Ընդերքօգտագործող ընկերությունների գործունեությունից առաջին հերթին տուժում են գյուղացիական տնտեսությունները, որոնք զրկվում են ընտանիքը կերակրելու վերջին միջոցից։ Տուժում են համայնքները և երկրի բյուջեն, քանի որ ապօրինությամբ ստացված ապրանքը թաքցվում է նաև հարկային մարմիններից։
Միամտություն կլինի ասել, որ համայնքի ղեկավարները տեղյակ չեն ընդերքօգտագործողների ապօրինություններից, վերջապես, ամեն ինչ կատարվում է իրենց աչքի առաջ, և օժտված են լիազորություններով ոչ միայն վարչական տույժեր կիրառելու, այլ նաև լուծելու վարձակալության պայմանագրերը, դիմելու տեսչական մարմիններ՝ կանխելու համար տնտեսվարողների ապօրինի գործողությունները։
Մարզպետարանները ոչ մի լծակ չունեն ազդելու թույլտվությունների տրամադրման, գյուղատնտեսական հողատարածքները՝ որպես արտադրականի օգտագործելու, կամ հանքավայրի սահմանները խախտելու վրա։
Արմավիրի մարզում օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքօգտագործման 31 թույլտվություն է տրվել տնտեսվարողներին, մասնավորապես՝ 16 ավազի, 6 տուֆի, 6 բազալտի, 2 անդեզիտի և մեկ գիպսապարի արդյունահանման թույլտվություն։
Եվ որպեսզի պարզ լինի Արմավիրի մարզի գյուղատնտեսական նշանակության հողատարածքներին հանքավայրերի շահագործման հետևանքով հասցված ընդհանուր վնասների չափը, նշենք, որ հանքարդյունաբերության պատճառով, միայն վերջին 10 տարիների ընթացքում, Արմավիրի մարզի 14 համայնքներում 527 հեկտար հողատարածք դարձել է անպիտան և ենթակա է ռեկուլտիվացիայի։
Իրականում հանքեր շահագործողները պատահական մադիկ չեն։ Նրանք կամ ազդեցություն ունեցող մարդիկ են, կամ՝ նախկին ու գործող պաշտոնյաներ, չնայած հիմնականում հանքերը գրանցված են նրանց մերձավորների, որոշ դեպքերում՝ ընտանիքի անդամների անուններով։
Օրինակ, «Տնաշին Աշոտ» ՍՊԸ-ն պատկանում է նախկին պատգամավոր Նահապետ Գևորգյանին (նրան ճանաչում են «Նովո» մականվամբ)։ Տնօրենը Մնացական Հովհաննիսյանն է, հիմնադիրներն են՝ նախկին պատգամավոր Նահապետ Գևորգյանը և եղբորորդին՝ Բագրատ Գևորգյանը, հավասար բաժնեմասերով։
«Ավազպլյուս» ՍՊԸ հիմնադիրներն են՝ Տիգրան Նազարյանը և Հարություն Յանդյանը՝ 33-ական, Գոռ Առուստամյանը՝ 34 տոկոս բաժնեմասով։ Վերջինս աշխատում է Բարսեղ Բեգլարյանի (Ֆլեշի Բարսեղ) մոտ, ում գյուղացիները համարում են հանքի իրական տերը։
Ըստ գյուղացիների, «Սահակ 1» ավազի հանքավայրը պատկանել է Ապագա համայնքի նախկին ղեկավար Արտաշես Բարսեղյանին, ով 2018 թվ-ին, վաճառելով ընկերությունը Սվետլանա Սիմոնյանին, ընդմիշտ մեկնել է ԱՄՆ։
Անկախ նրանից, թե ովքեր են հանք շահագործողները, գյուղացիական տնտեսությունները մի բան գիտեն՝ իրենք սեփական հողը մշակելու իրավունք ունեն և իրենց իրավունքների պաշտպանը պետք է լինի նաև համայնքի ղեկավարը։
Արգավանդցի Արա Գևորգյանը, ով մեկ հեկտար հողակտոր էր գնել 13 տարի առաջ և հիմա, անկախ իր կամքից, դարձել հանքավայրի հարևանը, պնդում է, որ հասարակ գյուղացին ի զորու չէ միայնակ պայքարել խնդրի դեմ։ Ըստ Գևորգյանի, համայնքի ղեկավարն ընտրվում է համայնքի և համայնքի բնակչի շահը պաշտպանելու, այլ ոչ թե մեծահարուստներին ծառայելու համար, ինչը, ըստ նրա, անում են համայնքի ղեկավարները՝ քաղելով իրենց սեփական օգուտը։ Արգավանդցիները հույս ունեն, որ համայնքների խոշորացման արդյունքում խոշորացված համայնքի ղեկավարն ավելի մեծ լծակներ կունենա իր ազդեցությունն օգտագործելու, համայնքի հնարավորությունները ճիշտ գնահատելու և արդյունավետ կառավարում իրականացնելու համար։