ԾԱԿ ԳՈւԼՊԱՅՈՎ
ԲՆԱԳԱՎԱՌԸ ՉԻ
ԶԱՐԳԱՆԱ
Վիճակագրական կոմիտեի պաշտոնական տվյալներով, Հայաստանի գյուղատնտեսությունը վերջին 6 տարիների ընթացքում արձանագրել է 18,4 տոկոս անկում, իսկ միայն բուսաբուծության անկումը կազմում է 34,1 տոկոս։ Ստացվում է այնպես, որ անկման մտահոգիչ ցուցանիշները միայն գյուղացուն են մտահոգում։
Արմավիրի մարզում եղանակային բարենպաստ պայմանները թույլ են տվել գյուղացուն սկսելու վաղ գարնանային նախապատրաստական աշխատանքները։ Արմավիրի մարզի Գեղակերտ գյուղի բնակիչ Լյուդվիկ Ավետիսյանի խոսքով, պատրաստվում է կարտոֆիլ ցանել, սակայն հույս չունի, որ արդյունք կստանա։ Լյուդվիկն իր մտահոգությունները պարզաբանեց պարզ հաշվարկներով, մասնավորապես՝ բանվորական ուժը 6 հազարից դարձել է 8 հազար, պարարտանյութը 7-8 հազար դրամից դարձել է 25 հազար, մի 2 ամսից հասկանալի կդառնա, թե թունաքիմիկատը որքան կթանկանա։ Նման թանկացումների պայմաններում, եթե 30 տոննա բերք ստանա, 150 դրամից պակաս իրացնելու դեպքում վնասով դուրս կգա։ Լյուդվիկն այս հաշվարկը կատարում է այն պարարագայում, եթե տարին բարենպաստ լինի, բայց եթե սերմացուն վատը լինի, համաճարակ բռնկվի դաշտում կամ բնական աղետ լինի, մյուս տարի բահը ձեռքը չի վերցնի։
Արմավիր գյուղի բնակիչ Հեղինե Կարապետյանն էլ նույն դժգոհությունն ունի թանկացումների վերաբերյալ։ Հեղինեի մեկնաբանությամբ, ամեն տարի այս ժամանակ արդեն պարարտանյութը գնած էր լինում։ Այս տարի 25 հազարով պարարտանյութ չի գնի, թող բերք պակաս ստանա։ Հեղինեի համոզմամբ, տուժողը քաղաքացին է լինելու, որ թանկ գնով գյուղմթերք է գնելու։
Հայաստանի գյուղատնտեսության փորձությունները պարբերաբար փոփոխությունների են ենթարկվում՝ բնական աղետներից սկսած մինչև իրացման խնդիրներ։ Բնագավառը չի կարողանում տարին հաղթահարել առանց փորձությունների և անլուծելի խնդիրների։ Դրա վկայությունն են վերջին 6 տարիների գյուղատնտեսության տնտեսական ցուցանիշները։
Գյուղատնտեսության տնտեսական ցուցանիշների անկումը բազմաթիվ տեսանելի և անտեսանելի պատճառներ ունի։ Եթե տեսանելի են ոռոգման ջրի կամ իրացման խնդիրները, ապա նույնը չի կարելի ասել բերքատվության նվազման մասին, ինչը բարձրացնում է գյուղմթերքի ինքնարժեքը։
Տաս տարի է, ՀՀ իշխանությունները որոշ կոսմետիկ փոփոխություններով իրականացնում են մեկ տասնյակից ավելի գյուղատնտեսության պետական աջակցության ծրագրեր, սակայն դրանց էֆեկտիվությունը շատ ցածր է։ Ասվածը հիմնավորելու համար բերենք օրինակներ Արմավիրի մարզի գյուղացիական տնտեսություններից։
Արմավիրի մարզում գյուղատնտեսական նշանակության հողերի ծավալը կազմում է 55,1 հազար հեկտար, գյուղատնտեսության մեջ ներգրավված են մոտ 60 հազար տնտեսություններ։
Պետությունը գյուղացիական տնտեսություններին առաջարկում է սուբսիդավորել ինտենսիվ մրգատու այգիներ հիմնելու համար վերցված վարկերի տարեկան տոկոսադրույքի մեծ մասը։ Գյուղացիական տնտեսությունները վերապահումով են վերաբերվում ինտենսիվ այգիներին՝ պատճառաբանելով, որ չի արդարացնում։ Գյուղատնտեսական գիտությունների թեկնածու Հենրիկ Ալեքսանյանի մեկնաբանությամբ, տարածաշրջանի գյուղատնտեսական հողերն ամբողջովին սնանկացած են և ի վիճակի չեն սնելու ինտենսիվ այգիներին։ Մյուս կողմից, ըստ մասնագետների, արտերկրից ներկրված ծառատեսակները չեն հարմարվում մեր երկրի բնակլիմայական պայմաններին։ Արմավիրի մարզում 2020, 2021 թվականներին պետական աջակցության այս ծրագրով հիմնվել է համապատասխանաբար 181 և 921 հա ինտենսիվ այգի, այն էլ՝ մեծ հողակտոր ձեռք բերված հողատարածքներում։
ՀՀ իշխանությունների ամենատարեց գյուղատնտեսության օժանդակության ծրագիրը, որով փորձ է կատարվում լուծելու ոռոգման ջրի խնդիրը, անցումն է կաթիլային ոռոգման։ 2020 թվականին հաջողվել է ծրագիրն իրականացնել ընդամենը 157,2 հա տարածքում, իսկ 2021 թվականին, ըստ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության պաշտոնական թվերի, մարզում զրոյական ցուցանիշ ունի։
Արդեն մի քանի տարի է, պետական աջակցության ծրագրերի ցանկում է ջերմատների կառուցման համար վարկային տարեկան տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը։ 2020 թվականին ծրագրից օգտվող չի եղել, իսկ 2021 թվականին ծրագրից օգտվել է մեկ տնտեսություն։ Արմավիրի մարզում շատ ջերմատներ անգործության են մատնված։
Խնդիրը կայանում է նրանում, որ թանկ էներգակիրներով ստացված գյուղատնտեսական մթերքի բարձր ինքնարժեքը արտաքին շուկայում սպառվելու զրոյական շանս ունի։ Այս ռիսկին տեղյակ են նաև գյուղացիական տնտեսությունները, և այս ծրագիրը դուրս է իրենց օրակարգից։ Մեծ վնասներից խուսափելու նպատակով գյուղացին գերադասում է նվազագույն ծախսերով կառուցել ինքնաշեն ջերմոցներ։
Կարկտապաշտպան ցանցերը, մոտ 10 տարի է, շրջանառության մեջ են դրվել։ Այս ծրագրի մեկնարկով սառեցվեց հակակարկտային համակարգերի ներդրման ծրագիրը։ Այս ծրագրի արդյունավետությունը Արմավիրի մարզում զրոյական է։ Պարզ թվաբանությամբ գյուղացին եկել է այն եզրակացության, որ ավելի լավ է 5 տարին մեկ անգամ 100 տոկոսով կարկտահարվի իր մշակաբույսը, քան, հսկայական գումարներ ծախսելով, ներդնի կարկտապաշտպան ցանցեր։ Դա այն պարագայում, երբ կարկուտի ռիսկը, հատկապես վերջին 10 տարիների տեղումների նվազման ֆոնին, նվազագույն է։
Երրորդ տարին է փորձաշրջան է անցնում գյուղատնտեսության ապահովագրության ծրագիրը։ 2020 և 2021 թվականներին ծրագրից օգտվել են համապատասխանաբար՝ 610 և 955 գյուղացիական տնտեսություններ։ Ծրագրի էֆեկտիվությունը Արմավիրի մարզում կազմում է 1,3 տոկոս։ 2022 թվականին ապահովագրական ընկերություններն ավելացրեցին ապահովագրվող կուլտուրաների ցանկը՝ հասցնելով 12-ի։ Այս ծրագիրը հատուցում է միայն բնական աղետների հետևանքով գյուղացու կրած վնասների մի մասը։ Սակայն ապահովագրող ընկերությունների բնական աղետների ցանկում չկա «երաշտ» կամ «սակավաջուր տարի» եզրույթները, որոնք ավելի հաճախ են լինում։
Պետական աջակցության ծրագրերի ամենամեծ խոչընդոտը թաքնված է գյուղացի-բանկ հարաբերությունների մեջ։ Անկախ պետական ծրագրերի կարևորությունից՝ վերջին խոսքը բանկինն է։
Էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսության խորհրդատվության և նորարարության մոնիթորինգի վարչության Արմավիրի մարզային բաժնի պետ Արզուման Տոնոյանի մեկնաբանությամբ, պետական աջակցության ծրագրերից օգտվել ցանկացողները շատ են, սակայն գյուղացիական տնտեսությունների վարկային պատմությունը հնարավորություն չի տալիս օգտվելու այդ ծրագրից։

Գյուղատնտեսության անկումային ցուցանիշների կամ պետական աջակցության ծրագրերի իրականացման ցածր ցուցանիշների պատճառների վերաբերյալ մասնագիտական վերլուծությունները բացակայում են։ Միամտություն կլինի կարծել, որ, առանց վերլուծության և առաջընթացի ռազմավարության մշակման, բնագավառը կարող է առաջընթաց գրանցել։ Գոնե երկրի պարենային անվտանգության հրամայականը պետք է բնագավառի պատասխանատուներին պարտադրի մասնագիտական մոտեցում ցուցաբերել գյուղատնտեսության նկատմամբ և դինամիկ դարձնել պետական աջակցության ծրագրերի ցանկը։
Made on
Tilda