Խմելու ջուր գնելու նախապատմությունը
Ջրի հայկական և եվրոպական կոշտություններ
Մինչև 2000 թվականը շրջիկ ավտոմեքենաներից խմելու ջուր էին գնում հիմնականում Բաղրամյանի տարածաշրջանի համայնքների բնակիչները, որտեղ խմելու ջրագծերը կամ քայքայված էին, կամ ընդհանրապես գոյություն չունեին։ 2000 թվականից հետո խմելու ջրի պահանջարկ առաջացավ նաև Հոկտեմբերյանի տարածաշրջանում այն բանից հետո, երբ «Նոր Ակունք» ՓԲ ընկերությունը, որը հանդիսանում էր տարածաշրջանի ջրամատակարարը, Արմավիր և Մեծամոր քաղաքներին, ինչպես նաև հարակից բնակավայրերին, սկսեց մատակարարել խորքային հորերից վերցված ջուր։
Արմավիրցիները չհամակերպվեցին կոշտ ջուր խմելու իրողության հետ, ըմբոստացան և պահանջեցին իրենց մատակարարել խմելու ջրի ստանդարտներին համապատասխան որակյալ խմելու ջուր։ Բնակիչների պահանջն իրավացի էր, քանի որ Առողջապահության նախարարի 2002 թվականի թիվ 876 հրամանի, խմելու ջրի կոշտությունը չպետք է գերազանցի 7,0 մմոլ/լ։ Սա նշանակում է, որ 1 լիտր խմելու ջրում լուծվող մագնեզիումի և կալցիումի աղերի քանակը չպետք է գերազանցի 7,0 մգ-էկվիվալենտը: Իսկ ըստ բնակավայրերի մատակարարվող խմելու ջրի կոշտությունը տատանվում էր 11-13 մմոլ/լ։ Հասարակությանը լռեցնելու նպատակով շրջանառության մեջ դրվեց նաև մեկ այլ փաստաթուղթ՝ ստորագրված հանրապետության գլխավոր համաճարակաբանի կողմից։ Ըստ փաստաթղթի, մարզի Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչությունն իրավասու է խմելու ջրի կոշտությունը թույլատրել մինչև 11,0 մմոլ/լ: Այս փաստաթուղթն իրավական հիմքեր ստեղծեց բնակիչներին խմելու կոշտ ջուր մատակարարելու համար՝ անկախ այն հանգամանքից, թե վերջիններս կխմե՞ն այդ ջուրը, թե՞ ոչ։
Հայաստանում խմելու ջրի որակի պահանջները նույնականացված են Ռուսաստանի ցուցանիշներին, որն իր հերթին մեծ շեղում ունի միջազգային պահանջներից: Հայաստանում խմելու ջրի որակի պահանջներն ու հսկողությունը ամրագրված են Առողջապահության նախարարի 2002 թվականի թիվ 876 հրամանով: Յուրաքանչյուր երկիր իր չափման միավորն է ընտրել և ջրի կոշտությունը տարբեր կերպ է ընկալվում:
Օրինակի համար դիտարկենք Գերմանիայի և Ռուսաստանի Դաշնության չափորոշիչները, որը, կարելի է ասել, նաև Հայաստանինն է:
Աղյուսակից պարզ երևում է, որ եվրոպացիներն իրենց չափանիշներն ընտրել են՝ նախապատվություն տալով հասարակության առողջությանը, իսկ Հայաստանը եղած խմելու ջրի համատեքստում ընտրել է չափորոշիչները: Օրինակ, Նորավան համայնքի խմելու ջուրը մատակարարում է «Վեոլիա Ջուր» ընկերությունը՝ կենտրոնացված համակարգով և ջրի կոշտությունը կազմում է 11,0 մմոլ/լ: Մյասնիկյան համայնքի ջրամատակարարումը նույնպես իրականացնում է «Վեոլիա Ջուր» ընկերությունը՝ տեղային խորքային հորերի ջրով և կոշտությունը կազմում է 13,5 մմոլ/լ:
Նոր ջուրն իր բաղադրությամբ և համային հատկանիշներով էապես տարբերվում էր նախկին ջրից։ Հարկ է նշել, որ նախկինում Հոկտեմբերյանի տարածաշրջանին մատակարարվում էր «Զևայի» և «Ապարանի» խմելու ջուր։ Բնակչությունը նախ ուրախացավ, որ 24-ժամյա ջրամատակարարում ունի, բայց շուտով հասկացավ, որ ջուրը խիստ կոշտ է և ծարավ չի հագեցնում։ Շատ արագ շրջիկ ավտոցիստեռններն այդ բացը լրացրեցին և, 20 տարի է, կանոնակարգված խմելու ջուր են վաճառում տարածաշրջանի ազգաբնակչությանը։.