Արմավիրի երիտասարդ դեսպանները նոր առաքելություն են ստանձնել
Օրերս տեղի ունեցավ Արմավիրի երիտասարդ դեսպանների առաջին աշխատաժողովը։ Աշխատաժողովին մասնակցում էին Բաղրամյանի, Արմավիրի և Վաղարշապատի տարածաշրջանների երիտասարդ դեպանները, ովքեր ստանձնել են կարևոր առաքելություն՝ նպաստել Արմավիրի մարզի երիտասարդական կյանքի բարելավմանը՝ ոչ ֆորմալ կրթության, երիտասարդական մոբիլիզացիայի, երիտասարդական կամավորական ծրագրերի իրականացման, պատկան մարմինների հետ երկխոսության միջոցով։
Երիտասարդ դեսպաններն աշխատաժողովի առաջին մասում ծանոթացան հանրային արշավի ընթացքին, ամփոփեցին երիտասարդական հիմնախնդիրների վերհանման՝ «Արմավիրի մարզի երիտասարդների խնդիրները և հասարակական քաղաքական ակտիվության մակարդակը» հետազոտությունը։
Աշխատաժողովի երկրորդ փուլում դեսպանները մշակեցին հիմնախնդիրների բարձրաձայնման հանրային արշավներ, որոնք իրականացվելու են Արմավիրի մարզի տարբեր համայնքներում, քաղաքներում, սկսելու են երկխոսություն առկա հիմնախնդիրների կրողների և պատասխանատու կողմերի հետ՝ նպաստելով մարզում երիտասարդական կյանքի բարելավմանը, մարզային երիտասարդական քաղաքականության բարեփոխմանը։
Նշենք, որ աշխատաժողովն իրականացվում է «Արմավիրի երիտասարդ դեսպաններ․ Խթանելով մասնակցային մշակույթը հանուն բարեփոխումների» հանրային արշավի շրջանակներում, իսկ հանրային արշավն իրականացնում է ՄԻՏՔ Կրթական-Երիտասարդական նախաձեռնություն ՀԿ-ն, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է «Մարդը կարիքի մեջ» ԲՀԿ-ի «Քաղաքացիական հասարակության դերակատարները՝ որպես փոփոխությունների կրողներ Հարավային Կովկասում և Մոլդովայում» ծրագրի շրջանակներում։