները կիսել և ուսուցումը երկու հերթով կազմակերպել։
Միակ խնդիրն այստեղ միավորված դասարաններում դասաժամի՝ 45 րոպեի ընթացքում, դասը մատուցել հասցնելու մեջ է, - ասում է դպրոցի տնօրեն Մարինե Սաֆարյանը։ Պատմության ուսուցիչ Արամ Նիկոլյանը, ով դասավանդում էր 4-րդ, 5-րդ և 6-րդ դասարաններում, ասում է՝ հնարավոր ամեն բան անում են, որպեսզի բոլորն էլ ընկալեն դասն ու ստանան իրենց տնային հանձնարարությունները։ Նիկոլյանը վստահեցնում է՝ ժամանակը բաշխում է 3 դասարանների միջև, պատմում է դասը մեկի համար, հանձնարարություն տալիս, հետո՝ մյուսի, նորից հանձնարարություն։ Ոսուցչի կարծիքով, որոշ դեպքերում նույնիսկ արդյունավետ է, ավելի փոքր տարիքային խումբը հնարավորություն է ստանում նաև լսել իր հետագա սովորելիք թեման։ Բացի դա, Նիկոլյանը նկատում է՝ քանի որ դասարաններում աշակերտները քիչ են՝ ոչ ավել, քան 5-6 հոգի, երբեմն ավելի հեշտ է աշխատել, ստացվում է անհատական պարապմունք աշակերտի հետ։
Աշակերտները չեն դժգոհում միավորումից, հակառակը՝ դասընկերների հետ դասաժամն անցկացնելն ավելի հետաքրքիր են համարում։ Այլապես հնարավոր է դասարանում միակ աշակերտը լինեի,- ասում է 8-րդ դասարանցի Անուշիկը, և վստահեցնում՝ սովորել ցանկացողը կսովորի։
Դպրոցում ոչ մի հարմարություն չկա, - ասում է տնօրենը։ Օրինակ, համավարակի պայմաններում ստիպված են եղել ջրի բակ դնել դպրոցում, ջուր կուտակել, որպեսզի երեխաները կարողանան ձեռքերը պարբերաբար լվանալ։ Ձմռանը սառել է ջուրը, ծորակից ջուր չի հոսում, փորձում են խնդիրը լուծել այլընտրանքային ձևով՝ ալկոգել, սպիրտ։ Դպրոցը ջեռուցվում է վառարաններով, վառելանյութը՝ նավթ։ Տնօրենի խոսքով, ուրիշ ելք չունեն, շենքը նախագծված չէ դպրոցի համար, որի պատճառով չեն կարողանում էլէկտրաէներգիայով ջեռուցման համակարգ անցկացնել, թույլտվություն չեն ստանում, անվտանգության նորմերը չեն համապատասխանում։ Գազաֆիկացման համար նույնպես չեն կարող դիմել՝ հակահրդեհային անվտանգությունն ապահովված չէ։ Այդ պատճառով էլ մարզի եզակի դպրոցներից է, որը շարունակում է նավթով ջեռուցումը, ինչը մի շարք անհարմարություններ է ստեղծում աշակերտների համար՝ օդի աղտոտվածություն, տհաճ հոտ և այլն։
Տնօրենի խոսքով, խնդրով բազմիցս դիմել են պատկան մարմիններին։ 2018 թվ-ին ԿԳ նախարարությունից ներկայացուցիչներ են այցելել Տալվորիկ, ծանոթացել դպրոցի շենքային պայմաններին և որոշել նոր դպրոցի կառուցման նախագիծ պատրաստել։ Գյուղապետարանը հողհատկացման պատրաստակամություն է հայտնել։ Նախարարության ներկայացուցիչների երկրորդ այցով որոշվել է 100 երեխայի համար դպրոց կառուցել, որի մեջ ներառվել է նաև նախակրթարանն ու մեծահասակների համար ուսուցողական խմբակների կազմակերպումը։ Նախագիծ-նախահաշիվ է կազմվել և հարցն այդքանով փակվել։ Դպրոցի տնօրենը ԿԳՆ-ից մի քանի անգամ փորձել է ճշտել դպրոցի կառուցման ճակատագիրը։ Ձգձգումը պայմանավորել են սկզբում համավարակով, իսկ հետո՝ պատերազմական դրությամբ։
Տալվորիկի դպրոցի ուսուցիչները հիմնականում մարզկենտրոնից են։ Մարզկենտրոնից Տալվորիկ հասարակական տրանսպորտ չի գործում։ Ուսուցիչները միավորվել և տաքսիով են աշխատանքի գալիս։ Մարինե Խաչատրյանն ասում է՝ պետությունը ճանապարհածախսի գումարը փոխհատուցում է ուսուցիչներին, բայց դա հաշվարկված է հասարակական տրանսպորտից օգտվելու սակագնով։ Խաչատրյանն ասում է՝ բոլոր դժվարությունները հաղթահարելի են, եթե հեռանկարում նոր դպրոցի կառուցման ծրագիրն իրագործելի դառնա։
Տալվորիկ համայնքը փաստացի 170 բնակիչ ունի։ Գյուղը չունի բուժկենտրոն, մանկապարտեզ։ Խմելու ջուրը մատակարարվում է խորքային հորի միջոցով՝ օրական երկու ժամ ռեժիմով։ Գյուղում նույնիսկ մի փոքրիկ խանութ չկա։ Գյուղապետի տեղակալն ասում է՝ ամեն մանրունքի համար ստիպված են հարևան գյուղ հասնել, այն էլ՝ խնդրելով համագյուղացիներից նրանց, ովքեր ավտոմեքենա ունեն։ Ըստ Իսրայել Թամոյանի, գյուղն ու գյուղացիները գոյատևման կռիվ են տալիս։ Հիմնական զբաղմունքը անասնապահությունն է, գյուղատնտեսական արտադրանքը՝ անասնակեր ու հացահատիկ։ Ոռոգման ջուրը ամենամեծ խնդիրն է, որի պատճառով սպասվող եկամտի կեսն անգամ գյուղացիները չեն ստանում։ Թամոյանը մտահոգված է գյուղի խնդիրներով, դպրոցի ճակատագրով նույնպես, բայց համայնքի 13 մլն դրամ բյուջեով ոչ մի հարց լուծել չեն կարող։