ԱՆՊԱՏԺԵԼԻՈւԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
Ամեն օր Արմավիրի մարզից հանրապետության տարբեր բնակավայրեր են տեղափոխվում ավազ, տուֆ, բազալտ և այլ շինարարական նյութեր։ Անբարեխիղճ տնտեսվարողների պատճառով հանքավայրերը մեծ վնասներ են հասցնում շրջակա միջավայրին և գյուղատնտեսությանը։
Ըստ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պաշտոնական տվյալների, Արմավիրի մարզում ընդերքօգտագործման 28 թույլտվություն է տրվել, մասնավորապես՝ ավազի՝ 14, տուֆի՝ 5, բազալտի՝ 6, անդեզիտի՝ 2 և գիպսապարի՝ 1։
Մի կողմից դրական է, որ մարզում կան հանքավայրեր, որոնք լրացուցիչ աշխատատեղեր են ապահովում, մյուս կողմից՝ հանքավայրերը մեծ վնասներ են հասցնում ինչպես շրջակա միջավայրին ու գյուղատնտեսությանը, այնպես էլ՝ համայնքների բյուջեին։
Արմավիրի մարզում ամենաշատը ավազի հանքավայրերն են և դրանք մոտ են գյուղատնտեսական հողատարածքներին։ Ուսումնասիրենք ավազի հանքավայրերի աշխարհագրությունը և տնտեսվարողների աշխատաոճը։
Արմավիրի մարզի ավազի հանքավայրերը հիմնականում տեղակայված են Արաքս գետի ավազանում։ Շատ հանքավայրեր գտնվում են սահմանային գոտում՝ Արաքսի ափին։ Ավազի հանքավայրերը մեծ վնաս են հասցնում մարզի գյուղատնտեսությանը։ Արգավանդ գյուղի բնակիչ Համայակ Հովսեփյանի մեկնաբանությամբ, հանք շահագործող տնտեսվարողները մասնավորներից մեծ գումարով գյուղատնտեսական նշանակության հող են գնում և վերածում հանքավայրի։ Ի դեպ, մասնավորներից հողատարածքները գնվում են տարբեր մարդկանց անուններով։ Հանքավայրի հարևանությամբ հողատարածքները ջրազրկվում են և վերածվում անապատի։ Տնտեսվարողներն արդեն ջրազրկված հողատարածքները գնում են անհամեմատ ցածր գնով և ընդլայնում իրենց հանքավայրը։
Տնտեսվարողներն այս եղանակով հանքի շահագործումը փորձում են կապել «Ընդերքի մասին» ՀՀ օրենսգրքի 48 հոդվածի հետ, որտեղ մասնավորապես ասվում է․
1. Իրավաբանական անձինք և քաղաքացիները, առանց ընդերքօգտագործման իրավունքի ձևավորման, իրենց սեփական հողամասերի սահմաններում շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, տնտեսական և կենցաղային սեփական կարիքների բավարարման նպատակով կարող են կատարել պետական հաշվեկշռում չհաշվառված ոչ մետաղական օգտակար հանածոների արդյունահանում`մինչև 2 մետր խորությամբ, ինչպես նաև ստորերկրյա կառույցների շինարարություն` մինչև 5 մետր խորությամբ` կառավարության սահմանած կարգով, տեղյակ պահելով լիազոր մարմնին:
Տնտեսվարողը, քաջատեղյակ լինելով այս հոդվածին և սպասվող պատասխանատվությանը, մեծ ռիսկի չի գնում։ Հայտնաբերվեց՝ սեփականատիրոջ վարչական իրավախախտման համար կկատարի համապատասխան վճարում, չհայտնաբերվեց՝ ավելի լավ։ Տնտեսվարողի ապօրինի գործողությունները հայտնաբերողը համայնքի ղեկավարն է, ում աչքի առաջ կատարվում է գործողությունը, իսկ այստեղ գործում է «ես քեզ, դու ինձ» ավանդույթը։

Համայնքի ղեկավարը ցանկության դեպքում, իր լիազորությունների շրջանակներում, կարող է հողի սեփականատիրոջը տուգանել գյուղատնտեսական նշանակության հողերը ոչ նպատակային օգտագործելու համար, իսկ շարունակության դեպքում՝ դիմել իրավապահներին։

Համայնքի ղեկավարներն իրենց արդարացնում են՝ ասելով, որ ամեն ինչ կատարվել է խորհրդային տարիներին։
Քարտեզները դիտելով և համադրելով՝ հասկանալի է դառնում, որ ապօրինի հանքավայր շահագործելը տեղի է ունեցել երրորդ հանրապետության օրոք։
Ավազի հանքավայրերի հետ կապված մեկ այլ խնդիր էլ կա։ Լինում են դեպքեր, երբ ընդերքօգտագործման թույլտվությունները տրվում են գյուղատնտեսական նպատակային նշանակության հողատարածքներում։ Տնտեսվարողները, համապատասխան վճարումներ կատարելով համայնքի բյուջե, պարտավոր են փոխել հողատարածքների նպատակային նշանակությունը, հետո նոր սկսել իրենց գործունեությունը։ Սակայն միշտ չէ, որ տնտեսվարողները կատարում են օրենքի պահանջը և գյուղատնտեսական հողերում զբաղվում են հանքարդյունաբերությամբ։

«Ավազպլյուս» ՍՊ ընկերությանը Արգավանդ գյուղի գյուղատնտեսական հողատարածքներում հատկացվել է 4,05 հա հողատարածք ավազակոպճային խառնուրդի հանքարդյունահանման համար։ «Ավազպլյուս» ՍՊ ընկերությունը, հողերի նպատակային նշանակությունը չփոխելով, զբաղվում է հանքարդյունաբերությամբ։
Արմավիրի մարզպետարանից տեղեկացանք, որ «Ավազպլուս» ընկերության գործունեությունը դադարեցված է, սակայն մեր նկարահանման պահին ընկերության ավազի լվացման արտադրամասն աշխատում էր ամբողջ հզորությամբ։

«Ավազպլյուս»-ն իր լվացման արտադրամասով էլ աչքի է ընկնում ապօրինություններով։ 2010 թվականին մասնավոր անձից ձեռք է բերել 1,41 հա գյուղատնտեսական նշանակության հողատարածք և այն վերածել ավազի տեսակավորման արտադրամասի՝ չփոխելով հողի նպատակային նշանակությունը։

Հարկ է նշել, որ գյուղատնտեսական հողերի նպատակային նշանակությունը փոխելու համար մեկ հեկտարի հաշվով, կախված հողի կարգից, համայնքի բյուջե պետք է վճարվի 6-8 միլիոն դրամ։ Իսկ նշանակությունը փոխված հողատարածքի գույքահարկը հաշվարկվում է հողի կադաստրային արժեքի 1 տոկոսը բնակավայրի ներսում և 0,5 տոկոսը բնակավայրից դուրս։ Այս դրույքաչափը մի քանի անգամ գերազանցում է գյուղատնտեսական նշանակության հողերի գույքահարկի դրույքաչափից։
Հանքարդյունաբերության ամենամեծ խնդիրը կայանում է նրանում, որ տեղական պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններն այս խոհանոցում ընդամենը դիտորդներ են և չունեն ոչ մի լիազորություն ապօրինությունները գոնե նվազեցնելու համար։
Համաձայն «Ընդերքի մասին» օրենսգրքի 49 հոդվածի 6-րդ կետի, տնտեսվարողը օգտակար հանածոյի արդյունահանման դիմումին, ի թիվս այլ փաստաթղթերի, պետք է կցի հանքի փակման ծրագիրը։ Հանքի փակման ծրագրում կարևոր կետ է խախտված՝ հողատարածքների վերականգնումը, ռեկուլտիվացիան։ Արմավիրի մարզպետարանի Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության բնապահպանության բաժնի պետ Գոռ Մելիքյանի փոխանցմամբ, մարզի 14 համայնքներում շուրջ 530 հա հողատարածք ռեկուլտիվացիայի կարիք ունի։ Սա նշանակում է, որ օգտակար հանածոն սպառելուց հետո տնտեսվարողները հանգիստ խղճով հեռացել են։ Այստեղ նույնպես խնդիր կա։
«Ընդերքի մասին» օրենքի 69, 70 հոդվածների տրամաբանությամբ, պետք է ստեղծվի բնության և շրջակա միջավայրի դրամագլուխ։ Տնտեսվարողները տարեկան վճարումներ պետք է կատարեն դրամագլխին։ Դրամագլխի գումարները պետք է ծախսվեն ռեկուլտիվացիոն աշխատանքների նպատակով։ Եթե տնտեսվարողը չի կատարում ռեկուլտիվացիոն աշխատանքները, ապա լիազոր մարմինն է կատարում այդ աշխատանքները՝ դրամագլխի միջոցներով։ Եթե տնտեսվարողը կատարում է ռեկուլտիվացիա, ապա դրամագլուխը հատուցում է կատարված ծախսերը։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից տեղեկացանք, որ նման պրակտիկա չկա, որ լիազոր մարմինն իրականացնի ռեկուլտիվացիոն աշխատանքները։

Որպես վերջաբան արձանագրենք, որ ոչ պատշաճ վերահսկողության պատճառով գյուղատնտեսական հողատարածքները տարեցտարի նահանջում են՝ իրենց տեղը զիջելով ճահճուտներին ու ավերակներին։
Հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ ՝ «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցում» ծրագրի շրջանակներում։ Բովանդակության համար պատասխանատվություն է կրում "ԱԼՏ" հեռուստախմբագրությունը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Made on
Tilda