Արմավիրի մարզպետարանը մեր գրավոր հարցմանը պատասխանեց, որ նախատեսվում է նոր խորքային հորեր տեղադրելով լուծել Արտաշար համայնքի ոռոգման խնդիրը։ Գրության մեջ մարզպետարանը խորքային հորերի տեղադրման ժամկետ չի նշում։ Փոխարենը, Արտաշարի գյուղապետ Մանվել Օհանյանն ասաց, որ իրեն մարզպետարանից տեղեկացրել են, որ խորքային հորերի հորատման և շահագործման որոշումն ուժի մեջ է, միայն ժամկետներն են հետաձգվել։ Եթե այս տարի աշնանը չհասցնեն աշխատանքներն ավարտին հասցնել, ապա 2022-ի գարնանը կշարունակեն և կշահագործեն։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը հղած մեր հարցմանը պատասխանեց ՏԿԵ նախարարության Ջրային կոմիտեն, ըստ որի առաջին փուլով 2022թ․ մարտից նախատեսվում է սկսել կոյուղագծի վերականգման աշխատանքները, իսկ մաքրման կայանի կառուցումը կիրականացվի միջոցների առկայության դեպքում։
Արտաշար համայնքի ղեկավար Մանվել Օհանյանի մեկնաբանությամբ, գյուղի հողատարածքների 30 տոկոսը, արդեն 2 տարի է, ոռոգվում է բացառապես կոյուղաջրով։ Բոլոր կառույցները խնդրին տեղյակ են։ Միջոցների բացակայության պատճառով համայնքը ոչինչ անել չի կարող։ Գյուղապետի բնորոշմամբ, ջրում կենդանական աշխարհը վերացել է։ Նախկինում այստեղ ձուկ էին որսում, այսօր նույնիսկ գորտերն են վերացել։ Հատկապես ամռանը համաճարակի բռնկման ռիսկը մեծանում է, բնակիչների առողջության համար շատ վտանգավոր իրավիճակ է ստեղծվում։
«Չգիտեմ, թե որքան է ձգձգվելու այս իրավիճակը, մի բան հստակ է, որ համայնքի փոքրիկ բյուջեով ոչինչ չենք կարող անել»։
Արդեն 20 տարի է, Արմավիր և Մեծամոր քաղաքների կոյուղաջրերը դարձել են քննարկման թեմա։ Իշխանությունների պատասխաններն այս տարիների ընթացքում պարբերաբար փոխվում են։ Սկզբում նպատակ դրվեց վերականգնել մաքրման կայանը, այնուհետև որոշվեց նոր մաքրման կայան կառուցել, իսկ վերջում կառուցվեց պոմպակայան՝ կոյուղաջրերն աչքից հեռու տեղափոխելու համար։
Որքան էլ որ ծախսատար լինեն կոյուղագծի վերականգման և մաքրման կայանի կառուցման աշխատանքները, իշխանությունները պետք է համալիր մոտեցում ցուցաբերեն խնդրի լուծման ուղղությամբ, այլապես կարող է կրկնվել Զարթոնքի խոլերայի համաճարակի օրինակը, որը տեղի ունեցավ 1998 թվ-ին։ Նույն կոյուղաջրերը խլեցին 2 քաղաքացու կյանք։