Սամանամեձ Կողբավանը դատարկվում է 

Արմավիրի մարզի սահմանամերձ Կողբավան գյուղն է, գյուղում փաստացի 15 տուն է բնակեցված, մոտ 40 բնակիչով։ Գյուղի փողոցները դատարկ են, մարդկանց հազվադեպ կհանդիպես։ Արթուրը ում հետ զրուցեցինք բնակվում է գյուղապետարանի անմիջապես հարևանությամբ՝ նույն շենքի հետնամասում։ Արթուրին հանդիպեցինք, երբ գյուղապետարան էինք ուզում մտնել, դուռը փակ էր, Արթուրը դիմավորեց մեզ, նա գիտի ՝ ինչու է փակ ու երբ կբացվի գյուղապետարանի դուռը։  Գյուղապետարան այցելողներին հիմնականում ինքն է դիմավորում և պատասխանում՝ երբ գալ, որպեսզի գյուղապետն աշխատավայրում լինի։

Արթուրն ասում է Կողբավան հազվադեպ է հյուր գալիս, ծեծված, բայց տեղին խոսք է, նկատում է Արթուրն ու ավելացնում, օտար մարդիկ այստեղ գալիս են ընրությունից ընտրություն, քարոզարշավի ժամանակ, հետո գյուղի մուտքի տեղը մոռացվում է, դրա համար էլ հենց անծանոթ մեքենա ենք տեսնում արագ դուրս ենք գալիս, տեսնենք ով է, ինչ է ուզում։ Հիմնականում առևտրականներն այստեղ գալիս, միրգ ու բանջարեղեն են վաճառում։ Նրանց էլ արդեն լավ ենք ճանաչում, նախ մեքենայի սուլոցից գիտենք ո՞վ է, ի՞նչ է բերել, հետո օրերն էլ գիտենք, պատմում է 34 ամյա տղան ու վստահեցնում, այստեղի անցուդարձին ամենածանոթն ինքն է։ Ինչ հարց հետաքրքրում է կպատախանի։

Արթուրը 2 մանկահասակ երեխա ունի՝ տղա և աղջիկ։ Ասում է գյուղում ոչ մի բան չկա, մարդ չի մնացել, կամ մնան, ի՞նչ անեն, եթե տրանսպորտ չկա, խանութ չկա, մանկապարտեզ և բուժկետ չկա, դպրոց չկա, վաղը որտե՞ղ են սովորելու երեխաները։ Արթուրի խոսքով, ավելի հեշտ է թվարկել ինչ կա, քան՝ չկա։ Գյուղում մենակ գյուղապետարան ու գյուղապետ կա, գյուղապետն էլ Մրգաշատ գյուղից է, ամեն օր չի որ աշխատանքի է գալիս, անհրաժեշտության դեպքում զանգում կանչում են։ Արթուրն ասում է,  գյուղում դպրոց հաճախող 7 երեխա կա։ Գյուղապետը մեքենա է հատկացրել աշակերտներին՝ Վանանդի դպրոց հասցնելու համար։

75-ամյա Էմմա Ալոյանը գյուղի հնաբնակներից է, Կողբավան է հարս եկել հիսուն տարի առաջ։ Էմմայի ընտանիքը զբաղվում է անասնապահությամբ։ Գյուղը լքող հարևանների տները գնել է Էմման,  անասնագոմ է դարձրել, ասում է այնքան էժան են վաճառում Կողբավանում տները, որ ավելի հարմար է տունը գնել գոմ դարձնել, քան նոր անասնագոմ կառուցել։  

Ամռանը Կողբավանում բնակիչները ավելանում են, հարևան համայնքներից այստեղ են տեղափոխվում անասնապահությամբ զբաղվելու համար, այստեղ հարմար է անասուն պահելը, արոտավայրեր կան, ազատ տներ ու անասնագոմեր։ Աշնանը ժամանակավոր բնակիչները միսը վաճառում են ու հետ վերադառնում իրենց տներ, պատմում է տիկին Էմմման ու ավելացնում, - «ես էլ Մրգաշատ տուն պետք է առնեմ, տղայիս ուղարկեմ այնտեղ ապրելու, թոռներս մեծացել են շուտով դպրոց կգնան, մրգաշատում դպրոց կա, մեծ գյուղ է, ապրելն ավելի մատչելի է, քաղաքին մոտ է։ Թող գնան մարդամեջ, երեխեքը սովորեն քաղաք գնան, մնան Կողբավան ի՞նչ անեն»։

Գյուղացիների խոսքով, գյուղում ոչինչ չկա․ խանութ, դպրոց, մանկապարտեզ, միջհամայնքային տրանսպորտ, բուժկետ, մի խոսքով, աշխարհից կտրված տեղ է։ Գյուղացուն գյուղի հետ կապող ոչինչ չկա, - ասում է Հակոբը և ավելացնում, - նույնիսկ կոմունալ ծախսեր վճարելու համար լրացուցիչ ծախս պետք է կատարենք, որ հասնենք այլ բնակավայր և կատարենք վճարումները։

Կողբավան համայնքի ղեկավար Սերոբ Սերոբյանի մեկնաբանությամբ, գյուղի 15 տնտեսություններում փաստացի բնակվում է 45 մարդ։ Ամռան ամիսներին բնակիչներն ավելանում են՝ կապված գյուղատնտեսական աշխատանքների հետ։ Գյուղում հավասարապես բնակվում են հայեր և եզդիներ։ Հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու գյուղատնտեսությունն է։ Վերջին մարդահամարով գյուղն ուներ 162 բնակիչ։ Այսօր բնակիչների քանակը կրճատվել է եռակի անգամ։

Սերոբյանը նկատում է, անցած տարի կարողացել է գյուղի համար կարևորագույն խնդիր լուծել, խմելու ջրագիծ են անցկացրել, հիմա կողբավանցու ծորակից ջուր է հոսում։

Made on
Tilda