Արմավիրի մարզպետարանի Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Գայանե Հարությունյանը տեղեկացրեց, որ մարզի տարբեր համայնքներում ժամանակավոր բնակություն են հաստատել 2308 քաղաքացի։ Սկզբնական շրջանում արցախցիներին հաճախակի էին տրամադրվում օգնություններ՝ պարենի և առաջին անհրաժեշտության պարագաների տեսքով։ Նրանք օգտվում էին նաև պետական սոցիալական աջակցության ծրագրից, որն այս պահին դադարեցված է։
Բազմաթիվ ընտանիքներ հետ վերադարձան։ Հայաստանում մնացին այն ընտանիքները, որոնց բնակավայրերն այլևս Ադրբեջանի տիրապետության տակ են։ Այս ընտանիքները ժամանակի ընթացքում մոռացության մատնվեցին։ Նրանք գոյատևում են երեխաների նպաստով և թոշակառուների կենսաթոշակով։ Չունեն ինչպես կարգավիճակ, այնպես էլ՝ գնալու տեղ։ Հադրութի շրջանի Տող համայնքից թոշակառու տիկին Անուշիկը, ինչպես շատերը, օրավարձով է աշխատում, որպեսզի կարողանա 18 հոգանոց ընտանիքին կերակրի։ Արշալույսում հացի արտադրամասում է աշխատում։ Միշտ չէ, որ աշխատանք է լինում, նաև բերքահավաքի է գնում։ Ցանկացած աշխատանքի առաջարկ ընդունում է, միայն թե երեխաները սոված չքնեն։ Ասում է՝ ձմռանն ավելի բարդ է լինելու, ծախսերը՝ շատ, աշխատանքը՝ քիչ։ Հուսահատ է, ելք չի գտնում, ասում է՝ ներկան անորոշ է, իսկ ապագան՝ մշուշոտ։ Որքա՞ն է շարունակվելու անորոշ վիճակը, նույնիսկ մոտավոր պատկերացում չունի տիկին Անուշիկը։