Արմավիրի մարզի Վանանդ գյուղի բնակիչ Պայքար Հակոբյանը, արդեն 10 տարի է, գյուղում հասարակական տրանսպորտ չի տեսել, անձնական օգտագործման մեքենա չունի, գյուղից որևէ հարցով դուրս գալու համար պետք է ժամերով ավտոճանապարհին կանգնի և հուսա, որ ծանոթներից մեկը մեքենայով կկանգնի ու իրեն տեղ կհասցնի։ Նրա խոսքով, մինչ համայնքների խոշորացումը անհրաժեշտ էր լինում միայն մարզկենտրոն գնալ, ասենք՝ բժշկական կենտրոն կամ մարզպետարան։ Այսօր ամեն ինչ ավելի է բարդացել։ Առաջ եթե գյուղից մեկը, ասենք, մայրաքաղաք էր գնում, նրա հետ հասնում էինք մինչև Արմավիր։ Այսօր արդեն անհրաժեշտ է Արմավիրից հասնել նաև խոշորացված համայնքապետարան, որը Բաղրամյանում է գտնվում։ Պայքարի հաշվարկով, եթե շտապ գործ ունենա համայնքապետարանում, տաքսիով գնալ-գալու համար առնվազն 7 հազար դրամ կծախսի։
Արմավիրի մարզի՝ հատկապես սահմանամերձ բնակավայրերի, բնակիչների համար հասարակական տրանսպորտով տեղաշարժվելու մեծ խնդիր կա։ Իրավիճակն ավելի է սրվում գյուղատնտեսական սեզոնին, երբ գյուղացիները զբաղված են գյուղատնտեսական աշխատանքներով և չեն կարող ընդառաջել հարևաններին կամ բարեկամին մարզկենտրոն կամ համայնքապետարան տեղափոխելու հարցում։
Օրինակ, Կողբավան գյուղում ո՛չ դպրոց կա, ո՛չ խանութ, ո՛չ Հայփոստի բաժանմունք, ո՛չ էլ բուժկետ։ Արտաքին աշխարհի հետ շփվելու միակ տարբերակը հասարակական տրանսպորտն է, որը նույնպես գոյություն չունի։ Բնակիչների խոսքով, գյուղից դուրս գալը մի կերպ ստացվում է՝ համաձայնեցնում են հարևանների հետ, ովքեր ավտոմեքենա ունեն, միասին դուրս գալիս։ Խնդիրը գյուղ վերադառնալն է։ Երկու տարբերակ կա՝ կամ օգտվել տաքսի ծառայությունից, որի հնարավորությունը ոչ բոլորն ունեն, կամ` ոտքով հասնել տուն։
Բաղրամյան միավորված համայնքի ղեկավար Շանթ Առաքելյանը հասցրել է ծանոթանալ խնդրին։ Իր խոսքով, միջգյուղական տրանսպորտի կարգավորումները համայնքի լիազորություններից դուրս է։ Խնդիրը ներկայացրել են մարզպետարան, բայց մարզպետարանն էլ նման լիազորություն չունի։