ԱՂԱԿԱԼՈւՄԸ ՈւՆԵԶՐԿՈւՄ Է ԳՅՈւՂԱՑՈւՆ


Արմավիրի մարզում մոտ 5 հազար հա աղակալված հողատարածքներ կան։ Գյուղացիները, ընտանիքը կերակրելու նպատակով, հողատարածքներ են վարձակալում այլ համայնքներում կամ մարզից դուրս։ Նրանք ի զորու չեն սեփական միջոցներով աղազերծել հողատարածքները։
Արմեն Հովհաննիսյանը գերադասում է մեքենայի շարժիչ նորոգելով օրը 5 հազար դրամ աշխատել, քան հող մշակել։ Խնդիրը կայանում է նրանում, որ իր 3 հեկտար հողակտորից 1000 քառակուսի մետրն է մնացել մշակության համար պիտանի։ Մնացած հողատարածքը աղակալման պատճառով դարձել է անպիտան։ Սկզբում աղը դուրս է գալիս հողի մակերես, այնուհետև բերքատվությունը նվազում է այն աստիճան, որ հետագա մշակելը դառնում է անիմաստ։
Շատ գյուղացիներ, չունենալով ընտանիքի գոյությունը պահպանելու այլ միջոց, ստիպված են եղել իրենց հողակտորում ստեղծել նոր բուսական շերտ: Արմենի խոսքով, իրենք հարևան գյուղերից 100-ավոր ավտոմեքենա բուսական հող են տեղափոխել Եղեգնուտ, լցրել իրենց հողակտորի վրա և ստացել 30 սմ հաստությամբ բուսական շերտ, որտեղ հնարավոր կլինի մշակել միայն բանջարեղեն:
Նման իրավիճակում են Արմավիրի մարզի Եղեգնուտ, Արտաշար, Զարթոնք համայնքների գյուղացիական տնտեսություններից շատերը։ Կան գյուղացիներ, որոնք իրենց հողակտորից հույսները կտրած, հողատարածքներ են վարձակալում այլ համայնքներում։


Թամար Աթոյանի հողամասն այլևս մշակության համար պիտանի չէ: Ընտանիքը կերակրելու համար հարևանությամբ գտնվող Մասիսի տարածաշրջանում 2 հեկտար հողատարածք է վարձակալել, գարնանը իր հողամասում սածիլ է աճեցնում, տեղափոխում Մասիս և ձմերուկի մշակությամբ զբաղվում: Տիկին Թամարի օրինակին շատերն են հետևում:

Ի՞ՆՉ ԵՐԵՎՈՒՅԹ Է ԱՂԱԿԱԼՈՒՄԸ
Հողերի աղակալումը տեղի է ունենում կիսաանապատային և անապատային գոտիներում, որտեղ գոլորշիացումը գերազանցում է տեղումների քանակին և ստորերկրյա ջրերի բնական հոսքը թույլ է: Հայաստանում աղակալված և կրկնակի աղակալված հողերի ծավալները հասնում է 30 հազար հեկտարի:

Արարատյան հարթավայրի որոշ ցածրադիր շրջաններում գրունտային ջրերը պարբերաբար բարձրանում են հողի մակերևույթ և, գոլորշիանալով, հողի մեջ են թողնում իրենց մեջ լուծված աղային մասը: Երևույթի պարբերաբար կրկնումը հողերի մեջ բարձրացնում է աղի քանակությունն այն աստիճան, որ այլևս բուսականություն չի աճում: Միայն Արմավիրի մարզում, ըստ մարզպետարանի, աղակալված է մոտ 5 հազար հեկտար հողատարածք:
Աղազերծման քիմիական եղանակը կատարվում էր աղը չեզոքացնելով ծծմբական թթվի միջոցով։ Մեխանիկական եղանակի ժամանակ իջեցվում էր գրունտային ջրերի մակարդակը և ինտենսիվ ոռոգման միջոցով լվացվում հողը։
Խորհրդային տարիներին ծավալուն աշխատանքներ են կատարվել աղակալված հողատարածքների աղազերծման ուղղությամբ: Միջոցառումները կատարվում էին քիմիական և մեխանիկական եղանակներով: Արմենը հիշում է ինչպես էր աղից մաքրվում հողատարածքները:
Ի՞ՆՉ Է ԱՐՎՈՒՄ ԱՅՍՕՐ ԱՂԱԿԱԼՎԱԾ ՀՈՂԵՐՆ ԱՂԱԶԵՐԾԵԼՈՒ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ
Քիմիական եղանակով աղազերծումը ծախսատար է և Հայաստանում չկա հումք այն իրականացնելու համար:
Մեխանիկական եղանակով խնդիրը լուծելու համար այսօր արդեն ստեղծվել են նպաստավոր պայմաններ։ Գրունտային ջրերի մակարդակն այնքան է նվազել, որ կարելի է հողը լվացման միջոցով աղազերծել:
Հողերի լվացումն իրականացվում է պարբերաբար ոռոգելու միջոցով: Սակայն եղեգնուտցիների մեկնաբանությամբ, եթե ինտենսիվ ոռոգման ճանապարհն ընտրեն, տարեկան առանց բերք ստանալու, հեկտարի հաշվով 500-600 հազար դրամ գումար կծախսեն, որի հնարավորությունը չունեն:

Գյուղատնտես Քյարամ Աջոյանն ասում է՝ կառավարությունը մեծ միջոցներ է տրամադրում դրենաժների սպասարկման համար, և դա այն պարագայում, երբ գրունտային ջրերի մակարդակն ընկել է, իսկ դրենաժները չեն ծառայում իրենց նպատակին: Եթե այդ գումարներն ուղղվեին ոռոգման ջրի սուբսիդավորմանը, արդյունքը տեսանելի կլիներ, շատ հողատարածքներ հնարավոր կլիներ լվացման եղանակով օգտագործելի դարձնել:

Գյուղացիների խոսքով, եթե հողատարածքը աղի սպիտակ շերտով է ծածկվում, դա չարիքի փոքր տեսակն է, կարելի է ինչ-որ կերպ պայքարել և դարձնել պիտանի: Երբ հողի մակերևույթը դառնում է գորշ կապտավուն, հողատարածքը վերականգնելն անհնարին է: Արմենն արդեն անկարող է պայքարել հողը մշակելի դարձնելու հարցում:
ԱՂԱԿԱԼՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
Եղեգնուտի բազմաթիվ գյուղացիական տնտեսություններ, ապարդյուն պայքարելով աղակալված հողերի վերականգման ուղղությամբ, վերջնականապես հրաժարվում են հողագործությունից: Մեծ ընտրություն չունենալով, կախված ընտանիքի կարգավիճակից, կամ մեկնում են արտագնա աշխատանքի, կամ այլ համայնքներում հողեր են վարձակալում և շարունակում զբաղվել գյուղատնտեսությամբ:

ՀԳ․ ՀՀ Բնապահպանության նախարարությունը 2015թվ-ին ծանոթացավ խնդրին: Նախարարության աշխատակիցները հանդիպումներ ունեցան համայնքի ղեկավարների հետ և հավաստիացրին, որ հողերի աղազերծման խնդիրը գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում և այդ ուղղությամբ պետական ծրագիր է մշակվում: Անցել է 6 տարի, ծրագրից լուր չկա:






Made on
Tilda