ԿՈՅՈւՂԱՋՐԻ ԴԵՖԻՑԻՏ ԱՐՏԱՇԱՐՈւՄ
Արմավիրի մարզի Արտաշար համայնքում, արդեն երկրորդ տարին է, այգիները ոռոգվում են բացառապես կոյուղու կեղտաջրերով։
Կեղտաջրերի պատմությունը

9 կմ երկարությամբ Մեծամոր-Արտաշար ջրատար
Արմավիր և Մեծամոր քաղաքների կոյուղաջրերը նախատեսված էր հասցնել Զարթոնք համայնքի հարևանությամբ տեղակայված մաքրման կայան՝ որոշակի տեխնոլոգիական գործընթացներով ջուրը մաքրելու և օգտագործելու ոռոգման նպատակով։ 90-ականների վերջին կոյուղաջրերի խողովակաշարը Մեծամոր քաղաքի մոտակայքում վթարի ենթարկվեց և կոյուղաջրերը սկսեցին հոսել դեպի Սևջուր գետ։ Այդ ժամանակ Արմավիր և Մեծամոր քաղաքների ջրամատակարարումն ու ջրահեռացումը իրականացնում էր «Հայջրմուղկոյուղի» ՓԲ ընկերությունը։
1999թվ-ին քաղաքների ջրամատակարարումը և ջրահեռացումը հանձնվեց «Նոր Ակունք» ՓԲ ընկերությանը՝ առանց մաքրման կայանի։ Ավելի ուշ լուծարվեց նաև «Նոր Ակունք» ՓԲ ընկերությունը, և մինչ օրս Արմավիր, Մեծամոր և հարակից գյուղերի ջրամատակարարումն ու ջրահեռացումը իրականացնում է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ, որի հաշվեկշռում չկա մաքրման կայան։

Սկզբնական շրջանում կոյուղաջրերը հեշտությամբ թաքցվում էին Սևջուր գետի ջրերում։
2010թվ-ից Արարատյան արտեզյան ավազանի մակարդակի անկման պատճառով սկսեց նվազել Սևջուր գետի ջրի քանակը և զուգահեռաբար սկսեց իրեն զգացնել տալ կոյուղաջուրը։ 2015-ից Սևջուր գետն անհետացավ՝ իր հունը թողելով կոյուղաջրերին։ Քանի որ Սևջուր գետի ջուրն օգտագործվում էր ոռոգման համար և այդ նպատակով կառուցվել էին պոմպակայաններ, մասնավորապես՝ Զարթոնք և Արտաշար գյուղերում, այս պոմպակայանները շարունակեցին իրենց բնականոն աշխատանքը կոյուղաջրի բազայի վրա։

Զարթոնք համայնքում 2 խորքային հորեր հորատվեցին, իսկ Արտաշարը մնաց կոյուղաջրերի հույսին։ Ջրառատ տարիներին կոյուղաջրի «դոզան» նվազեցնելու նպատակով պարբերաբար ոռոգման ջուր էին ներարկում, իսկ վերջին 2 տարիներին Արտաշարի պոմպակայանն աշխատում է բացառապես կոյուղաջրով։


Արտաշարցիներն այլընտրանք չունեն
Արտաշարցիները գիտակցում են կեղտաջրերի վնասակար ազդեցությունների հետևանքները, սակայն ելք չունեն։ Ոռոգման ջրի մատակարարման պայմանագիր ունեն, վճարումներ են կատարում, սակայն ստիպված են կեղտաջրով ոռոգել, այլապես կզրկվեն վերջին ապրուստի միջոցից։ Ավելին, արդեն կռիվ են տալիս կեղտաջրի համար։
Կոյուղաջուրն իր հետ բերում է բազմաթիվ խնդիրներ
Եթե Մեծամորն ու Զարթոնքը որոշ հեռավորության պատճառով կոյուղաջրի հետ շփվում են միայն օդում առկա գարշահոտի միջոցով, ապա Արտաշարը դատապարտված է ոչ միայն տեսնելու, շնչելու, այլ նաև՝ անմիջական շփվելու կոյուղաջրի հետ։
Աղտոտված մթնոլորտ
Արտաշարցիները մաքուր օդ շնչելու իրավունքից զրկված են։ Ամռան տապին պատուհանները չեն կարողանում բացել։ Ջրանցքը, որով կեղտաջուր է հոսում, անցնում է բնակարանների հարևանությամբ։
Համաճարակաբան Աշխեն Պողոսյանը խնդրի մասին բազմիցս է բարձրաձայնել, բայց իրավիճակը չի փոխվել։ Նրա խոսքով, կոյուղաջրերը խիստ վտանգավոր են բնակիչների առողջության համար։
Համաճարակաբանը հիշեցրեց նաև 1998 թվ-ը, երբ նույն կոյուղաջրերի պատճառով խոլերայի համաճարակ բռնկվեց Զարթոնք համայնքում։

Վտանգված առողջություն
Արտաշարցիները ստիպված են անմիջական շփում ունենալ կոյուղաջրի հետ։ Ոռոգման ընթացքում ձեռքերն ու ոտքերը շփվում են ջրի հետ։ Մինչ վերադառնում են տուն, կեղտաջրի հետ շփված հատվածները կարմրում են և սկսվում է աննկարագրելի քոր։
Արտաշար գյուղի բուժկետը տեղակայված է Զարթոնք համայնքում։ Գյուղի բուժամբուլատորիայի նախկին բժշկուհին՝ Նարինե Գևորգյանը, ով երկար տարիներ սպասարկել է Զարթոնք, Արտաշար և Եղեգնուտ համայնքները, ասում էր, որ կոյուղաջուրը շատ վտանգավոր է բնակիչների առողջության համար։ Ըստ բժշկուհու, մի քանի տարի շարունակ փորձաքննությունները ցույց էին տալիս, որ կոյուղաջրում հայտնաբերվում էր խոլերայի ոչ ախտածին միկրոբներ, որոնք յուրաքանչյուր պահի կարող էին դառնալ ախտածին և առաջացնել համաճարակ:
Զարթոնքի բուժամբուլատորիայի ներկայիս բժիշկը հայտնեց, որ ինքը նոր է և, իր խոսքով, կոյուղաջրի հետ շփվելու հետևանքով առաջացած ախտանիշներով հիվանդներ դեռ չեն դիմել բուժամբուլատորիա։


Կոյուղաջրով մշակված գյուղմթերքի իրացում
Կոյուղաջրերով ոռոգելու փաստը խիստ բացասական ազդեցություն է ունենում բերքի իրացման վրա։ Արտաշարցիների մեկնաբանությամբ, գնորդները գյուղ չեն մտնում, նույնիսկ շուկաներում, երբ իմանում են, որ Արտաշարի ծագում ունի, գյուղմթերքը չեն գնում։
Կենդանիների վարակի վտանգ
Դաշտերում արածող կենդանիները խմում են կոյուղաջուրը, ինչը կարող է համաճարակի պատճառ հանդիսանալ։ Արտաշարցիները պնդում են, որ կոյուղաջրից առաջացող խնդիրները շատ են և կարող են մի քանի ուղղությամբ վտանգավոր լինել։ Բացի բանջարեղենից, առողջության համար կարող է վտանգավոր լինել նաև կաթնամթերքը։ Սամվել Պետրոսյանը ցույց է տալիս խոշոր եղջերավոր անասուններին, որոնք արածում են ջրատարի հարևանությամբ և խմում կոյուղաջուրը։
Սեփական փորձով
2019թվ-ին անդրադարձել ենք Զարթոնք համայնքում կոյուղաջրով ոռոգելու փաստին և գյուղատնտեսական արտադրանքի մի քանի նմուշներ ներկայացրել «Ստանդարտ Դիալոգ» փորձագիտական լաբորատորիա։ Հետազոտության արդյունքում գյուղատնտեսական բանջարաբոստանային նմուշների մեջ հայտնաբերվել էր մարդու առողջության համար վտանգավոր տարրեր։
Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների տեսակետները խնդրի վերաբերյալ
Արմավիրի մարզպետարան
Արմավիրի մարզպետարանը, մեր հարցմանը պատասխանելով՝ տեղեկացնում է, որ Արտաշար համայնքի կեղտաջրերով ոռոգման խնդիրը նախատեսված է լուծել մեկ նոր արտեզյան հորի հորատման և 2 արտեզյան հորերի վերականգնման միջոցով։
Շրջակա միջավայրի նախարարություն
Ի պատասխան մեր հարցմանը, ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը հայտնեց, որ ոռոգման ջրի դեֆիցիտի պատճառով գյուղացիները ոռոգման նպատակով օգտագործում են կոյուղաջրերը, անհրաժեշտ է տեղադրել կոյուղաջրերի մաքրման կայան։ Մանրամասն տեղեկություններ ստանալու համար նախարարությունը խորհուրդ տվեց դիմել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների Ջրային կոմիտե։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն մեր հարցմանը այն մասին, թե նախատեսվու՞մ է կառուցել Արմավիր և Մեծամոր քաղաքների կոյուղաջրերի մաքրման կայան և հնարավո՞ր է վերագործարկել Արտաշար համայնքի չգործող խորքային հորերը, պատասխանեց ՏԿԵ նախարարության Ջրային կոմիտեն, ըստ որի ՀՏԶ հիմնադրամի միջոցներով առաջին փուլով 2022թ․ մարտից նախատեսվում է վերականգնել կոյուղագիծը։ Երկրորդ փուլով նախատեսվում է Մաքրման կայանի կառուցում, որը հնարավոր է իրականացնել այլ ֆինանսավորման աղբյուրներով միջոցների առկայության դեպքում։
Արտեզյան հորերի վերագործարկման վերաբերյալ տեղեկատվություն կարող է տրամադրել Արտաշարի համայնքապետարանը։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Արտաշարի համայնքապետարան
Արտաշար համայնքի ղեկավար Մանվել Օհանյանը բավարարվում է փաստն արձանագրելով։ Իր կողմից ոչ մի քայլ չի ձեռնարկվել իր ղեկավարած համայնքի շրջակա միջավայրի և բնակչության առողջության պահպանության ուղղությամբ։ Ասում է՝ դրա մասին կառավարության մակարդակով տեղյակ են, ինքը ոչինչ անել չի կարող։ Ձեռքբերումն այն է, որ առայժմ գյուղում համաճարակ չի գրանցվել և, տհաճ է միայն այն, որ կոյուղաջրի հոտը պետք է շնչեն գյուղացիները։
«ԱՐՄԱՎԻՐ» ջրօգտագործողների ընկերություն
«Արմավիր» ՋՕ ընկերության տնօրեն Վահագն Արշակյանի մեկնաբանությամբ, 2021 թվականը աչքի է ընկնում ոռոգման ջրի դեֆիցիտով։ Արտաշար համայնքի գյուղացիական տնտեսությունները նախկինում ոռոգում էին ոռոգման ջրով, որի մեջ խառնված էր նաև կոյուղու կեղտաջրերը։ Այս տարի Արտաշար համայնքի 100 հեկտարը ոռոգվում է բացառապես կոյուղաջրերով։ Կոյուղաջրերի առկայության հետ Արմավիր ՋՕ ընկերությունը կապ չունի։ Արշակյանի խոսքով, խնդիրը կարելի է լուծել 2 արտեզյան հորի վերականգնմամբ և լրացուցիչ հորերի հորատման միջոցով, որի հետ ընկերությունը նույնպես առնչություն չունի։
Որպես վերջաբան
Ստացվում է կեղտաջրերը տեր չունեն, հասցեական պատասխանատու գոյություն չունի և անարգել հոսում են՝ ոռոգելով տարբեր համայնքների այգիներ մինչև նոր համաճարակի բռնկումը, ինչպես տեղի ունեցավ 1998 թվականին Զարթոնք համայնքում, նույն կեղտաջրերի պատճառով։
Հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում "ԱԼՏ" հեռուստախմբագրությունը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Made on
Tilda