Ոռոգում․ Կաթիլային ոռոգում, ճնշման կառավարում, ջրատարների վերականգնում, արտահոսքի նվազեցում
Հայաստանում կաթիլային ոռոգում հնարավոր է իրականացնել մեծ հողատարածքներում, որտեղ անհրաժեշտ է անցկացնել ոռոգման ջրագիծ, ապահովել էլեկտրաէներգիայով, կառուցել պոմպակայան։ Փոքր հողատարածքներում նման միջոցառումներ կատարելը տնտեսապես ձեռնտու չէ և իրականացնելն անհնար։
Հայկական ավանդական այգիներում կաթիլային եղանակով ոռոգումը չի բավարարում կուլտուրաները հագեցնելու համար։
Բանջարաբոստանային կուլտուրաները կաթիլային եղանակով ոռոգելը նպատակահարմար չէ, քանի որ հողատարածքներն ամեն տարի վարվում են և անհրաժեշտություն է առաջանում ամեն տարի կաթիլային ոռոգման համակարգը նորոգել ու փոխել վնասված խողովակները, ինչը թանկացնում է արտադրված բանջարաբոստանային կուլտուրայի ինքնարժեքը։
Հայաստանում ոռոգման ջրի կորուստը կազմում է մինչև 70 տոկոս, որի հիմնական պատճառներից են ոռոգման ցանցի մաշվածությունը, հողաշեն ջրատարներն ու պատասխանատվության ցածր մակարդակը
Ջրամբարներ. Երաշտի պայմաններում հարմարվողական գործողություն՝ հիմնված սեզոնային կանխատեսումների վրա
Ցանկալի է, որ ջրամբարները լիցքավորվեն գարնանային վարարումների, ձնհալի և անձրևների ջրով, ինչը լրացուցիչ ոռոգման ջրի պաշար է և կարող է զսպել ոռոգման ջրի դեֆիցիտի կամ երաշտի վնասները։
Արմավիրի մարզի արևմտյան հատվածում կառուցված են տարբեր մեծության բազմաթիվ ջրամբարներ, որոնք հիմնականում պատկանում են խոշոր հողատերերին։ Այս ջրամբարները կառուցված են ոռոգման ջրանցքների հարևանությամբ և լիցքավորում իրականացնում են անմիջապես ջրանցքից։ Լինում են տարիներ, որ այս ջրամբարների պատճառով ոռոգման համակարգն անցնում է հովհարային ռեժիմի։
Խնդիրը կայանում է նրանում, որ վերջին 5-10 տարիների ընթացքում մարզի արևմտյան հատվածներում հազարավոր հեկտար հողեր յուրացվել և օգտագործվում են գյուղատնտեսական կուլտուրաների մշակության նպատակով, իսկ ոռոգման համակարգը կառուցվել է ավելի վաղ և օբյեկտիվ պատճառներով չի բավարարում արդի պահանջներին։ Այս իրավիճակում ջրամբարները, լինելով շահեկան դիրքում, իրականացնում են լիցքավորում, իսկ ջրանցքի ցածրադիր հատվածներում ավելանում է ոռոգման ջրի դեֆիցիտը։
Ջրամբարները գոլորշիացման միջոցով ջրի մեծ կորուստ ունեն, որի մեծությունը Արարատյան դաշտում կազմում է տարեկան 1200 մմ։